Նոյեմբեր 1, 2026
«Դասեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Մենք արդեն 8.5 տարի է՝ ողբերգական վիճակում ենք. սա փաստ է: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, մեր երկրի տարածքներն օկուպացված են, Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել, իսկ մեր իշխանությունը՝ դրանք կատարել՝ ներկայացնելով դա որպես ինքնիշխանությանն ուղղված քայլեր:
- Երբ 2025թ. ԱԺ-ն ընդունեց այդ անօգուտ օրենքը Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին, որին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն ներկայացնող «Պատիվ ունեմ» խմբակցությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունն առհասարակ չմասնակցեց քվեարկությանը, մենք ասացինք՝ դա ավանտյուրա է: Հիմա մեզ էլ կարող են ասել՝ դուք էլ CEPA եք ընդունել, բայց այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ուներ կարմիր գիծ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը Եվրամիության կողմից ընդունվել է, և հակառակը՝ ի շահ մեր պետության:
- Նիկոլ Փաշինյանին ի՞նչ, որ գազը կթանկանա, հո վճարողն ինքը չէ՞: Բորշը եփել է Փաշինյանը, բայց դրա համար վճարելու է հայ ժողովուրդը:
- Եվրոպական միությունն ու Ռուսաստանն այսօր սուր կոնֆրոնտացիայի մեջ են: Դու չես կարող ստանալ ԵԱՏՄ-ի օգուտներն ու արտոնություններն ու գնալ ԵՄ: Ռուսաստանն արդեն ուլտիմատում է դրել մեր առաջ: Հիմա թող Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ինձ ասեն՝ այդ օրենքն ընդունելու օգուտը ո՞րն էր:
- Մենք այսբերգի վերևն ենք տեսնում, տեսնում ենք ընդամենը հրապարակային հայտարարությունները, չգիտենք՝ կուլուարներում Փաշինյանը Եվրամիության ներկայացուցիչների ու Պուտինի հետ ինչ է խոսում: Իսկ դրանք շատ կարևոր են:
- Հայաստանի ղեկավարը պետք է լինի ոչ թե պրոռուսական, պրոարևմտյան, առավել ևս՝ պրոթուրքական, այլ պետք է լինի բացառապես պրոհայկական: Փաշինյանը պրոռուսական չէ, ու դրա ապացույցները բազմաթիվ են՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում սառեցրել է իր անդամակցությունը, իսկ ՀԱՊԿ-ն հիմնականում Ռուսաստանն է, Սյունիքում Ֆրանսիան հյուպատոսություն բացեց, Ռուսաստանին թույլ չեն տալիս, Հայաստանում ոչ թե ռուսական, այլ Եվրամիության դիտորդներն են կանգնած… Եվ ամենակարևորը՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն այլևս չկա: Ինքը որ շատ էլ ուզենա այսօր Նոյեմբերի 9-ը հետ բերել, չի կարող, որովհետև կա ԱՄՆ-ում ստորագրված օգոստոսի 8-ի թուղթը՝ TRIPP-ը: Սա ռուսական շահերին կո՞ղմ է, թե՞ դեմ: Էլ չեմ ասում՝ ողջ ՔՊ-ն Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, իսկ ամբողջ ընդդիմությանն անվանում էր՝ Ռուսաստանի շպիոն, 5-րդ շարասյուն:
- Փաշինյանն «իզմ»-եր չունի, ինքը մի «իզմ» ունի՝ իշխանիզմ կամ աթոռիզմ: Մի օր կարող է ռուսական գլխարկ կրել, հաջորդ օրը ամերիկյան վերարկու հագնել: Բայց հիմա Փաշինյանի մանևրի տեղը պակասել է: Եվրոպան կասի՝ բա քեզ ինչո՞ւ աջակցեցինք, որ դու հիմա նորից Ռուսաստան պիտի գնաս: Ինքը երկու քայլ հակառուսական է անում, մի քայլ՝ պրոռուսական: 8.5 տարվա ընթացքում ինքն արդեն 8.5 քայլ Ռուսաստանից հեռացել է: Ես չեմ կարող ասել՝ Ռուսաստանում ինքն ինչ է ասելու: Երևի կհաշվարկի, թե որն ավելի օգուտ կլինի իր համար՝ իր իշխանությունը պահելու համար: Բայց չեմ կարող ասել՝ Մոսկվան կամ Բրյուսելը Նիկոլի արցունքներին կհավատա՞ն, թե՞ չէ:
- Մենք ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո այլընտրանք չունենք: Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից Հայաստանը չունի ու չի կարող ունենալ: Ո՞վ է գալու ՀԱՊԿ-ի տեղը. ՆԱՏՕ-ն, Ամերիկան ասել են՝ գալո՞ւ են… Ո՛չ… ՆԱՏՕ-ում խնդիրներ չկա՞ն, Հունաստանը, որը ՆԱՏՕ-ի անդամ է, շա՞տ գոհ է ՆԱՏՕ-ից… Այսինքն, եթե մի բան լինի, դուրս պիտի գա՞ս դաշինքից… Բա Սերժ Սարգսյանի ժամանակ ՀԱՊԿ-ում ո՞նց էին հայանպաստ որոշումներ ընդունվում: ՀԱՊԿ-ում մեր դեմ ու պրոադրբեջանական դիրքորոշում միայն Ղազախստանն է ունեցել: Բա ո՞նց եղավ, որ ՀԱՊԿ-ից դժգոհ ես, բայց գնում ես ՀԱՊԿ լիիրավ անդամ Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, Տոկաևից այդ երկրի բարձրագույն պարգևն ես ստանում… Ղազախստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ, ուզում էր այստեղ զորք բերեր, մեզ օգներ, իսկ Ռուսաստանը չթողե՞ց: Սա ավանտյուրա՛ է, նշանակում է՝ դու խնդիր ես դրել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնել:
- Աշխարհաքաղաքական այս իրավիճակում TRIPP կնքում են, որ ի՞նչ անեն: Այդ ճանապարհն Ադրբեջանին է պետք, մեզ պետք չէ: Ադրբեջանը դրան Զանգեզուրի միջանցք է ասում: Որ 30 տարի Ադրբեջանը Հայաստանով դեպի Նախիջևան ճանապարհ չի ունեցել, վատ ե՞նք ապրել: Ճանապարհ են ուզում, Խոսրով Հարությունյանն ասել է՝ եթե Հայաստանը մտահոգ է իր երկարաժամկետ անվտանգությամբ, անշրջելի անվտանգության նախադրյալներով, ապա իր աշխարհագրական դիրքն աշխարհաքաղաքական պոտենցիալ դարձնելու միակ տարբերակը Ղազախ-Իջևան երկաթգծի գործարկումն է: Հայաստանից այդ ճանապարհը կա, թող դա անեն… Եթե Արցախը չկա, Լաչինի միջանցքը չկա, Խաղաղության համաձայնագիր չի կնքվել, Բաքվում գերիներ կան, մեր տարածքի 240 ք/կմ-ն օկուպացված է, ի՞նչ TRIPP, կնքել ենք, որ ի՞նչ անենք…
- TRIPP-ը միջազգային պայմանագիր չէ, որ ԱԺ-ով վավերացվի, բայց Նիկոլ Փաշինյանը բերեց, ԱԺ-ով հաստատեց, որ ամբողջ ՔՊ-ին սարքի քաղաքական պատասխանատու:
- Ես առհասարակ դեմ եմ, որ Հայաստանը որևէ մայրաքաղաքի ճնշման տակ օրենք ընդունի կամ այն չեղյալ հայտարարի՝ լինի դա Անկարայի՞ց, Բաքվի՞ց, Բրյուսելի՞ց, թե՞ Մոսկվայից: Եվ երևի դա է եղել պատճառը, որ մենք 2018թ. իշխանությունից զրկվել ենք… Բայց որ ԵՄ-ի օրենքն ավանտյուրա է, դա միանշանակ է: Նույն TRIPP-ի հետ կապված՝ բաներ կան, որ գետնի վրա մենք չենք կարող հաշվի չառնել: ԱՄՆ-ը աշխարհի թիվ 1 գերտերությունն է, դու չես կարող դրա հետ հաշվի չնստել:
- Հայաստանը պետք է մնա ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում: ԵԱՏՄ մենք մտել ենք Սերժ Սարգսյանի երկարատև բանակցությունների ընթացքում, և այն մեր երկրին հսկայական օգուտներ է տվել:
- Ադրբեջանը Հեյդար Ալիևի օրոք՝ 1990-ականների վերջին պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին: Եթե Ադրբեջանը արտադաշինքային պետություն է, բա ո՞ր երկրի բայրաքթարներն էին թռչում մեր երկրի վրայով:
Հիշեցնենք. 1990-ականներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համաձայնագրերը (1992թ. և 1996թ. պայմանագրերը) վերաբերել են ռազմական կրթությանը, տեխնիկական ու գիտական համագործակցությանը և կադրերի պատրաստմանը, ադրբեջանական բանակի սպայական կազմի պատրաստմանը թուրքական ռազմական ակադեմիաներում և թուրք մասնագետների կողմից Ադրբեջանում խորհրդատվություն տրամադրելուն։ Իսկ 2010 թվականի Ստրատեգիական գործընկերության ու փոխօգնության պայմանագրով և 2021 թվականի Շուշիի հռչակագրով ներառեցին ռազմական աջակցություն երրորդ կողմի հարձակման դեպքում։
- 44-օրյա պատերազմում պարտության պատճառը երաշխավորները չէին, այլ նիկոլական իշխանությունը, որը 2019թ. հրաժարվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, այսօր արդեն երանելի թվացող Ղարաբաղի բանակցային փաթեթից, որով ունենում էինք հայկական Արցախ:
- Եթե դու ասում ես՝ ես սահման չունեմ, կադաստրի վկայական չունեմ, դու ուրիշից պահանջում ես, որ գա, քո սահմանները պաշտպանի՞:
- Եթե լինի իշխանափոխություն, նոր իշխանությունը կասի, որ չի առաջնորդվելու Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ գնալու կենացների ժողովածուով, մնում է ԵԱՏՄ-ում, իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու է CEPA-ի շրջանակում:
- Ուժն է ծնում իրավունք: Այսօր միջազգային իրավունքո՞վ է Արցախը հայաթափված: Մեր դժբախտությունն այն է, որ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման կենտրոն: Իրանի վրա նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ են ուտում:
- Ես կնախընտրեի հավերժ մերժված լինեի, ոչ մի լայք ու դիտում չունենայի, բայց ունենայի հայկական Արցախ, քան կոշիկ մաքրեի, խաշ ուտեի, լիքը լայքեր ունենայի, բայց Արցախը լիներ օկուպացված: Տեսակի հարց է:
- Մեր պետությունը կանգնած է գահավիժման առաջ: Դա թողած, նիկոլիզմի դեմ պայքարը թողած՝ դրել հանրապետականացավով են տառապում: Ախպեր ջան, Հանրապետական կուսակցությունն ընտրություններին չի մասնակցել, Պառլամենտում չէ, ինչով կարողացել, օգնել է իրական ընդդիմադիրներին, գնացե՛ք, ձեր գործն արե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք:
