Նոյեմբեր 1, 2026
Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Բաքվում ապօրինի պահվող գերիներին, հայտարարելով, որ Հայաստանը դիմել է 3-րդ երկրներին` Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու կամ նրանց հարցերով զբաղվելու համար, սակայն դեռ ոչինչ չի ստացվում։
Բացի այդ, 3-րդ երկրներին ուղղված ՀՀ իշխանությունների դիմումները չեն աշխատել, ու նրանք հրաժարվել են որևէ առաքելություն իրականացնել։
Միրզոյանի վստահեցմամբ` գերիների հարցը ՀՀ իշխանությունների մշտական օրակարգի մասն է, շատ զգայուն հարց է, որի դեպքում կոնկրետ արդյունքն է կարևոր, որը հիմա չկա, դրա համար իմաստ չկա այդ մասին խոսել։
«Սա է դառը իրականությունը. դիմել ենք ու չի ստացվում։ Չեմ ուզում այդ երկրների անունները տալ, քանի որ աշխատելու ենք նրանց հետ։ Անընդհատ թմբկահարում եք` իբր ձև կա, ու մենք չենք անում։
Մենք ունենք այստեղ ճանապարհ, որն ուղիղ անցնում է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության միջոցով»,- նշել էր նախարարը։
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով՝ քանի դեռ ՀՀ-ում այս իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գերիների վերադարձը կախված է Ադրբեջանի քմահաճույքից։
«Հայ գերիների խնդրի շահառուն ոչ թե երրորդ երկրներն են, այլ ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն տեսնում ենք, որ այս իշխանությունն այդքան էլ շահագրգռված չէ և ցանկացած պահի բերում է տարբեր պատճառներ, որպեսզի արդարացնի իր անգործությունը։ Դրա համար այս պահին խոսել գերիների վերադարձի իրատեսության մասին՝ տեղին չէ։ Այն շահագրգիռ մարմինը, որը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի օր առաջ գերիներին ազատեր, ՀՀ իշխանությունն է, բայց նրանք ոչինչ չեն անում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը։
Նրա բնորոշմամբ՝ իշխանությունը պարզապես ցույց է տալիս, թե ինչ կարողանում՝ անում է, սակայն որևէ բան տեսանելի չէ։
Ինչ վերաբերում է գերիներին ուղղված նամակներին, որոնց մասով Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «Ադրբեջան ուղարկել փոստի միջոցով», Հակոբ Հակոբյանը նկատեց՝ երկու երկրների ղեկավարները կարող էին պայմանավորվել, մեխանիզմներ մշակել ու փոխանցել այդ նամակները։
«Ես չեմ կարող ասել, թե հիմա որքանով Նիկոլ Փաշինյանը կկարողանա այդ նամակները փոխանցել, բայց մեխանիզմներ կարող են ներդնել՝ նամակները ապօրինի պահվող գերիներին փոխանցելու համար»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Բաքվում պահվող հայ գերիներին ադրբեջանական ռազմական դատարանը ապօրինի դատապարտել է կա՛մ ցմահ, կա՛մ 16-19 տարվա ազատազրկման։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Karabekian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/01/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a3%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ad%d5%b6%d5%a4%d6%80%d5%ab-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b8%d5%b9-%d5%a9%d5%a5-%d5%a5%d6%80%d6%80/