Նոյեմբեր 12, 2026
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու նախաձեռնությունը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ավելի լայն գործընթացների համատեքստում տեղի ունեցող երևույթ է։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանի՝ ավելի քան երկու տարվա անդամավճարի պարտքի պատճառով կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման նախագիծ կներկայացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, հնչում է հայ-ռուսական հարաբերությունների համար զգայուն ժամանակահատվածում։
Կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման հարցը դուրս է գալիս զուտ ֆինանսական պարտավորությունների շրջանակից և դառնում պարզապես Երևանի ու Մոսկվայի միջև կուտակված քաղաքական տարաձայնությունների հերթական դրսևորումը։
Հատկանշական է, որ այս զարգացումները նախորդում են Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում սպասվող հանդիպմանը, որի ընթացքում կողմերը պետք է անդրադառնան երկկողմ հարաբերություններին և համագործակցության առանցքային հարցերին։ Թեև հանդիպման հստակ ամսաթիվը դեռ հայտարարված չէ, դրա նախապատրաստման ֆոնին ՀԱՊԿ-ի հարցի բարձրացումը լրացուցիչ քաղաքական նշանակություն է ստանում։
Մոսկվայի ուղերձները, սակայն, չեն սահմանափակվում ՀԱՊԿ-ով։ Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը բավական հստակ բարձրացրել էր Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի և ԵԱՏՄ-ում երկրի հետագա ներկայության համատեղելիության հարցը։
Պուտինի գնահատմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը կարող է հանգեցնել ԵԱՏՄ շուկայում երկրի ունեցած առավելությունների կորստին և խաթարել ձևավորված տնտեսական կապերը։ Նա նաև ընդգծել էր, որ Մոսկվային անհրաժեշտ է հստակություն Հայաստանի հետագա տնտեսական կողմնորոշման վերաբերյալ։
Փաշինյանն իր հերթին պնդել էր, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում, և որ Հայաստանը դեռևս նման պաշտոնական ծանուցում չի ներկայացրել։ Այս երկխոսությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի համար Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության հարցն արդեն ոչ միայն քաղաքական, այլև կոնկրետ տնտեսական հաշվարկների առարկա է։
Մոսկվայում սպասվող բանակցությունների տնտեսական բաղադրիչը հատկապես կարևոր է դառնում ԵԱՏՄ-ի դեկտեմբերյան գագաթնաժողովի նախաշեմին։ Հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը պատրաստել են զեկույց՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։
Փաստաթուղթը նախատեսվում է ներկայացնել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների քննարկմանը։ Զեկույցում ուսումնասիրվում են Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի և ԵԱՏՄ իրավական պարտավորությունների համատեղելիությունը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տնտեսական միության պայմանագրի կիրառման հնարավոր կասեցման հետևանքները։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Մոսկվայի և գործընկեր երկրների օրակարգում արդեն առկա է ոչ միայն Հայաստանի քաղաքական կողմնորոշման, այլև դրա հնարավոր տնտեսական հետևանքների հարցը։ Հետևաբար, դեկտեմբերյան գագաթնաժողովը կարող է կարևոր հանգրվան դառնալ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների հարաբերություններում։
Այս համատեքստում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ զարգացումները թեև իրավական առումով տարբեր գործընթացներ են, սակայն քաղաքական առումով փոխկապակցված են։ Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին, բայց պաշտոնապես չի սկսել կազմակերպությունից դուրս գալու գործընթացը։
Նույնը վերաբերում է ԵԱՏՄ-ին. Երևանը շարունակում է անդամակցությունը և առայժմ չի ներկայացրել դուրս գալու մասին ծանուցում, ավելին՝ հայտարարելով եվրաինտեգրացիայի ցանկության մասին, ՀՀ իշխանությունը չի ցանկանում լքել ԵԱՏՄ-ն։ Լավրովն իր հայտարարության մեջ հատուկ ընդգծել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պաշտոնական հայտ չի ներկայացրել։
Սակայն Մոսկվայի մոտեցումներում նկատելի է մի կարևոր շեշտադրում. եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ն այլևս չի համապատասխանում երկրի անվտանգության շահերին, ապա պետք է որոշում կայացնեն կազմակերպությունում իրենց հետագա կարգավիճակի վերաբերյալ։ Նման տրամաբանություն Ռուսաստանը կիրառում է նաև տնտեսական ինտեգրման հարցում՝ ընդգծելով, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելու հնարավորությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու։
Հայաստանի համար այս իրավիճակը բազմաշերտ մարտահրավեր է։ Մի կողմից՝ Երևանը դժգոհ է ՀԱՊԿ-ի վարքագծից և դաշնակցային պարտավորություններից, մյուս կողմից՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկը։
Սեպտեմբերյան հանդիպման ժամանակ Պուտինը նշել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար, իսկ ԵԱՏՄ շուկային բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36 տոկոսը՝ ըստ ռուսական կողմի ներկայացրած տվյալների։ Սա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերությունների վերանայումը չի կարող սահմանափակվել միայն անվտանգության քաղաքականությամբ։
Այն առնչվում է նաև առևտրին, էներգետիկային, տրանսպորտին, ռուսական կապիտալի ներկայությանը և աշխատաշուկային։ Հետևաբար, Հայաստանի եվրոպական ուղղությամբ առաջընթացի ցանկացած քայլ պահանջում է նաև այդ տնտեսական փոխկապակցվածության հնարավոր հետևանքների հաշվարկ։
Այսպիսով, ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի սահմանափակման նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես հայ-ռուսական հարաբերությունների վերաձևավորման ավելի լայն գործընթացի մաս, որի հաջորդ կարևոր հանգրվանները կարող են լինել Փաշինյան-Պուտին բանակցությունները և ԵԱՏՄ դեկտեմբերյան գագաթնաժողովը։ Սակայն այս զարգացումները դեռևս չեն նշանակում, որ Մոսկվան որոշել է Հայաստանի հետ հարաբերությունները տեղափոխել առճակատման կամ տնտեսական ճնշման նոր փուլ։
Դրանք ցույց են տալիս, որ Ռուսաստանը ցանկանում է հստակություն ստանալ Երևանի արտաքին քաղաքական և տնտեսական հետագա ընտրությունների վերաբերյալ, մինչդեռ Հայաստանը փորձում է պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ միաժամանակ ընդլայնելով այլընտրանքային գործընկերությունների հնարավորությունները։ Առաջիկա բանակցությունների կարևոր հարցը, ըստ էության, լինելու է այն, թե արդյո՞ք կողմերը կկարողանան փոխըմբռնում ձեռք բերել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման ապագայի վրա, թե՞ իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում էլ ավելի կսրվի։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Hambardsumian Paul. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/12/%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%ab%d6%81-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-%d5%a5%d5%a1%d5%bf%d5%b4%e2%80%a4-%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d6%85%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%b8%d5%be-%d5%a5%d5%b6/