- Երբ 2018-ին մեզ նամակներ էին գրում, իմ ու Աշոտյանի դագաղներն ու սև լենտերն էին հանում, Փաշինյանին առաջադրում էին վարչապետի թեկնածու, այսօրվա որոշ ուժեր ոչ միայն ծպտուն չէին հանում, այլև իրենց կողմնակիցներին փողոց էին հանում… Լսե՞լ եք՝ մեկը նրանից ասի՝ մենք սխալվել ենք, որ դասական գունավոր հեղափոխության ենք մասնակցել: Խոսքը ժողովրդի մասին չէ: Քաղաքական դերակատարներ, այսօր ձեզ ընդդիմադիր հռչակածներ, ո՞ր մեկիդ ենք ասել՝ գնացեք մեզ մերժեք: Գնում եթերներում ասում էիք՝ Նիկոլին ընտրեք, որ Արցախը փրկվի… Հանրապետականից հեռու մնացեք, տղաներ և աղջիկներ, պրոբլեմը ՀՀԿ-ն չէ, դո՛ւք եք:
Հիշեցնենք. 2018թ. ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի գլխավորած ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գունավոր հեղափոխության օրերին իր ելույթում դիմելով ՀՀԿ պատգամավորներին, կոչ էր անում քվեարկել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու օգտին: Մարուքյանը գոռում էր. «Հանրապետականնե՛ր, ուզո՞ւմ եք՝ Արցախը ավելի պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին»: Նիկոլ Փաշինյանին իշխանության բերող Էդմոն Մարուքյանը, որ այսօր Սերժ Սարգսյանին և հանրապետականներին է մեղադրում Նիկոլին իշխանության բերելու մեջ, այդ օրն իր ելույթում ասում էր՝ իրավիճակը լարված է, և դրա միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելն է. «Մենք ունենք քաղաքական ճգնաժամ, և այդ ճգնաժամի լույսի ներքո պետք է հետևություններ անենք: Երկրում անդառնալի փոփոխություններ են եղել, և դրանք դրական են, քանի որ կա քաղաքացիական զարթոնք, և այդ զարթոնքը սահմանադրական ձևակերպում պետք է ստանա: …Մի շաբաթ առաջ ես էլ էի մտածում, որ կա երրորդ ճանապարհը, բայց հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի սահմանադրական հանգրվանի։ Ամեն հեղափոխություն ունի իր կանոնը. ով որ կազմակերպել է այն, հաջող հասցրել է հանգրվանին, նա պետք է ստանձնի պատասխանատվությունը, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է… Դուք կարող եք այնպես անել, որ Հայաստանը չընկնի սանկցիաների տակ: Եթե դուք դեմ քվեարկեք կամ գնաք այս դահլիճից, չենք կարող դուրս գալ ճգնաժամից. սա իմ համոզմունքն է և բխում է փողոցում կանգնած հարյուր-հազարավոր քաղաքացիների շահերից։ Խոսում եք Արցախի մասին, սանկցիաների մասին. ուզո՞ւմ եք՝ Արցախը ավելի պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք` սանկցիաների տակ չընկնենք, պետք է քվեարկեք Փաշինյանի օգտին»։ Ավելին, նույն այդ Մարուքյանն ասում էր, որ չի ուզում ընդամենը մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ քվեարկեն Փաշինյանի օգտին. «Արժանապատիվ կերպով կարող եք հայտարարել, որ հանուն մեր պետության, մեր երիտասարդության՝ քվեարկում եք Նիկոլ Փաշինյանի օգտին: Դուք բոլորով պետք է քվեարկեք, բոլորովս պետք է պատասխանատու լինենք»։
- Մինչև ընտրություններ մեզ ասում էին՝ մի՛ մտեք ընտրապայքարի մեջ, կխանգարեք, նախկին-ներկա կանեն, ընդդիմությունը չի հաղթի: Սոցիոլոգիան ասում էր՝ ՀՀԿ-ն անցնելու էր, բայց մենք չմասնակցեցինք ընտրություններին, աջակցեցինք ընդդիմադիր ուժերին: Մեզնից հիմա ի՞նչ եք ուզում: Եթե ձեզ թվում է՝ դուք մեր մասին պիտի սուտն ասեք, մենք էլ՝ ձայն չհանենք, սխալվում եք:
- ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին եղբայրաբար հորդորում եմ՝ հավատարիմ մնալ իրենց առաքելությանը, այն է՝ 1990թ. ընդունված Անկախության հռչակագրին: Եթե Անկախության հռչակագիրը հանվեց Սահմանադրության նախաբանից, մենք ունենալու ենք պետություն, որի չափն ու ձևը տալու է Ադրբեջանի ղեկավարությունը:
- Սահմանադրության փոփոխության մասին կարելի է քննարկումներ ունենալ միայն իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո: Ավտորիտար իշխանության պայմաններում ի՞նչ բարեփոխում: Մարդ էնքան պիտի իրականության հետ կապերը խզած լինի, որ նիկոլական Հայաստանի պայմաններում մտածի սահմանադրական փոփոխությունների մասի՞ն:
- Իսկ որ գնում էիք ընտրությունների, ասում էիք՝ ընտրություններով կհաղթենք Նիկոլին, չգիտեի՞ք, որ Սերժի ժամանակվա Սահմանադրությամբ էիք գնում ընտրությունների: Էդ ե՞րբ է նոր Սահմանադրությունը գործել, որ տեսնեք՝ լա՞վն է, թե՞ վատը… ամեն օր Նիկոլ Փաշինյանը եկած օրից ոտնահարում է Սահմանադրությունը: Բա որ 1.5 տարի առաջ ասում էինք՝ եկեք համախմբվենք, փողոցային պայքար մղենք, առաջ տանենք իմպիչմենտը, ինչո՞ւ ժամանակին չմիացաք: 4 ամիս սպասեցիք, հետո ստորագրությունները բերեցիք, ասացիք՝ վերջ, մենք մեր անելիքն արել ենք: Մենք չենք ասում՝ ընտրություններով հաղթել հնարավոր չէ, մենք ասել ենք՝ Նիկոլի օրոք հնարավոր չէ ընտրություններով հաջողություն ունենալ: Գագիկ Ծառուկյանի՝ իրենց իսկ հայտարարած թվերը չեղյալ հայտարարեցին, գողացան նրանց ձայները, չթողեցին ԱԺ մտնի: Դուք սպասում էիք, որ ընտրություններով, առանց փողոցի պիտի հաղթե՞ք Նիկոլին:
- Այսօր ընդդիմությունը մի օրակարգ պիտի ունենա՝ իշխանափոխություն և Հայաստանի գահավիժման կանխարգելում: Այլ բան չկա: Եթե սա չի լինում, ուրեմն մենք գնում ենք դեպի ալիևյան արևմտյանադրբեջանացում: Ես Բուդյոննին ու Չապաևը չեմ, չեմ կարող թրերս հանել ու կռվել, որպես քաղաքական գործիչ՝ իմ զենքն իմ խոսքն է, ինձ համար իմ անձնական ու կուսակցական շահն ավելի կարևոր չէ, քան իմ ազգի շահը, բայց սա պետք է բոլորը հասկանան:
- Փաստն այն է, որ Ադրբեջանի պահանջով սահմանադրական փոփոխություններ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում անել, որովհետև չունի սահմանադրական մեծամասնություն: Ինքն այսպիսի հաղթանակ չէր ուզում: Կարևոր չէ՝ ինչ սոուսով դա կմատուցի, սա ալիևյան սահմանադրություն է, և չի կարելի կողմ քվեարկել այն փաստաթղթին, որում չկա Անկախության հռչակագիրը: Ինչ առաջարկ ուզում է՝ անի: Նա, ով դեմ է Անկախության հռչակագրին, դեմ է Հայաստանի անկախությանը: Գիծը քաշված է: Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Առաքյալը չէ, որ գա, Ավետարաններ գրի:
- Եթե պառլամենտական ուժերը պինդ լինեն, ոչ մի սահմանադրական հանրաքվե էլ չի լինի:
