Շուշիից հնչած մեսիջներն ու կադրից դուրս մնացած գեներալները․ ի՞նչ մեսիջներով է

Նոյեմբեր 9, 2026

«Թուրքական «սպեցնազը»՝ 44-օրյա պատերազմում և Շուշիում․ ի՞նչ փաստեր կան տեղաշարժերի և այցերի մասին» վերտառությամբ հոդվածում և դրանից առաջ գրել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը:

Պատմությունը կրկնվում է. նոյեմբերի 8-ը 6 տարի անց, ի՞նչ մեսիջներով էր Էրդողանը գնացել Շուշի

Եվ Շուշին գրավելու Ադրբեջանի համար ճակատագրական վերջին պահին՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Աքարն արդեն Բաքվում էր, նրա հետ էրայդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որի «ծառայությունն» Ադրբեջանին վերջերս հիշել էին Բաքվում:

Կարդացեք նաև

  • ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է. ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ
  • «Փաշինյանը «Չարի վերջի» կկվի նման պատրաստ է մինչև վերջին հողակտորը հանձնի Ադրբեջանին, միայն թե Ալիևը պատերազմ չսկսի». Արմինե Ադիբեկյան
  • Հայաստանի «զինաթափվող» անվտանգությունը՝ Նախիջևանի հզորացող ռազմական ներուժի դիմաց․ ո՞ւր են տանում ԱԽ քարտուղարի հաշվարկները

Իսկ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը որոշ խոստովանություններ էր արել՝ «նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել՝ ինչպես կավարտվի պատերազմը»:

Թե ինչ եղավ հետո, վկան՝ 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, որը Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր «կադրից դուրս», և որն Ալիևը համարում է կապիտուլյացիայի փաստաթուղթ: Իհարկե, ամեն դեպքում, հաջողվել էր որոշ չափով պահպանել հայկական Արցախը, և այն ավելին կլիներ, եթե բանակի պահած կարևոր տարածքները չհանձնվեին թղթով: Բայց այսօր քննարկման նյութը սրա մասին չէ:

2026 թվականի նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկօրյա այց է կատարել Ադրբեջան, որի ընթացքում օկուպացված Շուշիում առանձնազրույց ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:

Էրդողանի հետ Շուշի էր այցելել Թուրքիայի պաշտպանության գործող նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) գործող ղեկավար Իբրահիմ Քալընը, 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի ազգային հետախուզությունը ղեկավարած Հաքան Ֆիդանը, որն այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

Այսինքն, եթե վերանանք անձերից` 2020 թ. պատերազմի ժամանակ ովքեր են ղեկավարել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը և արտաքին հետախուզությունը, կարող ենք ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցություն ցուցաբերած և 2020 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանում Ալիևի հետ բանակցություններ վարած գերատեսչությունները ներկայացված են եղել Շուշիում ադրբեջանական հաղթանակի 6-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Հնարավոր է՝ Թուրքիայում ալիևյան ռեժիմի կողմից թիրախավորված թուրք քաղաքական և հասարակական գործիչները, փորձագիտական որոշ շրջանակներ Էրդողանի այցն Ադրբեջան համարեն դիվանագիտական ստորացում: Բայց ինչպես ասում են՝ Թուրքիայի նախագահն իր մեսիջներն ու հաշվարկներն ունի:

Առաջինը, ըստ էության, Էրդողանը փորձում է անընդհատ հիշեցնել, թե ում շնորհիվ է Բաքուն հաղթել 44-օրյա պատերազմում, ինչի՞ համար, ո՞վ է Թուրքիան: Այս մասին, հավանական է, որ Էրդողանը հասկացրել է Ալիևին Շուշիում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ, որից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ 44 օր Թուրքիան և Թուրքիայի ղեկավարն իրենց կողքին են եղել:

«Պատերազմի առաջին ժամերին Ձեր արած հայտարարությունը, ինչպես նաև ինձ հետ ունեցած հեռախոսազրույցը ողջ աշխարհին ցույց տվեցին, որ եղբայրական Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Ձեր հայտարարությունը մեզ լրացուցիչ ուժ տվեց, ոգևորեց մեզ։ Ձեր պատմական խոսքերը՝ «Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան նրա կողքին է», երբեք չեն մոռացվի։ Ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի և երախտապարտ է դրա համար անձամբ Ձեզ և եղբայրական թուրք ժողովրդին։ Ձեր ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունն էլ ավելի ամրապնդեց մեր ոգին: 44-օրյա Հայրենական պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց թուրք-ադրբեջանական միասնությունը։

Դրանից յոթ ամիս անց Շուշիում ստորագրվեց պատմական Շուշիի հռչակագիրը, ինչը պաշտոնապես մեր հարաբերությունները բարձրացրեց դաշնակցության մակարդակի, թեև մինչ այդ էլ մենք դաշնակիցներ էինք»,- նշել է Ալիևը, որը թեև ռազմական աջակցության մասին հատուկ չի շեշտել, սակայն ակնարկել է՝ չեն մոռանա, որ պատերազմում տարած հաղթանակի համար Թուրքիային պարտք են:

Այսինքն, Ալիևն Էրդողանի այցն ընկալել է որպես Բաքու-Անկարա միասնության ցուցադրություն, որը ոչ ոքի չի հաջողվի խաթարել, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը միասին են եղել անցյալում, միասին էին 44-օրյա պատերազմի ժամանակ, միասին կլինեն ապագայում:

«Կարծում եմ՝ հենց սա է այս պատմական այցի գլխավոր արդյունքը։ Մեզ միավորում են ընդհանուր պատմությունը, էթնիկ արմատները, լեզուն, գրականությունը, հոգևոր արժեքները։ Այսօր այդ ամուր հիմքի վրա են զարգանում նաև միջպետական հարաբերությունները»,- շարունակել է Ալիևը և հավելել, որ Թուրքիան և Ադրբեջանն ուժեղ են միասին:

«Այսօր իմ սիրելի եղբոր՝ հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարությամբ թուրքական պետությունը վերածվել է մեծ տերության, համաշխարհային մասշտաբի մեծ ուժ է։ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանային գործընթացներում, այլև համաշխարհային նշանակության հարցերի լուծման գործում։ Թուրքիայի ուժեղ տնտեսությունը, հզոր արդյունաբերական ներուժը և քաղաքական կշիռն այսօր իրողություն են, ինչը մեզ ուրախացնում և ուժ է տալիս։ Բայց Ադրբեջանը ևս վերջին տարիներին զարգացման մեծ ճանապարհ է անցել և այսօր վստահորեն առաջ է շարժվում այդ ճանապարհով։ Միասին մենք ավելի ուժեղ ենք։ Թուրք-ադրբեջանական միասնությունը կարևոր գործոն է աշխարհագրական ընդարձակ տարածքում։ Այն կայունության, համագործակցության և անվտանգության գործոն է»,- ընդգծել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի պնդման համատեքստում, թե երկու ժողովուրդներին և երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը, էթնիկ արմատները, լեզուն, գրականությունը, հոգևոր արժեքները, Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին նշել է, որ թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի լայն է, քան լեզվի, պատմության և մշակույթի ընդհանրության հասկացությունը: Այսինքն, թուրք-ադրբեջանական միասնությունն Էրդողանը կարևորել է Հարավային Կովկասում թուրքական դիրքերի ամրապնդման տրամաբանության մեջ:

«2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագիրը թուրք-ադրբեջանական եղբայրությունն ամրագրեց դաշնակցային կապերով։ Նրանք, ովքեր փորձում են թուլացնել մեր եղբայրությունը, երբեք չեն հասնի իրենց նպատակներին։ Այդպես է եղել, այդպես է և այդպես էլ կլինի։ Մեր միասնությունը հավերժական է լինելու։

Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի այս տեսլականը համընդհանուր ընկալում ունենա թյուրքական աշխարհում։ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) այսօր ձեռք բերած բարձր մակարդակը մեր համատեղ ջանքերի կոնկրետ արդյունքն է, ընդհանուր կամքի դրսևորումը։ Այս առնչությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանին՝ ԹՊԿ-ում նախագահության ընթացքում թյուրքական աշխարհի միասնության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ ԹՊԿ-ում իր նախագահության ընթացքում Թուրքիան ձգտելու է բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը և ամրապնդել դրա ինստիտուցիոնալ հիմքերը։ 44-օրյա պատերազմը Հարավային Կովկասի պատմության մեջ նոր էջ է բացել»,- ասել է թուրքական պետության ղեկավարը՝ ըստ էության, ակնարկելով, որ թուրք-ադրբեջանական լարվածությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թյուրքական պետությունների կազմակերպության, այսպես ասած, ներքին միջավայրի վրա և անդամ պետություններին դնել վատ դրության մեջ:

Իսկ սա Թուրքիան չի կարող թույլ տալ, քանի որ ԹՊԿ-ն Թուրքիայի ազդեցության գործիքն է Հարավային Կովկասում:

Ալիևի վախերը բանակից և փորձառու զինվորականությունից

Ալիև-Էրդողան նոյեմբերի 8-ի հանդիպումների համատեքստում ցանկանում ենք մի քանի կարևոր ռազմական-քաղաքական դրվագների վրա ուշադրություն հրավիրել:

Էրդողանի՝ Շուշի այցը ներկայացնող նյութերում և լուսանկարներում չէր երևում 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը մեծագույն ներդրում ունի ադրբեջանական հաղթանակում: Նա հիմա թուրքական խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է:

Բայց սա գուցե ինչ-ինչ առումով կարելի է հասկանալ, հատկապես, երբ թուրքական պաշտպանական գերատեսչությունը ներկայացված է եղել, իսկ Աքարն էլ X սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է Ադրբեջանին՝ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ դարձյալ ակնարկելով թուրքական դերակատարման մասին՝ «սա հավատի, եղբայրության և ուս ուսի տված պայքարի հաղթանակն է»: Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարն իր գրառմանը կցել է նաև տեսանյութ՝ թուրքական հատուկ նշանակության ուժերի դերակատարման և Ադրբեջան իր այցերի մասին, ինչին օրերս անդրադարձել ենք: 

Ավելի վաղ Հաքարը հայտարարել էր, որ Ադրբեջանի հաղթանակը, Շուշին վերցնելը թյուրքական աշխարհի հաղթանակն է:

Վերադառնանք խոստացված դրվագներին. 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակի առիթով Ադրբեջան, օկուպացված Շուշի եկած Էրդողանին դիմավորող ադրբեջանական բարձրաստիճան զինվորականության մեջ չկար երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի Հատուկ նշանակության ուժերի ղեկավար, այսօր Ցամաքային ուժերի հրամանատար-փոխնախարար Հիքմեթ Միրզոևը:

Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները տեղեկություն տարածեցին, թե Զաքիր Հասանովը բացակայել է կորոնավիրուսով վարակվելու պատճառով: Մինչդեռ դրանից ժամեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ երկրի ռազմական ղեկավար կազմն այցելել է Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել պատերազմում ընկածների հիշատակին, և նրանց թվում է եղել նաև նախարար Հասանովը:

Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է զոհվածների ընտանիքներին, նորածինների գրկել՝ առանց դիմակի: Հնարավոր է, որ ներքաղաքական նպատակներից ելնելով՝ Ալիևին անհրաժեշտ է եղել, որ Հասանովը մնա Բաքվում և չգնա Շուշի:

Ինչ վերաբերում է Հիքմեթ Միրզոևին, ապա, ինչպես նշեցինք, Շուշին վերցնելու մեջ ունենալով լուրջ դերակատարում, նա Շուշիում Էրդողանին դիմավորողների ցանկում չի եղել: Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ շեհիդների ընտանիքների հետ է հանդիպել: Ավելի ուշ Միրզոևը ներկա է եղել Էրդողանի հրաժեշտի երեկոյին և պատերազմի մասնակիցների պարգևատրման արարողությանը:

Բայց այստեղ էլ ուշագրավ դրվագ կա: 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի բանակի Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը, որն այսօր Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն է, առջևի շարքում չէր:

Մի զինվորական, ով մեծ ներդրում ունի ադրբեջանական Հատուկ նշանակության ուժերի զարգացման գործում, ով Ադրբեջանի բանակում լուրջ դերակատարում է ունեցել կադրային նշանակումների հարցում և պատերազմի մի շարք մասնակիցների հեռացրել է բանակից, և որի մասին մի ժամանակ ասում էին, թե պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինելու է Զաքիր Հասանովին:

Բայց Ալիևի պլաններում երևի ինչ-որ բան է փոխվել, և նա որոշել է առաջնակարգ տեղերը պահել Ադրբեջանի սահմանապահ ծառայության Արագ արձագանքման ուժերի ղեկավար, երիտասարդ գեներալ Բաբեկ Ալեքբերովի համար, որը նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից է՝ հարավային ուղղությամբ:

Ինչի՞ մասին է սա վկայում: Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ինչպես Էրդողանը, այնպես էլ Ալիևն ինչ-որ պահի սպառնալիք են տեսնում ուժեղ զինվորականներից, և նրանց պետք են հեշտ կառավարվողներ, վախենում են հեղաշրջումներից, ինչին մի առիթով մանրամասն անդրադարձել ենք, մասնավորապես՝ Էրդողանի քաղաքականությանը:

Չմոռանանք, որ 2021 թ. փետրվարի 25-ին ԳՇ հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց փոխել բանակում կառավարման մոդելը և ԳՇ պետին դարձնել պաշտպանության նախարարի տեղակալ, բայց որը նրան չի կարող փոխարինել:

Իսկ Ալիևը Ալիև չէր լինի, եթե Էրդողանի ներկայությամբ պատերազմի մասնակիցների պարգևատրմանը բացառապես Ադրբեջանի բանակին չվերագրեր «թշնամուն հաղթելու» կարողությունը, թեև լուրջ դերակատարում ունեցած գեներալներին երկրորդ պլանում էր պահել:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Arpi Talalian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/10/%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab%d5%ab%d6%81-%d5%b0%d5%b6%d5%b9%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%a5%d5%bd%d5%ab%d5%bb%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%af%d5%a1%d5%a4%d6%80%d5%ab%d6%81-%d5%a4%d5%b8%d6%82/

Leave a Reply