Նոյեմբեր 2, 2026
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ինստիտուտում, տեղի է ունեցել «Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային կլոր սեղան, որի ընթացքում ռուսաստանյան փորձագիտական ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչներն անդրադարձել են երկկողմ միտումներին, ափսոսանքով արձանագրել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններում նկատվում է «բացասական դինամիկա»: Ոմանք նույնիսկ իրավիճակը բնութագրել են որպես «փակուղի»: Այս մասին հաղորդում է ռուսական MK պարբերականը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն իր ելույթում ընդգծել է, թե համաձայն չէ այն տեսակետին, որ ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեջ մեղավոր են երկու կողմերը՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։
«Ես բազմաթիվ անգամ քննադատել եմ մեր գործողությունները կամ անգործությունը Հայաստանի նկատմամբ՝ հատկապես 2020 թվականի իրադարձությունների համատեքստում, և մինչև հիմա կարծում եմ, որ մենք չենք օգտագործել բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու համար պատերազմը, որը հանգեցրեց ազգային ողբերգության՝ Լեռնային Ղարաբաղի կորստին և պատմական հողերից հայ բնակչության զանգվածային արտագաղթին»,- նշել է Զատուլինը: Նա ասել է, որ իր համար սա անձնական ողբերգություն է այն պատճառով, որ իր ընկերները, գործընկերները, ըստ էության գերեվարված, այսօր գտնվում են բանտերում և դատապարտվել են ադրբեջանական դատարանի կողմից:
Այնուամենայնիվ, նրա որակմամբ՝ սա հիմք չէ կարծելու, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեղքը հավասարապես ընկած է հայկական և ռուսական կողմերի վրա, քանի որ ՀՀ կառավարության ղեկավարն այս քաղաքական ուղին ընտրել է ոչ թե պատահաբար կամ քսան թվականի իրադարձությունների ազդեցությամբ»։
«Սա մի քաղաքական գործչի գիտակցված ուղի է, որն իր ողջ կարիերան կառուցել է Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդելու և Եվրոպային կամ Ամերիկային մի փոքր ավելի մոտենալու, Հայաստանի կողմնորոշումը փոխելու, ամբողջ հայկական անցյալից հրաժարվելու ցանկության վրա»,- կարծում է Զատուլինը։ Միակ դրական բանն այս ամենում, ինչպես կարծում է պատգամավորը, այն է, որ այսօր Ռուսաստանում բոլոր մակարդակներում՝ և՛ փորձագիտական, և՛ պաշտոնական, հաստատվել է հստակություն՝ Փաշինյանի կառավարության հետ հարաբերությունների և դրանից բխող Ռուսաստանի Դաշնության գործողությունների հարցում։
«Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտագործել Ռուսաստանի Դաշնությունը, խաբել Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության մյուս դաշնակիցներին, որպեսզի արտոնյալ տնտեսական կապերից օգուտ քաղելով՝ վճարեն Հայաստանի՝ մի ճամբարից մյուսը տեղափոխվելու դիմաց»,- ընդգծել է քաղաքական գործիչը: Նա շարունակել է՝ ասելով. «Բայց եթե նախկինում՝ մինչև Ուկրաինայի և հատուկ ռազմական գործողության հետ կապված բոլոր իրադարձությունները, մենք կարող էինք կարծել, թե ՆԱՏՕ-ն և Եվրոպական միությունը նույն բանը չեն, ապա այսօր ակնհայտ է, որ ԵՄ-ն մեր հակառակորդն է, թշնամին:
ԵՄ երկրները մրցում են Ռուսաստանին հնարավորինս մեծ վնաս հասցնելու, ՌԴ տարածքում հնարավորինս շատ սպանելու և ավերելու իրենց ձգտման մեջ։ Այս իրավիճակում Փաշինյանի և պատգամավորների հլու-հնազանդ մեծամասնության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու և այդ մասին օրենք ընդունելու ցանկությունը բացարձակապես հստակ դիրքավորում է Հայաստանի ղեկավարությանը։
ՀՀ-ն պատրաստվում է անցնել մեր թշնամու ճամբար և միաժամանակ կառչում է Կանոնադրության այն կետերից, որոնք ասում են, թե, իբր, հնարավոր չէ կասեցնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, քանի որ դա նախատեսված չէ փաստաթղթերով: Իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունո՞ւմ է հնարավոր կասեցնել անդամակցությունը»։ Զատուլինը Հայաստանի նման պահվածքը որակել է որպես «դավաճանություն ռազմական գործողությունների ժամանակ»։
«Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես է Ռուսաստանում ընկալվում այն փաստը, երբ այն պահին, երբ Եվրոպական միության երկրներն ուկրաինացիների ձեռքով սպանում են մեր մարդկանց, Հայաստանը ընկերների ճամբարից անցնում է թշնամիների ճամբար»,- ասել է պատգամավորը։
Զատուլինն ընդգծել է, որ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ կայացնելու է այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ է համարում սեփական տնտեսության և Եվրասիական միության զարգացման համար, միևնույն ժամանակ, ամեն կերպ զարգացնելու է ՀՀ-ի հետ կապերը մշակութային գծով։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, ըստ Զատուլինի, նա ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար։ «Խորը ափսոսանքով՝ նա միայնակ չի պատասխանում, նա պատասխանում է ամբողջ Հայաստանի հետ միասին», – ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Maral Takmazian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/03/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%ab%d5%ba%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6/