- «Ուժեղ Հայաստանն» այսօր ընդդիմության առաջատար ուժն է, և դա որոշել է Հայաստանի ժողովուրդը՝ նույնիսկ իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալության ու անմարդկային ճնշումների պարագայում: Հետևաբար՝ խփել պառլամենտական առաջատար ուժին, հատկապես, երբ դա արվում է ընդդիմության կողմից, չի՛ կարելի, որովհետև դա ձեռնտու է իշխանությանը: ՔՊ-ն էլ ջանք ու եռանդ չի խնայում նրանց վարկաբեկելու համար: Տարաձայնություններ ունենալը մի բան է, ՔՊ-ի թելը թելելը՝ մեկ այլ բան:
- Ընտանիք թիրախավորելը բարոյական չէ: Անձնական դաշտ չի՛ կարելի մտնել: Ես անգամ ՔՊ-ի հետ անձնական դաշտ չեմ մտնում: Իմ երեխային ու ընտանիքը 2018-ին թիրախավորել են, ես գիտեմ՝ դա ինչ է: Ուրեմն ես այնքան փաստազուրկ եմ, որ ընտանիք մտնե՞մ: Դա գյադայություն է: Ընդդիմության մի թևն «Ուժեղ Հայաստանին» վարկաբեկում է ու ասում՝ իշխանափոխությո՞ւն ենք ուզում:
- Ես դեռ տարիներ առաջ՝ 2021թ. եմ իմ հրապարակային ելույթում հայտարարել, եթե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնեք, ես քաղաքականությունից դուրս կգամ: Ես պաշտոն ոնց այն ժամանակ չեմ ունեցել, այնպես էլ հիմա չունեմ: Նոր առաջնորդ է ի հայտ եկել, քարկոծում եք, ինչ է թե՝ ձեր ուզած առաջնորդը չէ՞: Դե մի՛ ուզեք, թող Հայաստանը կործանվի:
- 2018թ. իմ ամենածանր օրն այն օրն էր, երբ ես հասկացա, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելն անխուսափելի է: Մայիսի 8-ին, երբ ես տեսա տաբլոյի վրա, որ վերջ, ընտրվեց, դա իմ ամենածանր օրն էր… Եղել է գունավոր հեղափոխություն, և ես Սերժ Սարգսյանի հետ լիովին համաձայն եմ, որ մենք պարտվել ենք ավելի հզոր ուժերի: 2018թ. մայիսի 1-ին Հանրապետական կուսակցությունն ուղղակի հերոսություն է արել, 7-8 օր իշխանություն չունեինք, ու անգամ էդ ճնշման պարագայում մենք Նիկոլ Փաշինյանին չընտրեցինք և ևս մեկ շաբաթ սպասում էինք, որ խորհրդարանական մյուս ուժերը վարչապետի թեկնածու կառաջադրեն… Մեր թեկնածուն հրաժարվել էր վարչապետ դառնալ, նոր թեկնածու առաջադրելու լեգիտիմություն չունեինք, իսկ մյուսները վարչապետի թեկնածու չառաջադրեցին:
- Ես չեմ համարում, որ արտահերթ ընտրությունների գնալու՝ Փաշինյանի հայտարարությունը բլեֆ է: Նա ամեն ինչ անելու է, որ Պառլամենտում չհերիքող ձայները վերցնի… Եթե չստացվի, ընդդիմությունը կնոպկեն չսեղմեց, ի՞նչ է անելու…Պետք է գնա նոր ընտրությունների: Նոր ընդդիմություն կբուծի, ինձ ու ինձ նման մարդկանց կփակի ու կգնա ընտրությունների:
- Հավաքական ընդդիմության խնդիրն այսօր Պառլամենտական ընդդիմության կողքին կանգնելը, Սահմանադրության, Անկախության հռչակագրի դեմ ոտնձգություններն ու Էջմիածնի զավթումը թույլ չտալն է:
- Արցախում էթնիկ զտում ո՞վ է արել, մեր տղաներին ո՞վ է սպանել՝ Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանը: Մեր տղաները Բաքվի բանտում են նստա՞ծ, թե՞ Ռուսաստանում: Այո՛, Ռուսաստանն ունեցել է ռազմավարական մեծ թերացում, բայց թուղթ ու գրիչով Արցախն Ադրբեջանին հանձնած Նիկոլն ի՞նչ իրավունք ունի Ռուսաստանին կամ մեկ այլ երկրի մեղադրել:
