Հոկտեմբեր 25, 2026
ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայմանավորված է նրանով, որ վերջինս ուզում է հաստատել չորրորոդ Հանրապետություն, ինչին եկեղեցին խանգարում է։
«Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Վեհափառին, ում այլ անունով է դիմում, ու ասում, որ նա պետք է հրաժարական տա։ Իսկ ընդդիմությունն էլ ասում է՝ ո՛չ, չպետք է հրաժարական տա, որովհետև Աստծո կողմից օծված է և այլն։
Հիմա Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է անում՝ ստեղծել է ԱԺ քննիչ հանձնաժողով և ուզում է դրանով եկեղեցու հարցերը լուծի։
Նրա նպատակը ոչ թե եկեղեցին բարենորոգելն ու բարեկարգելն է, այլ բուն նպատակը եկեղեցին պառակտելն է, որպեսզի մեր արմատները կտրի, Սահմանադրությունից հանում է Անկախության հռչակագիրը, որպեսզի ստեղծի «Չորրորդ Հանրապետություն»։ Այսինքն՝ այս մարդու նպատակը ոչ թե Վեհափառ Հայրապետին հեռացնելն է, այլ եկեղեցին պառակտելը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Աղազարյանը՝ խոսելով վերջերս իշխանության կողմից ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է քննի «Եկեղեցու ներսում առկա խնդիրները»։
Շարունակելով՝ մեր զրուցակիցը նկատեց, որ կարող է հարց առաջանալ, որ եթե անձամբ նման հանճարեղ մտքեր է արտահայտում, ապա այդ հարցում ո՞րն է իր առաջարկը, այնուհետև պատասխանելով, ասաց՝ իր առաջարկը շատ պարզ է։
«Ի պատիվ Գարեգին Վեհափառի, իր շրջապատի ու սրբազանների, մեկ տարուց ավելի դիմակայել են այս բարբարոսական ճնշումներին։ Բայց Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովը ստեղծել է, որ իբր ամեն ինչ օրենքով անի։ Այսինքն՝ քննիչ հանձնաժողովն օրենք կընդունի, որտեղ հոդված կներառի, որ «Առաքելական եկեղեցու գահը թափուր չի կարող մնալ, և եթե Կաթողիկոսը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա Կառավարության կողմից պետք է նշանակվի տեղապահ»։ Նման օրենք վստահաբար կընդունեն և ինչ-որ պատրվակով Գարեգին Վեհափառին կալանավորելու են և այդ ժամանակ նշանակելու են պաշտոնակատար։
Ըստ իս, որպեսզի Նիկոլ Փաշինյանի այս ծրագիրը խափանվի՝ կա մեկ ճանապարհ։ Վեհափառը սրբազանների հետ պետք է եկեղեցական ժողով հրավիրի, ընտրի այլ Կաթողիկոսի, դրանով խափանելով Նիկոլ Փաշինյանի ծրագրերը։
Համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է Կաթողիկոսի կալանավորման»,- հավելեց Հովիկ Աղազարյանը։
Նախկին պատգամավորի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կկալանավորի Վեհափառին, որպեսզի տեղապահ նշանակելու իրավունք ստանա։
«Ես՝ անհավատս, որպես զինվոր, կանգնած կլինեմ եկեղեցու կողքին, բայց այդ տեմպերով կպարտվենք։ Եթե այսպես շարունակվի, Նիկոլ Փաշինյանն այս «պատերազմում» հաղթելու է։ Դրա համար ասում եմ՝ եթե Վեհափառն այլ Կաթողիկոս նշանակի, Նիկոլ Փաշինյանի նպատակը չի կատարվելու, որովհետև նա ժողովրդին հավատացնում է, թե իր պայքարը եկեղեցու դեմ չէ, այլ Վեհափառի։ Այդ ժամանակ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին կասի՝ «գրողը տանի, Վեհափառը հեռացավ, հիմա քո պայքարն ո՞ւմ դեմ է»։
Փառք ու պատիվ Վեհափառ Հայրապետին, որ այսքան դիմացավ, սրբազանների հետ միասին բարձր պահեցին Եկեղեցու պատիվը։ Այդ թերությունները մի կողմ, դրանք բոլոր տեղերում էլ կան և ժամանակի ընթացքում շտկվում են։ Բայց Նիկոլ Փաշինյանը սևեռուն գաղափար ունի՝ ստեղծել «Չորրորդ Հանրապետություն», նա չի կարող այն ստեղծել՝ առանց եկեղեցին պառակտելու։ Ասում են՝ պայքարը Գարեգին Վեհափառի դեմ է, բայց նպատակը եկեղեցու պառակտումն է»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ հակաեկեղեցական քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր նախորդ ամիս, դրա մասին ավելի վաղ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխություններ կանեն, որպեսզի Վեհափառ հայրապետին հեռացնեն կաթողիկոսական գահից։
Օրերս հաստատվել էր նաև հանձնաժողովի կազմը, այն նախագահելու է ՔՊ-ական Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներն են իշխանական 6 պատգամավորներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/25/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a7-%d5%af%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b2%d5%ab%d5%af%d5%b8%d5%bd%d5%ab-%d5%af%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6/