«Ռուսահայ Օրջոնիկիձեն». գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները

Հոկտեմբեր 24, 2026

ԽՍՀՄ և Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստան է հրավիրվել Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ երկրի զինված ուժերը ստեղծելու նպատակով: Երկրի ղեկավարը հստակ նշել էր նպատակներն ու խնդիրները՝ պետք է փրկել Ղարաբաղը, բայց բանակ, որպես այդպիսին, չկա։ 

Այդ ժամանակ (Աֆղանստանի պատերազմից հետո, որտեղ նա մասնակցել էր Փանջշերի գործողությունների մշակմանը և պարգևատրվել Լենինի շքանշանով) Տեր-Գրիգորյանցը Մոսկվայում ծառայում էր Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալի՝ կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։ 

Սակայն Պաշտպանության նախարարությունում ունեցած զրույցից հետո փորձառու մարտական սպան, ով զինվորից մինչև գեներալ-լեյտենանտ փառավոր ճանապարհ էր անցել, հեռանում է ՌԴ զինված ուժերից և մեկնում Երևան, որպեսզի օգնի հայ ժողովրդին պաշտպանել երկրի անկախությունը։ Եվ ահա Նորատ Գրիգորիևիչի պատմությունն՝ առանց կրճատումների ու խմբագրումների, այն մասին, թե ինչպես են ընդունվել որոշումները, և ինչու է նա հյուպատոսի սեղանին դրել իր հայկական անձնագիրը: 

«Հայաստանի նախագահի աշխատասենյակում ես ներկաներին պատմեցի, որ Բաքուն ծրագրում է գրավել Ղարաբաղն ու Զանգեզուրի միջանցքը (48 կմ՝ մինչև իրանական սահման), միանալ Նախիջևանին և շարժվել դեպի Երևան։ 

Կարդացեք նաև

  • Ինչո՞ւ են TRIPP-ը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ. սիմվոլիկա կա, չէ՞… Մեղրի՛… Մեղրին հիմա հանձնում են. ոնց որ Նիկոլին են շպագատ իջեցրել, նույնն Ալիևին է սպառնում. Միհրան Հակոբյան
  • «Ադրբեջանը ծանր վիճակում կհայտնվի, եթե ի հայտ գան «Մուսուլման եղբայրները»»․ Ալեքսանդր Իսկանդարյան
  • TRIPP-ը և ռազմական բեռների տարանցումը․ ի՞նչ այլընտրանք ունի Ադրբեջանը, արդյո՞ք սահմանափակումների ազդեցությունը հավասարազոր է

Ուրեմն պետք էր շտապ բանակ ստեղծել՝ Հայաստանը պաշտպանելու և Ղարաբաղին օգնելու համար։ Ինձ ուշադիր լսեցին և առաջարկեցին պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ես հրաժարվեցի հօգուտ Վազգեն Սարգսյանի և նշանակվեցի Զինված ուժերի հրամանատար։ 

Առանց հապաղելու անցա ծառայողական պարտականություններիս կատարմանը՝ հիմք ընդունելով խորհրդային ռազմական դոկտրինը՝ որպես ԽՍՀՄ գեներալ և ազգությամբ հայ։ Եվ ահա, թե ինչ հետաքրքիր մանրամասն կա այստեղ. հիշյալ դոկտրինը նախատեսում էր, որ պատերազմի դեպքում բուֆերային գոտի են դառնում եվրոպական պետությունները, իսկ ներկա դարում բուֆերի դերում հանդես են գալիս հետխորհրդային հանրապետությունները։ 

Բայց վերադառնանք իննսունականներին: Յոթ ամսվա գրեթե շուրջօրյա աշխատանքի արդյունքում լույս աշխարհ եկավ հայկական բանակը, ինչպես նաև սահմանապահ զորքերը (50%-ը՝ ռուսներ, 50%-ը՝ հայեր), ՀՕՊ և ռազմաօդային ուժերի վարչությունը՝ նույն համամասնությամբ, և ՀՕՊ ՌԷՍ-ը (Հայաստան, Ռուսաստան և Բելառուս)։ Ստեղծվեց նաև ռուսական ռազմաբազան Գյումրիում։ 

Եվ այս ամբողջ համակարգը նախատեսված էր ԱՊՀ արտաքին սահմաններին ՀՀ զինված ուժերի և ռուսական ռազմակայանի փոխգործակցությամբ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

Արդյունքում, այն ժամանակ մենք պաշտպանեցինք Ղարաբաղը և թույլ չտվեցինք հայ ժողովրդի ոչնչացումը։ Փրկել ենք ազգին:

Ընդհանուր առմամբ, ես այն ժամանակ Հայաստանում անցկացրեցի չորս տարի՝ առանց աշխատավարձի ու բնակարանի. ապրում էի հանրակացարանում, իսկ կինս Մոսկվայից պահածոներ էր ուղարկում։ 1995-ին աշխատանքից ազատվելու մասին զեկուցագիր (ռապորտ) գրեցի և մեկնեցի Մոսկվա՝ ընտանիքիս մոտ։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիություն ստացել եմ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք»։ 

Գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը փայլուն կատարեց իր առջև դրված խնդիրները և իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ Հայոց բանակի ստեղծման գործում: Անցնում է գրեթե 30 տարի և գալիս է Հայաստանի համար սև 2020 թվականը։

«Ես իմ աղբյուրներից տեղեկանում եմ, որ շատ շուտով պատերազմ է լինելու։ Քանդվում է Հայաստանի անվտանգությունը, տեղի է ունենում զանգվածային տեղեկատվական հարձակում Ռուսաստանի դեմ։ Վերցնում եմ տոմսն ու թռչում Երևան։ Ժամանելուն պես մեկնում եմ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ։ Նա ինձ ընդունում է. աշխատասենյակում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և օգնականը։ Նախագահին հենց շեմքից ասում եմ, որ մեկ ամսից մարտական գործողություններ են սկսվելու.

«Եկեք զանգենք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին»։ Օգնականը զանգահարում է նախարարություն և հեռախոսափողը վերցրած գնդապետին ասում. «Այստեղ՝ նախագահի կողքին, գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցն է, հեռախոսը փոխանցում եմ նրան»։ Բարևում եմ և խնդրում միացնել Տոնոյանին, քանի որ իրավիճակն է դա պահանջում. մենք պատերազմի շեմին ենք։ Գնդապետն ասում է. «Այդ ի՞նչ եք ասում, հիմա կմիացնեմ», բայց կապն ընդհատվում է։ 

Եվ հետո նախագահն ինձ ասում է. «Նորատ Գրիգորիևիչ, իմանալով Ձեր հնարավորություններն ու փորձը՝ նրանք Ձեզ չեն ընդունի, քանի որ Դուք կկործանեք նրանց ծրագրերը»։ Եվ ահա զանգ գնդապետից. «Նախարարը հարցնում է՝ գեներալն ի՞նչ է ուզում ինձնից»։ Ես պատասխանում եմ. «Գրանցեք երկու հարց: Առաջին՝ որո՞նք են ՊՆ-ի և հենց նախարարի կարողությունները՝ զորահավաքային պլանը ծավալելու և ՀՀ զինված ուժերը մարտական լիարժեք պատրաստության բերելու համար, որպեսզի հետ մղեն հակառակորդի ագրեսիան: Եվ երկրորդ՝ որո՞նք են Գերագույն գլխավոր հրամանատարի (վարչապետի, քանի որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է) կարողությունները՝ ագրեսիայի պատճառով երկիրը խաղաղ պայմաններից ռազմական դրության փոխադրելու վերաբերյալ»։ 

Որոշ ժամանակ անց գնդապետը հետ է զանգում և ասում. «Նախարարը Ձեզ վաղը չի կարող ընդունել, նրա մոտ խորհրդակցություն է»։ Ես պատասխանում եմ. «Փոխանցեք այդ տիպին, որ ես և իմ գործընկերները զինված ուժեր ենք ստեղծել, պաշտպանել ենք Ղարաբաղը, պահպանել ենք երկիրը, իսկ նա չի ուզում նույնիսկ լսել իմ առաջարկությունները»։ Եվ հեռախոսափողը կախեցի: 

Գիշերեցի ընկերներիս մոտ և առավոտյան Երևանից մեկնեցի Մոսկվա։ Իսկ մեկ օր անց գնացի Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն։ Ինձ հրավիրեցին հյուպատոսի մոտ, և ես նրան հանձնեցի իմ անձնագիրը՝ հետևյալ խոսքերով. «Ես մտադիր չեմ հանցակից լինել հայկական պետության դավաճանությանը»։ Շրջվեցի ու հեռացա։ Եվ որոշ ժամանակ անց SMS հաղորդագրություն եկավ. «Դուք զրկված եք Հայաստանի քաղաքացիությունից»։ 

– Ո՞վ և ի՞նչը կարող է փրկել Հայաստանը վերահաս կործանումից և ինքնիշխանության կորստից։ 

– Ոչ ոք չի փրկի, որովհետև Երևանը շատ վատ հարաբերությունների մեջ է Թբիլիսիի և Իրանի հետ։ Փաշինյանն ամեն ինչ արեց իր գլխավոր դաշնակցին՝ Մոսկվային կորցնելու համար։ 

Վարչապետը գիտակցաբար ոչնչացնում է բանակը՝ հնազանդորեն կատարելով հայ ժողովրդի թշնամիների կամքը։ Եվ եթե հայերը չտապալեն այս հանցավոր ռեժիմը, նրանց մնում է միայն մեկ բան՝ զինվել և անցնել պարտիզանական պայքարի։ 

Մի անգամ ես զանգել եմ Երևան և առաջարկել. «Ընկերներ, իրավիճակը ձեզ մոտ այնքան էլ լավ չէ, պետք է շտապ անդամակցել Միութենական պետությանը, որպեսզի հարավային սահմանները հուսալիորեն պաշտպանված լինեն։

