Նոյեմբեր 12, 2026
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պահում է փակուղում՝ պահպանելով քաղաքական շփումները, բայց շարունակելով փակ պահել սահմանը և չհաստատելով դիվանագիտական հարաբերություններ:
Հայաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի հանդիպումները, պաշտոնական բանակցությունները, տարածաշրջանային նախագծերի շուրջ քննարկումներն կարծես դարձել են սովորական դիվանագիտական պրակտիկա։ Սակայն այս ամբողջ ակտիվության պայմաններում երկու երկրների միջև շարունակում են բացակայել դիվանագիտական հարաբերությունները, իսկ ցամաքային սահմանը մնում է փակ։
Նոյեմբերի 11-ին Անթալիայում Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց այս երկակիությունը։ Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորումը, տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակումն ու TRIPP նախագծի իրականացումը, ընդգծել գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։
Բայց կրկին բաց է մնում գլխավոր հարցը՝ ե՞րբ են այդ քննարկումները վերածվելու երկու պետությունների միջև իրական, իրավական և քաղաքական առումով լիարժեք հարաբերությունների, եթե, իհարկե, դրանք հնարավոր են, և ինչո՞ւ արդեն իսկ դա տեղի չի ունեցել, կամ ի՞նչ է պաշտոնական Երևանը քննարկում մի երկրի հետ, որի հետ հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, ինչո՞ւ է Երևանը ԹՐԻՓՓ պրոյեկտը քննարկում Թուրքիայի հետ, եթե Թուրքիան շարունակում է թշնամական շրջափակման քաղաքականությունը։
Այս հակասությունը հատկապես ցայտուն դարձավ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո։ Նրա խոսքով՝ Թուրքիան ավարտել է Ալիջանի ավտոճանապարհային անցակետի և երկաթուղային հաղորդակցության բացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։ Այսինքն՝ Անկարան փաստացի ընդունում է, որ տեխնիկական խոչընդոտներն այլևս վճռորոշ չեն, և սահմանը բացելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները պատրաստ են։
Սակայն դրան հաջորդում է քաղաքական վերապահումը. Թուրքիայի նախարարը շեշտում է, որ գործընթացը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնությունից՝ հաշվի առնելով Բաքվի դիրքորոշումը։ Սա չափազանց կարևոր քաղաքական արձանագրում է։
Թուրքիան, որը Հայաստանի անկախությունը ճանաչել է դեռևս 1991 թվականին, բայց 1993-ին միակողմանիորեն փակել է ցամաքային սահմանը, ավելի քան երեք տասնամյակ անց էլ Հայաստանի հետ սահմանային հարաբերությունների հարցը չի դիտարկում որպես բացառապես իր և Հայաստանի միջև որոշման առարկա։ Ավելին՝ Անկարան ինքն է հայտարարում տեխնիկական պատրաստվածության մասին, բայց քաղաքական որոշումը փաստացի պայմանավորում է Ադրբեջանի դիրքորոշմամբ։
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, անդրադառնալով խնդրին, ասաց, որ խնդիրը միայն այն չէ, որ Թուրքիան չի բացում սահմանը, ավելի խորքային խնդիրն այն քաղաքական վերաբերմունքն է, որն արտահայտվում է այդ որոշման շարունակական հետաձգմամբ։
Նրա որակմամբ, երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը ենթադրում է երկկողմ պայմանավորվածությունների կատարում, սակայն Անկարան փաստացի հրաժարվում է այս տրամաբանությունից՝ հայ-թուրքական հարաբերությունները ներառելով Ադրբեջանի հետ իր համաձայնեցումների շրջանակում։
«2022 թվականին պայմանավորվել էին հնարավորինս շուտ բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Այդ պայմանավորվածությունը մինչև այժմ չի իրականացվել։ Միաժամանակ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար էլեկտրոնային վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը։
Այսինքն՝ որոշ սահմանափակ գործնական քայլեր իրականացվում են, բայց սահմանի իրական բացում ու դիվանագիտական հարաբերությունների հաստատում չկա։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ Անկարան կարող է կատարել այնպիսի քայլեր, որոնք չեն փոխում հարաբերությունների քաղաքական էությունը՝ հետաձգելով ամենակարևոր որոշումները։ Եվ ամենահետաքրքրականն այն է, որ թուրք պաշտոնյաները նույնիսկ չեն փորձում թաքցնել սա ու սա ընդունելի է հայկական կողմի համար։
Հիշում եք, երբ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարեց, թե Անկարան պատրաստ կլինի կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը, նա բացահայտորեն դա հիմնավորեց՝ նշելով, որ եթե Թուրքիան հիմա կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, Երևանը կկորցնի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ շարժառիթը։
Ստացվում է՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը և հարաբերությունների կարգավորումը դիտարկում է՝ որպես Երևանի վրա ազդեցության լծակ՝ Ադրբեջանի հետ բանակցություններում։
Այս իրավիճակում Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը ևս հայտնվում է հայ-թուրքական կարգավորման ավելի լայն քաղաքական շղթայում, Անկարան շարունակում է իր հարաբերությունների ապագան կապել մի գործընթացի հետ, որի օրակարգում Բաքուն առաջ է մղում Սահմանադրության փոփոխության պահանջը»,- մեկնաբանեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Վերլուծաբանի կարծիքով՝ այս քաղաքականության աշխարհաքաղաքական նշանակությունն առավել տեսանելի է դառնում տարածաշրջանային հաղորդակցությունների և TRIPP նախագծի համատեքստում։
«Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում երկու կողմերն անդրադարձել են հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ «Թրամփի ուղի» պրոյեկտի իրականացման գործընթացին։ Այսինքն՝ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Հայաստանի տարածքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապագայի քննարկումներում և շահագրգռված է դրանցից բխող տնտեսական ու ռազմավարական հնարավորություններով։
Անկարան պատրաստ է քննարկել Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային նախագծերը, բայց չի շտապում բացել իր սահմանը Հայաստանի հետ։
Ավելին՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման մասին խոսակցություններին զուգահեռ՝ պահպանում է Հայաստանի նկատմամբ սահմանափակող քաղաքականությունը։ Սա Անկարային թույլ է տալիս միաժամանակ հավակնել տարածաշրջանային կապակցվածության գործընթացի ակտիվ մասնակցի դերին և պահպանել Հայաստանի հետ հարաբերություններում քաղաքական առավելության դիրքը։
Ուստի հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը դժվար է բնութագրել պարզապես որպես դանդաղ ընթացող կարգավորման գործընթաց։ Սա մի քաղաքական մոդել է, որտեղ Թուրքիան ցանկանում է ունենալ Հայաստանի հետ ակտիվ շփումներ՝ առանց ստանձնելու լիարժեք հարաբերությունների հաստատումից բխող պարտավորությունները։
Անկարան օգտվում է երկխոսությունից, մասնակցում տարածաշրջանային օրակարգի ձևավորմանը, քննարկում տնտեսական և հաղորդակցային նախագծերը, բայց շարունակում է փակ պահել սահմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորել Բաքվի հետ պայմանավորվածություններով։
Սա, բնականաբար, երկու հարևան պետությունների միջև հավասարազոր հարաբերություններ չէ, սա ցույց է տալիս, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները դեռևս ինքնուրույն երկկողմ քաղաքական ուղղություն չեն, այլ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության ածանցյալ։ Թուրքիան պատրաստ է խոսել հարաբերությունների ապագայից, բայց այդ ապագան որոշելու իրավունքը վերապահում է իրեն՝ այն ենթարկելով նաև Բաքվի օրակարգին»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Eduard Nalbandian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/12/%d5%a1%d5%af%d5%bf%d5%ab%d5%be-%d5%a5%d6%80%d5%af%d5%ad%d5%b8%d5%bd%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%9d-%d6%83%d5%a1%d5%af-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/