- Անհնար է, որ Վազգեն Սարգսյանը Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տալուն կողմ լիներ: Վազգեն Սարգսյանի ողջ քաղաքական, ռազմական, պետական կենսագրությունը շաղկապված է եղել Արցախի հայկականության ու Հայաստանի պետականության վրա, և բարոյական չէ Վազգեն Սարգսյանի պայծառ հիշատակի վրա ստվեր նետել՝ ինչ-ինչ հաշվարկներով:
- Հուսահատությունը մեղք է: Հայաստանի թշնամիների նպատակն այն է, որ մենք կորցնենք մեր գենետիկ հիշողությունը, մեր անկախության ձգտումը, մեր արժեքային համակարգն ու հրաժարվենք մեր, այսպես կոչված, ազգային ու պատմական կաղապարներից: Իմ՝ քաղաքականության մեջ մնալու հիմնական նպատակներից մեկը հետևյալն է, որ եթե ես նույնիսկ միայնակ մնամ, ես խոսելու եմ, որ Արցախը հայկական ու օկուպացված է Ադրբեջանի կողմից, որ 2015թ. ցեղասպանությունը եղել է, ու Թուրքիան պիտի դրա համար ներողություն խնդրի, որ Հայաստան պետությունը պետք է ունենա ազգային նկարագիր, և, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ 1991-2018թթ. Հայաստանը պատմության մեջ մնալու է որպես երկու հայկական ազգային պետություններ ունեցող ոսկեդարյան Հայաստան, և ես ամեն ինչ անելու եմ, որ այդ արժեքներն ապագա սերունդները չմոռանան: Իրենց նպատակն է, որ մենք ամեն ինչ մոռանանք, Ալիևը չափ տա, մենք էլ Զեյնաբի տակ պարենք: Ես թշնամության կոչ չեմ անում, ինքս ինտերնացիոնալ ընտանիքում ծնված, մեծացած մարդ եմ: Շատ լավ գիտեմ՝ ինչ բան է խաղաղությունը, լավն ու վատը: Բայց մենք նախ և առաջ չպետք է հրաժարվենք մեր պատմությունից:
- Չի կարող ինչ-որ մեկը կամ մի խմբակ ինձ ասել՝ Արցախը քո հայրենիքը չէ, քո հայրենիքը միայն սա է: Իմ հայրենիքը և՛ Տրապիզոնն է, և՛ Կոնստանդնուպոլիսը, և՛ Կարսը, և՛ Էրզրումը, և՛ Ստեփանակերտը: Հայրենիքի սահմանները գծվում են Աստծո կողմից, պետությունների սահմանները՝ մարդկանց կողմից: Մարդկանց կողմից գծվածը փոփոխության կարող է ենթարկվել, Աստծո կողմից գծվածն անբեկանելի է: Մեր պատմական հայրենիքը Հայկական բարձրավանդակն է: Ժողովրդական զարթոնք էլի լինելու է: Երբ 1915թ. մենք ցեղասպանվում էինք, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ 3 տարի հետո հայ ժողովուրդը Մայիսյան հերոսամարտեր է տալու: Եթե մեր գենետիկ հիշողությունը կորցրեցինք, բույսից էլ բեթար ենք լինելու: Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում, մարդն ու անասունն իրարից տարբերվում են հիշողությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Torgomian Varazdat. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/01/168-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d6%81-5-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%af%d5%a1%d5%bd-%d5%bd%d6%80%d5%a1/