Նոյեմբեր 9, 2026
Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները միակն էին, որ ամիսը մեկ անգամ այցելում էին Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովում նրանց և հարազատների միջև կապը։
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ այս տարի Կարմիր խաչի Ժնևի գրասենյակի կողմից Բաքվում պահվող անձանց որևէ այց չի եղել։
«Ժնևի գրասենյակի միջոցով տարբեր մակարդակներում թեև երկխոսություն է տեղի ունենում, սակայն դեռևս նման հնարավորություն չենք ունեցել։ Հարցը մեր օրակարգում է, սակայն որևէ հաստատում դեռևս չունենք»,- նշեց նա։
Զառա Ամատունուց նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք Կարմիր խաչի գրասենյակից այս ընթացքում այցելե՞լ են հոկտեմբերի 1-ին ՀՀ սահմանն ապօրինի հատած և Շաքիում հայ կնոջն ու նրա երեխաներին զենքի գործադրմամբ վիրավորում պատճառած ադրբեջանցի զինվորին։
Ի պատասխան մեր հարցի՝ Զառա Ամատունին ասաց.
«Պատկան մարմինների հետ քննարկում ունենում ենք, սակայն անձին դեռևս այց չի եղել, այս պահին սա է տեղեկատվությունը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, որտեղ կրակել էր տանտիրուհու՝ Անի Ավետիսյանի ուղղությամբ, որից հետո կինը ստացել էր տարբեր վնասվածքներ, զենքով սպառնացել էր նաև նրա անչափահաս երեխաներին։ Կոտրվածք էր ստացել նաև Անի Ավետիսյանի անչափահաս տղան: Այս ամենից հետո Մուսաևը դիմել էր փախուստի, հետո նա հայտնաբերվել էր ու 2 ամսով կալանավորվել։
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով:
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի արձակած կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը հիվանդանոցում է, նա ենթարկվել է վիրահատության։ Նրան դեռ մի քանի բարդ վիրահատություններ ևս սպասում են։ Նրա երկու անչափահաս երեխաներից տղան ևս վիրավորում էր ստացել, իսկ աղջիկը հոգեբանական ծանր վիճակում է։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսված պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Նշենք նաև, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակվել է Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ 2025 թ. սեպտեմբերի 3-ին։ Մարդասիրական կազմակերպությունն Ադրբեջանում աշխատել էր ավելի քան 30 տարի։ Կարմիր խաչի գրասենյակի փակվելը մեծ խնդրի առաջ կանգնեցրեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, պատանդների ընտանիքներին, քանի որ նրանց հետ շփումը կազմակերպվում էր Կարմիր խաչի միջոցով։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/10/%d5%aa%d5%b6%d6%87%d5%ab-%d5%a3%d6%80%d5%a1%d5%bd%d5%a5%d5%b6%d5%b5%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b8%d5%be-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a2%d5%a5%d6%80-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1/