Նոյեմբեր 6, 2026
Արցախում 2020 թվականին սանձազերծված 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցության և թուրք գեներալների՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը փաստացի ղեկավարելու և ռազմական օպերացիաները պլանավորելու մասին բազմիցս գրել ենք:
6 տարի առաջ այս օրերին Շուշիի համար մարտեր էին մղվում, և Բաքվում նորից հիշել են ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի դերակատարման մասին՝ բերդաքաղաքը վերցնելու և առհասարակ պատերազմում հաղթանակի հասնելու հարցում:
Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտելով 44-օրյա պատերազմի ժամանակ հատուկ նշանակության ջոկատների «առանձնահատուկ հերոսությունը», հայտարարել էր, որ Ադրբեջանի բանակում հատուկ նշանակության ջոկատների թիվը պետք է ավելանա, որպեսզի Ադրբեջանի «անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնեն թշնամու ուժերին»: Ու հենց այս տրամաբանության մեջ էր 44-օրյա պատերազմի ժամանակ Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևին Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում նշանակելը:
2024 թվականին գրել ենք, որ այս պաշտոնը ստանձնելուց հետո Միրզոևը լուրջ ազդեցություն է գործի դնում Ադրբեջանի զինված ուժերում կադրային փոփոխությունների և նշանակումների հարցում:
Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ կարևոր հատվածներում, այդ թվում՝ Շուշին վերցնելու հարցում, կարևոր դերակատարում են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ուժերը: Եվ հենց այս հանգամանքի վրա ենք հարկ համարում տվյալ դեպքում ուշադրություն հրավիրել, բնականաբար, կոնկրետ փաստերի կամ ապացուցված դրվագների հիման վրա:
Եվ այսպես:
Պատերազմի օրերին՝ 2020 հոկտեմբերի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում է.
«Ստացված փաստական տվյալների համաձայն, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը»:
Նույն ժամանակում WarGonzo-ի հիմնադիր և ռազմական լրագրող-բլոգեր Սեմյոն Պեգովը տեղեկություն էր տարածել, որ «Թուրքիան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել թուրքական Քուրդիստանից իր 1200 լեռնային հատուկ ջոկատայինի»:
«Նրանք գործում են Արցախի լեռնային տեղանքներում: Թուրքիայից եկած մասնագետները ստիպված են փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն դիմանում լեռնային զանգվածներում աշխարհազորայինների հետ ուղիղ մարտական բախմանը: Խոսքը նախևառաջ հարավային ռազմաճակատի և Ջեբրայիլ-Հադրութ ուղղության մասին է»,- մանրամասնել էր Պեգովը՝ վկայակոչելով իր ստամբուլյան աղբյուրները:
Այդ օրերին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր լրագրողներին, ինչպես փոխանցել էր aravot.am-ը, որ «2020 թ. հոկտեմբերի 4-ին Գանձակում են գտնվել Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների առնվազն երեք հարյուր զինծառայողներ, որոնք մասնակցել են Աֆրինի և Իդլիբի մարտական գործողություններին»:
Պատերազմից անմիջապես հետո Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանը հաստատել էր ռուս ռազմական թղթակցի՝ թուրքական 1200 հատուկջոկատայինի Ադրբեջան տեղափոխվելու վերաբերյալ տեղեկությունը:
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 16-ին WarGonzo-ի հիմնադիր Սեմյոն Պեգովը թուրքական «սպեցնազի»՝ պատերազմին մասնակցության և Շուշիի ուղղությամբ տեղափոխվելու մասին էր տեղեկություն տարածել, ընդ որում՝ շատ կոնկրետ և առարկայական ապացույց էր ներկայացվել:
Այս համատեքստում հարկ է հավելել, որ պատերազմից հետո գրել ենք, որ Շուշիի գրավման նախօրեին Ալիևը մարտական գործողությունների պլան է մերժել:
Իսկ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը որոշ խոստովանություններ էր արել՝ «նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել՝ ինչպես կավարտվի պատերազմը»:
Եվ այս համատեքստում մի կարևոր դրվագի վրա ենք ցանկանում ուշադրություն հրավիրել, որի մասին ավելի վաղ գրել ենք:
2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը:
Եվ Շուշին գրավելու Ադրբեջանի համար ճակատագրական վերջին պահին՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Աքարն արդեն Բաքվում էր։ Թե ինչ եղավ հետո, ավելորդ է հիշեցնել: Հարկ է նկատել, որ 2020 թ. նոյեմբերի 8-ին է ԱԱԾ տնօրեն նշանակվել Արմեն Աբազյանը։
Իսկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն էլ էր պնդել, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղերում հայ զինվորականները, հայկական հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատային, բարձրաստիճան սպաներ, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից:
44-օրյա պատերազմի օրերին լավ է աշխատել նաև թուրքական հետախուզությունը՝ Հաքան Ֆիդանի ղեկավարությամբ, կատարվել են Էրդողանի հրամանները:
2020թ. նոյեմբերի 6-ին ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր.
«Ղարաբաղյան պատերազմում թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը մենք զգում ենք, տեսնում ենք առանձին էլեմենտներ այդ աշխատանքի։ Ինչ վերաբերում է բրիտանական հետախուզությանը, նրանց մասին ոչինչ ասել չեմ կարող»:
Վերադառնանք թուրքական «սպեցնազին» և հավելենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարը թուրք գեներալ Օմեր Էրբաքանն էր: Նա այս պաշտոնում նշանակվել է 2020 թ. պատերազմից առաջ, և դրանից հետո Էրբաքանի պաշտոնավարման ժամկետն Էրդողանը երկարաձգել է:
Նշենք, որ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը մասնակցել են պատերազմից անմիջապես հետո 2020 թ. դեկտեմբերին Բաքվի զորահանդեսին, նաև՝ 2025 թվականին պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 5-րդ տարեդարձի առիթով կազմակերպվածին:
2026 թվականի օգոստոսին «Վերադասավորումներ Թուրքիայի զինված ուժերում․ որքանո՞վ են դրանք ուշագրավ Հայաստանի համար, ի՞նչ կապ կա 44-օրյա պատերազմի հետ» վերտառությամբ հոդվածում այլ ուշագրավ դրվագներ ենք ներկայացրել:
Իսկ ներկայացված փաստերից պարզ է դառնում, որ առանց թուրքական հատուկ նշանակության ուժերի՝ Ադրբեջանը չէր կարող 44-օրյա պատերազմում հարավային ուղղությամբ իրականացված և Շուշին վերցնելու օպերացիաներում հաջողության հասնել: Իհարկե, սա չի մեղմացնում ՀՀ իշխանությունների 44-օրյա պատերազմին, մասնավորապես՝ Շուշիին առնչվող քաղաքական գործողությունները:
Հիշեցնենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որին Փաշինյանի իշխանությունը չի ցանկացել լսել 44-օրյայի քննիչ հանձնաժողովում: Պարզ է, չէ՞, ինչու: Փոխարենը պարզ չէ՝ ինչ հաշվարկների հիման վրա և ինչ կարգավիճակում է Նիկոլ Փաշինյանը հանձնարարել այդ ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին Շուշին հակագրոհով հետ վերցնել:
Ի դեպ, դեռ երկու տարի առաջ ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել էին, որ 2020թ. նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձվել: Հետո արդեն, երբ փորձեցինք տեղեկություն ստանալ՝ ինչ փուլում է գործընթացը, Քննչականը գաղտնիության տարրեր պարունակող համարեց մեր հարցադրման պատասխանը: Արդեն նշեցինք, որ քննիչ հանձնաժողովում չեն ցանկացել լսել Միքայել Արզումանյանին, և ոչ էլ եղած զեկույցն են հրապարակում: Մինչդեռ պետք է տվյալ դեպքում հասկանալ՝ Շուշիի կորուստը ե՞րբ է սկսվել՝ նրա պաշտպանության մարտերի ժամանակահատվածո՞ւմ, թե՞ ավելի վաղ:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Alex Nanijanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/07/%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%a5%d6%81%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a8%d5%9d-44-%d6%85%d6%80%d5%b5%d5%a1-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4/