«Ժնևի գրասենյակի միջոցով տարբեր մակարդակներում երկխոսություն է տեղի ունենում,

Նոյեմբեր 9, 2026

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները միակն էին, որ ամիսը մեկ անգամ այցելում էին Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովում նրանց և հարազատների միջև կապը։

168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ այս տարի Կարմիր խաչի Ժնևի գրասենյակի կողմից Բաքվում պահվող անձանց որևէ այց չի եղել։

«Ժնևի գրասենյակի միջոցով տարբեր մակարդակներում թեև երկխոսություն է տեղի ունենում, սակայն դեռևս նման հնարավորություն չենք ունեցել։ Հարցը մեր օրակարգում է, սակայն որևէ հաստատում դեռևս չունենք»,- նշեց նա։

Զառա Ամատունուց նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք Կարմիր խաչի գրասենյակից այս ընթացքում այցելե՞լ են հոկտեմբերի 1-ին ՀՀ սահմանն ապօրինի հատած և Շաքիում հայ կնոջն ու նրա երեխաներին զենքի գործադրմամբ վիրավորում պատճառած ադրբեջանցի զինվորին։

Կարդացեք նաև

  • «Ադրբեջանական կողմի հետ կապված տեղեկատվություն չունենք, այստեղի պատկան մարմինների հետ ենք կապի մեջ». Զառա Ամատունի
  • Ո՞նց ենք դուրս գալու էս ավանտյուրայի տակից. եթե ինձ ասեն՝ ԱԳՆ-ն քո տրամադրության տակ է, սրանց քանդածը հավաքիր, կնստեմ, կլացեմ. Աբրահամ Գասպարյան
  • Փաշինյանին շտապեցնում են․ Ալիևի՝ հայ հանրության հետ ակտիվ աշխատելու հանձնարարականը գործի է դրվում

Ի պատասխան մեր հարցի՝ Զառա Ամատունին ասաց.

«Պատկան մարմինների հետ քննարկում ունենում ենք, սակայն անձին դեռևս այց չի եղել, այս պահին սա է տեղեկատվությունը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, որտեղ կրակել էր տանտիրուհու՝ Անի Ավետիսյանի  ուղղությամբ, որից հետո կինը ստացել էր տարբեր վնասվածքներ, զենքով սպառնացել էր նաև նրա անչափահաս երեխաներին։ Կոտրվածք էր ստացել նաև Անի Ավետիսյանի անչափահաս տղան: Այս ամենից հետո Մուսաևը դիմել էր փախուստի, հետո նա հայտնաբերվել էր ու 2 ամսով կալանավորվել։

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով:

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի արձակած կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը հիվանդանոցում է, նա ենթարկվել է վիրահատության։ Նրան դեռ մի քանի բարդ վիրահատություններ ևս սպասում են։ Նրա երկու անչափահաս երեխաներից տղան ևս վիրավորում էր ստացել, իսկ աղջիկը հոգեբանական ծանր վիճակում է։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսված պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Նշենք նաև, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակվել է Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ 2025 թ. սեպտեմբերի 3-ին։ Մարդասիրական կազմակերպությունն Ադրբեջանում աշխատել էր ավելի քան 30 տարի։ Կարմիր խաչի գրասենյակի փակվելը մեծ խնդրի առաջ կանգնեցրեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, պատանդների ընտանիքներին, քանի որ նրանց հետ շփումը կազմակերպվում էր Կարմիր խաչի միջոցով։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/10/%d5%aa%d5%b6%d6%87%d5%ab-%d5%a3%d6%80%d5%a1%d5%bd%d5%a5%d5%b6%d5%b5%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b8%d5%be-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a2%d5%a5%d6%80-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply