Հոկտեմբեր 26, 2026
Օրերս shamshyan.com-ը գրել էր, որ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից հեռացվել է Անդրանիկ Օզանյանի նկարը՝ հավաքված հատուկ քարերով։
Նախորդ շաբաթվա վերջին զանգահարել էինք դպրոցի տնօրենին, սակայն տնօրենը որևէ մեկնաբանություն չտվեց՝ նշելով, որ իր տեղը համար չէ։
Այսօր զանգահարեցինք Արտենիի վարչական ղեկավար Մանուշակ Շատոյանին՝ հետաքրքրվելու, թե ինչո՞ւ է հեռացվել Անդրանիկ Օզանյանի քանդակը։
«Անդրանիկ Օզանյանի դիմանկար-խճանկարը տեղափոխել ենք մշակույթի տան այգի։
Մենք այստեղ բնակիչների ուժերով կառուցում ենք նահատակ տղաների՝ Արցախի ազատամարտում զոհված մեր տղաների հուշահամալիր, Պանթեոնի տեսք են ուզում ստանալ։ Հիմա զորավարի քանդակը բերել ենք այդտեղ՝ ավելի մեծ շուք հաղորդելու, ավելի վեհություն տալու համար։
Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ ԿԳՄՍ նախարարությունը մեզ որևէ բան չի ասել, սա մեր սեփական նախաձեռնությունն է եղել, որ քանդակը հանենք և տեղափոխենք։ Հիմա խճանկարը ռեստավրացիայի ենք ենթարկում, այդ քանդակը ես եմ տեղադրել դպրոցում, երբ տնօրեն էի՝ 1995-96 թվականներին, այն տեղադրված էր հենց մուտքի վրա։ Տարիների ընթացքում մշտապես այդտեղ ջուր էր կաթում, մի տեսակ գոգավորություն էր առաջացել։
Հիմա, երբ դպրոցը վերանորոգվել է, զորավարիս քանդակը բերել եմ մշակույթի տան այգի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մանուշակ Շատոյանը։
Նաև ասում է՝ ինչպե՞ս կարող էին Անդրանիկ Օզանյանի քանդակը հենց այնպես վերցնել ու հեռացնել։
«Մենք այնպիսի ճակատագիր ունեցող ժողովուրդ ենք, որ ինչպե՞ս կարող ենք Անդրանիկ հեռացնել, պարզապես տեղափոխել ենք մշակույթի այգի։
Մեր բնակավայրից 5 նահատակ ունենք՝ 4-ը զոհվել են Արցախի պատերազմում, 1-ը՝ Ջերմուկի մարտերի ժամանակ։
Մի երկու տարի առաջ քաղաքապետարանին խնդրեցի ու թույլտվություն ստացա նման հուշահամալիր հիմնելու համար, որը կդառնա սերունդներին դաստիարակող հուշակոթող։
Հենց հիմա այդ գործն ենք անում, աշխատել ենք նաև շաբաթ-կիրակի օրերին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Parkev Tvankchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/27/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%ba/