Չէ՞ որ մեր թշնամիները Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սանձազերծեցին հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի սահմաններին անհանգիստ էր, և այդտեղ ներքաշեցին Պակիստանին, Իսրայելին ու Թուրքիային, որի գլխավոր շտաբն էլ պլանավորում էր այդ գործողությունը՝ կազմակերպելով Սիրիայից երեքուկես հազար վարձկան-հրոսակների տեղափոխումը։ Այսինքն՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն մոտեցել է Ռուսաստանի «թույլ տեղին»։ Իրավիճակը ծայրահեղ լարված է, և հայերին վիճակված է զոհի դեր, որոնց նետելու են հնոցի մեջ։

Եվ ահա ևս մեկ կետ. հայերը կռվել գիտեն և քաջաբար մարտնչել են Հայրենական Մեծ պատերազմում, երբ պաշտպանում էին մեր ընդհանուր հայրենիքը և արյունակցական վրեժ լուծում գերմանացիներից, որոնց սպաները թուրքերի հետ միասին հայ ժողովրդի ոչնչացման ծրագրեր էին մշակում։

Մենք 15 տարի առաջ Փարիզում անցկացրեցինք Արևմտահայերի ժառանգների երրորդ համագումարը, այնուհետև Մյունխենում կազմակերպեցինք Եվրոպայի հայ համայնքների համաժողովը, պատրաստեցինք հայտարարություն և այդ փաստաթուղթը փոխանցեցինք Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելին։ Եվ հենց այդ ժամանակ Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Էրդողանը կատաղել էր և հայտարարել. «Ես հրաման կտամ, որ Գերմանիայի թուրքական սփյուռքի կանայք հինգ-վեց երեխա ունենան, նրանք ձեզ ցույց կտան իրենց ուժը»։

Արևմտյան աշխարհը կարողանում է աշխատել և քարոզչություն ծավալել։ Արդյունքում՝ նախկին հետխորհրդային հանրապետություններից իմ նշած բուֆերային երկրները մամլիչի մեջ են սեղմում Ռուսաստանին։ Անգլոսաքսերն իրենց մարդկանց են նշանակում ենթակա պետությունների գլխին. տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում։ Հայաստանում էլ բրիտանացիները մի նողկալի սրիկայի են կարգել, որն ամեն գնով ձգտում է դեպի ԵՄ։ 

Այս իրավիճակում Մոսկվան պետք է շատ լուրջ խոսի Երևանի հետ և թույլ չտա, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և դուրս բերի ռուսական ռազմաբազան։ Հակառակ դեպքում՝ մեծ դժբախտություն կլինի, և Կովկասը կբռնկվի։ 

Պետք է ամուր կամք դրսևորել, այլ ոչ թե խորհրդարանական ընտրություններից առաջ հայերի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ կոնյակի կամ գազարի ներկրման արգելքի տեսքով։ Մտածում էին՝ ժողովուրդը կբարկանա և դեմ կքվեարկի Փաշինյանի կուսակցությանը։ Բայց ամեն ինչ հակառակը ստացվեց։ 

Եվ վերջում. Ռուսաստանի հայկական սփյուռքը նամակ է գրել նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ հայտնել է իր աջակցությունը, քանի որ մենք չենք ընդունում Փաշինյանի վարած ռուսատյաց քաղաքականությունը»։

Կենսագրական տեղեկանք 

Նորատ Գրիգորիի (Գրիգորիևիչ) Տեր-Գրիգորյանցը ծնվել է 1936 թվականի հուլիսի 16-ին Օրջոնիկիձե քաղաքում (Հյուսիսային Օսիայի Հանրապետություն)։ Երեք տարվա ժամկետային ծառայությունից հետո՝ 1957 թվականին, ընդունվել և 1960 թվականին գերազանցությամբ ավարտել է Ուլյանովսկի գվարդիական տանկային ուսումնարանը։ 1973 թվականին գերազանցությամբ ավարտել է Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան, իսկ 1980 թվականին՝ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

1980-1983 թվականներին մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին՝ զբաղեցնելով 40-րդ բանակի շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1983 թվականի վերջին ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ԽՍՀՄ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ-կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, որտեղ ծառայել է մինչև 1991 թվականի վերջը։

1992 թվականի կեսերին Հայաստանի առաջին նախագահի հրավերով նա ժամանեց Երևան՝ երկրի կանոնավոր զինված ուժերի կառուցմանը ձեռնամուխ լինելու առաքելությամբ։ Հայաստանում զբաղեցրել է ԶՈՒ հրամանատարի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, ինչպես նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնները:

Նորատ Տեր-Գրիգորյանցը պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II և III աստիճանի, Մարտական կարմիր դրոշի, ինչպես նաև Աֆղանստանի Մարտական կարմիր դրոշի շքանշաններով ու 20 մեդալներով:

ՅԱԿՈՎ ՊԱՎԼՈՎ 

eadaily.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/24/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5-%d6%85%d6%80%d5%bb%d5%b8%d5%b6%d5%ab%d5%af%d5%ab%d5%b1%d5%a5%d5%b6-%d5%a3%d5%a5%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%ac-%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply