168: Ինչո՞ւ են TRIPP-ը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ. սիմվոլիկա կա, չէ՞… Մե

Հոկտեմբեր 24, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Նիկոլ Փաշինյանը սկսել է ավելի հաճախ պատմությունից խոսել. վերջին ճեպազրույցի ընթացքում, երբ լրագրողները նրան հարցնում էին մոլորված ադրբեջանցի հովվի և Շաքիի դեպքերի մասին, երբ ադրբեջանցին թափանցեց Հայաստանի տարածք, հայ կինը վնասազերծեց զինված ադրբեջանցուն, լրագրողները խոսում էին սահմանների պաշտպանված լինելու, անվտանգության մասին, նա բառացիորեն ասաց. «Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից մինչ այժմ չկա սահման, շփման գիծ, որը մարդը չկարողանա անցնել»։

Կարդացեք նաև

  • «2 ատոմակայանի» միֆը. Ինչո՞ւ է Հայաստանը կանգնել Թուրքիայից և Ադրբեջանից հոսանք գնելու վտանգի առջև
  • «Ռուսահայ Օրջոնիկիձեն». գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները
  • Հակառուսական հիստերիան մեզ կտանի անդունդը․ Երկիրը կփլվի, եթե ուրիշ տեղից հարմար գներով գազ չբերեն․ ՀԱՐՑՈՒՄ
  • Մենք գործ ունենք բառի ամենաբուն իմաստով ուղղակի անհեթեթության հետ. դա սովորական շառլատանություն է, նա փորձում է իր ստերը համեմել պատմությամբ՝ խեղաթյուրելով պատմությունը, պատմական իրադարձություններն ու դրանց տրամաբանությունը։ Ի՞նչ է նշանակում՝ համեմատել Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակների հետ։ Եթե Փաշինյանին ասեք՝ Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած կայսրության կամ տերության քարտեզը ցույց տուր՝ որտեղից էր սկսվում, որտեղ՝ ավարտվում, նա նույնիսկ չի կարող ցույց տալ։ Կամ այդ ահռելի տերության մեջ ի՞նչ սահման։ Տանձը խնձորի հետ է համեմատում։ Նույնիսկ քննարկելու կարիք չկա, ուղղակի ծիծաղելի է։ Ի՞նչն ես փորձում արդարացնել. դա նորմա՞լ երևույթ է, որ զինված ադրբեջանցին՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը, ավտոմատով եկել, մտել է մի տուն։ Դա նորմա՞լ երևույթ է։
  • Երբ ինքն իրեն համեմատում էր Քրիստոսի հետ, դրանից հետո ում հետ ասես կարող է համեմատել՝ Ալեքսանդր Մակեդոնացու կամ մեկ ուրիշի: Մի օր Մակեդոնացուց կխոսի, հաջորդ օրը՝ Նապոլեոնից, մյուս օրը՝ Հիտլերից, այն մյուս օրը՝ Ստալինից՝ օրվա կուրսով… Բառացիորեն երեկ եմ կարդացել, որ Ուսուցչի օրվա առթիվ հանդիպել է ուսուցիչների հետ, խոսակցությունը, երևի, չի գնացել իր ուզած հունով, և նա ափերից դուրս է եկել, սկսել է գոռալ, ճվալ՝ բա թե՝ մի՛ քարոզեք հայոց պատմություն, հայոց պատմություն ընդհանրապես գոյություն չունի… Հետո, երևի, հասկացնել են տվել՝ ի՞նչ ես խոսում, և նա սկսել է դա կատակի վերածել։

  • Փաստն այն է, որ օբյեկտիվ պատմությունը, անաչառ պատմությունը հենց Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին է։ Դրա համար է ամեն ինչ արվում այս երկրում, որպեսզի մեր պատմությունը խեղաթյուրվի։ Չե՞ք նկատել՝ մեր երկրի, մեր ժողովրդի պատմությանը պատերազմ է հայտարարված։ Անթաքույց պատերազմ, և այդ պատերազմը մղվում է տարբեր գործիքակազմերով՝ սկսած վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարություններից, խեղաթյուրումներից, այլասերված վերլուծություններից, վերջացրած հայոց պատմության կոնկրետ գործնական, կիրառական փոփոխություններով։ Կոնկրետ՝ դպրոցական ծրագրերի փոփոխություններ, դպրոցական քաղաքականության փոփոխություններ… Պատերազմ է հայտարարված:
  • Այս պատերազմում կա պատերազմը մղող մի կողմ։ Իսկ մյուս կողմն ո՞վ է։ Մեր երկրում կան բազմաթիվ պատմաբաններ՝ գիտական կոչումներ ունեցողներ, թեկնածուներ, դոկտորներ։ Քանի՞սն են կարծիք հայտնում։ Մեկը, երևի, Գիտպետկոմից ինչ-որ գրանտ ունի և համարում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, մյուսը վախենում է, մեկ ուրիշն այլ պատճառով է լռում… Մինչդեռ դա քաղաքականություն չէ, դա քաղաքացիական դիրքորոշում է։ Խորհրդային տարիներին հետաքրքիր ասացվածք կար՝ «Կոմունիստ կարող է չլինել, բայց քաղաքացի լինելը պարտադիր է»։ Հիմա, եթե գիտնականը, որը կրում է այդ բարձր կոչումը, քաղաքականությամբ չի զբաղվում, դա հասկանալի է, բայց որ չունի քաղաքացիական դիրքորոշում, դա արդեն, այո՛, լուրջ խնդիր է։
  • Իմ տեղեկություններով՝ Կրթության նախարարության հրամանով, շրջաբերական է ուղարկվել դպրոցներ, պարտադրում են, որ դպրոցներում օգտագործեն Փաշինյանի «թևավոր խոսքերը»։ Որոշ դպրոցներ, ես գիտեմ, արդեն դա անում են։ Կոչ եմ անում մյուս դպրոցներին ևս մոտենալ այդ խնդրին այսպես՝ նրա թևավոր խոսքերից վերցնել՝ «Արցախը, Հայաստան է, և վերջ», ու կպցնել պատերին։ Աբսուրդի ժանրից է, որ Կրթության նախարարությունն իրեն թույլ է տալիս դպրոցներին շրջաբերական իջեցնել, որպեսզի օգտագործեն նրա խոսքերը։ Ստալինյան ժամանակների պրոպագանդան անգամ նման տգեղ ու անորակ չի եղել։
  • Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն այն մարդն է, որը Նժդեհին որպես ֆաշիստ էր ներկայացնում։ Իրենք այդպես էլ մտածում են՝ այն, ինչ կապ ունի ազգայինի հետ, այն, ինչ կապ ունի պետականության հետ, այն, ինչ կապ ունի հայերի ինքնության հետ, այն, ինչ մեզ ուժ է տալիս, մեզ առանձնացնում է, ինչպես Խորենացին է ասում՝ մեր ժամանակներում էլ եղել են քաջության օրինակներ… այն ամենը, ինչ համապարփակ ձևով ներկայացնում է այդ ամենը, փորձում են ուղղակի ոչնչացնել։ Մեր ժողովրդին ուղղակի հետևյալ կոչն է արվում՝ պետական ամենաբարձր մակարդակով. կերե՛ք, խմե՛ք, քեֆ արե՛ք, ուրախացե՛ք։ Ինչպես հայտնի պարոնն է ասում՝ ծափ տուր, արա՛… Այսինքն՝ ոնց որ քաղցկեղի չորրորդ ստադիայում գտնվող մարդուն գնաս ու ասես՝ ծափ տուր, ուրախացի՛ր, քո մոտ ամեն ինչ լավ է։ Պատերազմում պարտվել ես, բայց դե, արի պայմանավորվենք, որ չենք պարտվել… Դրա շարունակությունն է սա։ 150 հազար մարդու դարձրել է անտուն, բայց ասում են՝ եկե՛ք պայմանավորվենք, որ նման բան չի եղել։ Ով էլ ինչ-որ բան է ասում՝ եկե՛ք կամ տանենք, դատենք, դատապարտենք, կամ էլ երկու կոպեկ փող տանք, բերանը փակենք։ 5000 զոհ ենք ունեցել, բայց ասում են՝ ոչինչ, եկե՛ք մինչև այսօր՝ պատերազմից քանի տարի անց էլ, անուն առ անուն չասենք՝ ովքեր են զոհվել, եկե՛ք ընդհանրապես մոռանանք, այդ մարդիկ չեն էլ եղել, այդ մարդիկ սխրանք չեն գործել, այդ մարդիկ քաջագործություններ չեն արել… Այդ մարդիկ իրենց կյանքը զոհել են ինչի՞ համար։ Իրենք չէի՞ն ասում՝  զոհվել են հանուն ոչնչի:  Հիմա էլ կոչ են անում մեր ժողովրդին, թե՝ ձեր համար համերգ են կազմակերպում, 30 տարի ձեր համար ո՞վ էր համերգ կազմակերպել, տեսեք՝ մենք ինչ լավն ենք, Սարյան փողոցում քեզ թույլ ենք տալիս, որ գաս՝ ասֆալտի վրա խորոված ուտես, խմես, պարես։ Ա՛յս է քո բաժինը, հայ ժողովուրդ։ Սա սարսափելի է… Ասում են՝ սա է քո բաժինը, հա՛յ, սա է քո բաժինն այս կյանքում։ Եվ ուրախացի՛ր ու շնորհակալությո՛ւն հայտնիր մեզ։ Մեկ էլ շնորհակալություն հայտնի՛ր, որ ասֆալտ ենք անում։ Ոնց որ թե՝ Նիկոլ Փաշինյանի հոր փողերով են այդ ասֆալտն անում կամ դպրոց վերանորոգում, ու դեռ պետք է շնորհակալ լինենք… Էնպես են ներկայացնում, ոնց որ մեր վճարած հարկերով չեն անում։ Ինչի՞ համար պետք է շնորհակալ լինենք։ Աասֆալտն էլ մի ասֆալտ լինի։ Տեսե՞լ եք՝ արած ասֆալտին մեկ տարի հետո ինչ է լինում…

  • Ո՛չ Սնուփ Դոգի արվեստից է հասկանում, ո՛չ Ջենիֆեր Լոպեսի արվեստից … Բայց դա ներկայացնում է՝ որպես երկրի մեծ նվաճում։ Երկրի մշակույթը, դրա նվաճումը ո՞րն է։ Ամերիկայում Սնուփ Դոգի ու Ջենիֆեր Լոպեսի նման առնվազն 500 արտիստ կա։ Փողին մուննաթ, ցանկացածին տաս՝ կգան, համերգը կտան ու կգնան։ Այդ ի՞նչ խնդիր է, այդ ի՞նչ արվեստ է, այդ ի՞նչ է փոխում մեր ժողովրդի կյանքում, հայ մարդու կյանքում, Հայաստանի քաղաքացու կյանքում։ 6 միլիոն դոլար Սնուփ Դոգին գումար տվեցին, համերգը չեղավ… Սնուփ Դոգն իր ամենալավ ժամանակներում անգամ 6 միլիոն դոլար չի արժեցել։ Փնտրե՛ք, հետազոտություն արեք, կոռուպցիան կտեսնեք։
  • Այդ TRIPP-ն ի՞նչ է։ Դոնալդ Թրամփի անվան տակ ներկայացվող Զանգեզուրի միջանցքն է, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ։ Եվ ինչ էլ ուզում են ասեն, ինչ էլ ուզում են խոսեն, սա ամերիկյան քավորությամբ իրականացվող ծրագիր է, որը պետք է Ադրբեջանի մի հատվածը կապի Նախիջևանի հետ։ Որտե՞ղ է այստեղ սուվերենության մասին խոսքը, ի՞նչ մաքսային ռեժիմի մասին է խոսքը։ Նման խնդիր գոյություն չունի։ Ամերիկյան շահն էլ այն է, որ իրենք հայտնվելու են Իրանի հյուսիսում, ինչի հետ կապված Իրանը մեծ վերապահումներ ունի։ Եվ սա հերթական քայլերից մեկն է, որի հետևանքով Սյունիքի տարածքը կանգնելու է աշխարհաքաղաքական մեծագույն խնդրի առաջ։

Ինչո՞ւ են TRIPP նախագիծը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ։ Այստեղ սիմվոլիկա կա, չէ՞։ Մեղրի՛։ Այսքան տարիներ շատերն ինչի՞ց են խոսել՝ Մեղրիից, Վազգեն Սարգսյանին են կապել Մեղրիի հետ, այլոց են կապել Մեղրիի հետ… Հիմա Մեղրին հանձնում են։ Սա Մեղրիի հանձնում չէ՞։

Շատերն ուրախանում են, որ Իրանը հայտարարում է՝ մենք մեր շահերը զենքով կպաշտպանենք։ Իսկ եթե իրանցիները մի օր մտան այդտեղ, նրանց հանելո՞ւ եք։ Պարզ հարց եմ տալիս։ Շատերն ուրախությամբ ասում են՝ այո՛, Իրանը մեզ կպաշտպանի։ Բայց եթե Իրանը մտավ Սյունիք կամ Սյունիքի որոշ հատվածներ, հանելո՞ւ եք։ Ադրբեջանցիներին չեք կարողանում հանել ձեր 200-300 հեկտար տարածքից, դուք Իրանին ո՞նց եք հանելու այդ տարածքներից։ Ինչի՞ վրա եք ուրախանում… Հասկանո՞ւմ եք՝ երկիրը հրաժարվել է իր սուվերենությունից, իսկ մարդիկ ուրախանում են, որ այս կամ այն մեկը կպաշտպանի։

  • Խորհրդարանական մեր ընդդիմությանը կարո՞ղ եք հարց ուղղել. մեկ ամիս առաջ Ամերիկայի դեսպանի հավատարմատարն է եկել Ազգային ժողով և հանդիպել ընդդիմադիր ուժերի հետ։ Ասում են՝ նույն բանն է ասել, որ դուք պարտվել եք այդ պատերազմում, և պարտության պտուղները պետք է մինչև վերջ ուտեք։ Այո՛, Ալիևի պահանջով պետք է Սահմանադրությունը փոխվի, իսկ մենք Նիկոլի կողքին կանգնած ենք, եկել ենք ձեզ այդ մասին ուղիղ ասելու։ Հարց տվեք ընդդիմությանը՝ նման բան եղե՞լ է, թե՞ չի եղել։ Հարցրեք, թող պատասխանեն։ 
  • Խորհրդարանական ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները պետք է բացատրեն՝ TRIPP-ը հիմա լա՞վ բան է, թե՞ վատ բան։ 
  • Այս իշխանությունները պետք է պատասխանեն՝ հիմա, երբ ամերիկացիներին բերում են ու կանգնեցնում այստեղ, իսկ պարսիկներն էլ բառացի ասում են՝ խփելու ենք, դա լա՞վ է, թե՞ վատ։ Պարսից ծոցի երկրների տարածքներում նրանք հիմա իրար են խփում, չէ՞։ Ուզում եք, որ մեր երկրի տարածքում էլ իրար խփե՞ն։ Ուրա՞խ եք դրանից։ Դուք հասկանո՞ւմ եք, որ սրանով այս երկիրը, ժողովրդին տանում են ուղիղ անդունդ, որտեղ արդեն դրված է այս երկրի լինել-չլինելու հարցը։

Բերում են այստեղ ամերիկացիներին, այստեղով պետք է անցնեն ադրբեջանցիները… Դրան գումարած՝ պարսիկներն այն կողմից են զգուշացնում, Ռուսաստանն այս կողմից է զգուշացնում՝ խնդիրներ կլինեն։ Է՛, հետո՞։ Այս երկիրն ի՞նչ եք սարքել։

  • Սրանք կապիտուլյանտ են։ Կապիտուլյացիան տեղի է ունեցել, և այդ կապիտուլյացիայի շրջանակներում սրանցից ով ինչ ուզում է՝ վերցնում է։ Հանուն իշխանության՝ ինչ իրենից պահանջում են՝ Փաշինյանն անում է, ինչ պահանջում են՝ տալիս է, նա դիմադրելու որևէ հնարավորություն չունի։ Դիմադրելու կամ չդիմադրելու այլընտրանքը հանրային-հասարակական կոնսոլիդացիան է։ Հայ ժողովրդին պետք է համախմբել, որպեսզի հայ ժողովուրդը դիմադրի։

  • Եթե նկատել եք, Փաշինյանի արբանյակներն օդում հերոսներ են խաղում՝ Ռուսաստանի դեմ են պատերազմում, պատրաստվում են ռուսական ներխուժմանը, Ռուսական կայսրության դեմ… Այսինքն՝ Ալիևից շան պես վախեցողները Վլադիմիր Պուտինից չե՞ն վախենում… Հասկանո՞ւմ եք՝ սրանց ստահակությունն ուր է հասել։
  • Սրանց Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ «Ես Ալիևին ասացի՝ պարոն նախագահ…»։ Ինքը հասել է այդ մակարդակին, որ Ալիևի մասին «պարոն նախագահ» է ասում։ Ուշադիր նայեք՝ ինչ բառապաշարով և ինչ բառամթերքով է նույն անձը խոսում Հայաստանի նախկին ղեկավարների մասին, այդ թվում՝ Հայաստանի Առաջին նախագահի, որը տարիքով մարդ է։ Եթե տվյալ պարոնը ընտանիքում է առհասարակ դաստիարակվել, մարդու մասին խոսելիս պետք է հաշվի առնի նրա տարիքը։ Դա արդեն ընտանեկան դաստիարակության, մամայի ու պապայի տված դաստիարակության հարց է։
  • Եթե Ադրբեջանը ցանկանում է ցամաքային ճանապարհով կապ ունենալ Նախիջևանի հետ, այդպիսի ճանապարհ ունի Իրանի տարածքով։ Եթե ճանապարհ եք ուզում Հայաստանի տարածքով, ապա թող լինի այնպիսին, ինչպիսին Իրանի տարածքով է։ Փաստացիորեն Հայաստանից ուզում են տարածք պոկել, որի վրա Հայաստանի պետության ինքնիշխանությունը որևէ ձևով չի գործելու։ Ինչ-որ բանտիկներ կդնեն, կխաբեն, բայց փաստը կմնա։ Եվ այդ մասին բացահայտ հայտարարում են Ալիևն ու նրա շրջապատը։ Բացահայտ ասում են, որ այդ ճանապարհով անցնելիս հայերի երես չեն տեսնելու։ Դուք ինչքա՞ն կարող եք ժողովրդին խաբել, այս երկրի հողերը աճուրդի հանել՝ ձեր իշխանությունը պահելու համար։
  • Այսօր TRIPP-ն եք տալիս, վաղը եվրոպացիներն են գալու ու ասելու՝ դե, մի անգամ արել ես, էլի՛ պետք է անես։ Հիմա սա պետք է տաս, հիմա՝ այն։ Հետո գալու են ռուսներն ասեն, հետո գալու են պարսիկներն ասեն՝ էդ ո՞վ է ասել, որ ամերիկացիները, ռուսները կամ եվրոպացիները մեզնից ավելի լավ տղա են։
  • Ի վերջո, կարելի՞ է պատմությունից դասեր քաղել, թե՞ ոչ։ Ի վերջո, կարելի՞ է հետևողականորեն ու անընդմեջ ապուշ չլինել, մեկ-մեկ նայել՝ սեփական պատմությունն ինչպես է զարգացել։
  • Ձեզ 30 տարի ասել են, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, չէ՞։ Եվրոպական բոլոր հարթակներում, ամերիկացի չինովնիկները, ռուս չինովնիկները համատեղ են դա ասել։ Հրապարակային են ասել, միջանցքներում ականջներիդ են փսփսացել, այդ ամենն ասել են, չէ՞։ Բա վերջում ի՞նչ եղավ։ Բոլորն էլ ձեռքերը լվացին, հիմա էլ ասում են՝ դե, ծափ տվեք, ուրախացեք, խաղաղություն է։ Կարելի՞ է սրանից դասեր քաղել, թե՞ չի կարելի։ …Սա պետք է մեր ժողովրդին բացատրել՝ շատ պարզ, շատ հանրամատչելի ձևով։ Իսկ բացատրողներ քիչ են։
  • Եկե՛ք նայենք՝ մասնավոր բիզնեսն ի՞նչ է ֆինանսավորում մեր երկրում։ Մեր երկրի մասնավոր բիզնեսը ֆինանսավորո՞ւմ է մշակույթը, պատմությունը։ Ո՛չ: Ընդդիմադիրներին էլ փողոցներում տեսնում, մի կողմ են քաշում, ասում՝ «Գազ տուր», Էդգար Ղազարյանին ասում են՝ «Ղազարյան ջան, գազ տուր, ապրես»… Բայց վախենում են անգամ մտնել, Ֆեյսբուքում մի հատ ստատուս լայքել։

Քանի՞ մշակութային նախագիծ է մասնավոր բիզնեսը ֆինանսավորել, քանի՞ գրքի հրատարակում է ֆինանսավորել, քանի՞ պատմության հանրահռչակման ծրագիր է ֆինանսավորել։ Մեր երկրում մասնավոր բիզնեսը քաշվել է մի կողմ ու ասում է՝ դա ինձ չի վերաբերում, իմ գործը փող աշխատելն է, վաղն ուրիշ իշխանություն կլինի, իրենց հետ լեզու կգտնեմ, հիմա սրանց հետ լեզու եմ գտել, քանի դեռ ինձ ձեռք չեն տալիս, ես ոչ մի բան չանեմ։ Ներքուստ վատ է զգում այս ամենից, բայց չի ուզում պայքարել։ 

  • Դուք չե՞ք նկատել, որ մեր երկրում կարծես կոնսենսուս կա՝ բոլորը մտածում են, որ պետք է միայն տաքսու շոֆերները պայքարեն։ Բացե՛ք բանկերի եկամուտները, նայեք՝ ինչքա՞ն եկամուտ են ստացել, ինչքա՞ն են իրենց աշխատողներին, աշխատակիցներին պրեմիա բաժանել այդ գերշահույթներից։ Եվ մի հարց էլ տվեք նրանց՝ բանկիրները պատասխանատվություն ունե՞ն, թե՞ չունեն, պիտի պայքարե՞ն, թե՞ չպիտի պայքարեն։ Թե ով լինի Հայաստանում իշխանության, իրենց համար մեկ է․ իրենց գործը փող աշխատելն է։ Ալիևն էլ լինի՝ իրենց լավ է։ Կարևորը՝ փողը գալիս է։ Փողը մի տեղից վերցնում են, վաշխառուի նման մի ուրիշ տեղ տալիս են, արանքում փող են աշխատում, շատ լավ ապրում են՝ օլիգարխի նման, գերշահույթներ էլ ունեն…

  • Կոնկրետ հարց եմ տալիս՝ օրինակ, բանկիրներն անելիք ունե՞ն, թե՞ չունեն։ Թե՞ մենակ տաքսու վարորդները, հասարակ ժողովուրդը պետք է պայքարի։ Երբ ասում ենք՝ ժողովուրդ, բա ինչո՞ւ բանկիրներին, խանութպաններին, մյուսներին նկատի չունենք։ Բոլորն ասում են՝ ժողովուրդ, բայց պատկերացնում են տենց՝ երեք ատամ ունեցող տաքսու վարորդ։ Ի՞նչ անեն էդ խեղճ տաքսու վարորդները։ Երբ պետք է եղել այս երկրի համար գնալ կռվելու, իրենք ու իրենց զավակներն են գնացել կռվելու։ Բա դուք ի՞նչ պետք է անեք, էդ վերևի խավը, էդ հարուստ խավը ի՞նչ պետք է անի։ Գոնե ինչ-որ բան պետք է ֆինանսավորի՞, թե՞ չպիտի ֆինանսավորի… Երբ ինչ-որ բանի մասին խոսք է գնում, իրենք միշտ հետ են քաշվում․ «Սա քաղաքականություն է, մենք քաղաքականության հետ կապ չունենք»։
  • Ես՝ որպես պատմաբան, չեմ կասկածում, որ ժամանակը գալու է, և այս ամենի պատասխանատվության բեռը շատ հստակ է սահմանվելու՝ յուրաքանչյուրի համար՝ թե՛ ոլորտային, թե՛ անվանական։ Ով ինչ է արել, ով ինչ մեղսակցություն ունի, ով ինչ պատասխանատվության չափ ունի։ 
  • Նիկոլ Փաշինյանի դավաճանաբար տանուլ տված պատերազմից հետո քանի՞ դիվանագետ է դիմում գրել ու դուրս եկել՝ հասկանալով, որ այլևս այսպես հնարավոր չէ, որ սա արդեն բարոյական խնդիր է, և ինքը չի կարող աշխատել։ Եվ քանի՞ դիվանագետ է մինչև այսօր մնացել՝ խելոք գլուխը կախ։ Այդ մարդիկ Նիկոլի «իրական Հայաստանի» շրջանակներում աշխատում են: Իրականում այդ մարդիկ Փաշինյանի դավաճանության ու ուրացության մասնակիցներ և հանցակիցներ են, բայց իրենք իրենց համոզել են, թե իբր պետության համար են աշխատում։
  • Վաշինգտոնում, որ ստորագրում էիք, Ալիևը էդտեղ ի՞նչ էր անում, ի՞նչ էր ստորագրում։ Ի՞նչ է նշանակում` TRIPP-ը կապ չունի խաղաղության պայմանագրի հետ: Կամ` մենք պատերազմի մե՞ջ ենք, որ խաղաղության պայմանագիր են ստորագրում։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բաներ է հանձնում՝ ֆիզիկական, ոչ ֆիզիկական, հողի տեսքով, ճանապարհի տեսքով, սուվերենության տեսքով, իրավունքի տեսքով, միջազգային իրավունքի տեսքով, բարոյականության տեսքով։ Ինչ-որ բաներ է հանձնում, որը չգիտես՝ որտեղ է պայմանավորվել և ում քավորությամբ է պայմանավորվել, որի մասին մենք մինչև հիմա, մինչև վերջ պատկերացում չունենք։ 
  • Ամերիկյան քավորությամբ թուրքերը և ադրբեջանցիները պահանջել են ճանապարհ, ինքն էլ գլուխը կախ տալիս է։
  • Միջանցքը տալուց հետո ադրբեջանցիներն ու թուրքերը Միրզոյան Արարատի՞ն, թե՞ ԱԱԾ-ին են հարցնելու` զենք տեղափոխե՞ն էդ ճանապարհով, թե՞ չէ: Տալուց հետո` իրենք կորոշեն` զենք կտանեն, թմրամիջոց կամ տեռորիստներ, վարձկաններ կտանեն-կբերեն… Ուղիղ եմ հարցնում՝ տղե՛ք, ձեր խնդալը չի՞ գալիս ձեր ասածի վրա, դուք ո՞վ եք, դուք ձեզնից ի՞նչ եք ներկայացնում… միակողմանի ճանապարհ են ուզել, տվել եք, եկել եք` ժողովրդին խաբում եք… Բոլորը հասկանում են, որ այդ ճանապարհն Ադրբեջանի համար ունի ոչ թե տնտեսական, հումանիտար կամ այլ նշանակություն, այլ ունի կոնկրե՛տ, ռազմաքաղաքական, ստրատեգիական նշանակություն: Առաջին հերթին՝ Թուրքիայի համար, հետո՝ Ադրբեջանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների կամ Հավաքական Արևմուտքի համար` աշխարհաքաղաքական իրենց հարցերը լուծելու նպատակով: Ամերիկացիները մի օր կարող է որոշում են, օրինակ, Ռուսաստանի կամ Չինաստանի հետ Եվրասիայի հենց այս մեջտեղում մի նոր պարտիա խաղալ, ինչպես ժամանակին ռուսները և բրիտանացիներն էին այդ մեծ խաղը խաղում` Կիպլինգի ասած՝ աշխարհաքաղաքական հայտնի մեծ խաղը, որը Միջին Ասիայում էր գնում։ Սրա կոմպոնենտներից մեկն էլ Կովկասն է։ Եթե դուք պատմությունն ուշադիր նայեք, կտեսնեք` երբ Ռուսական կայսրությունն ընդլայնվում էր, դեպի Կովկաս և Միջին Ասիա միաժամանակ է ընդլայնվել, և այդ ամեն ինչը փոխկապակցված էր. եթե Ռուսաստանը Հարավային Կովկաս չգար, Ղրիմի հարցը չէր կարող ժամանակին լուծել։ Ղրիմի խանությունն իրենք վերցրել են, որովհետև թիկունքը պահել են Հարավային Կովկասով։
  • Սրան Շառլ Միշելն ու Մակրոնը կանչեցին Եվրոպա, ասացին` Ղարաբաղը տալիս ես, սիրուն ստորագրում ես թղթերը, մենք կօգնենք, դու իշխանություն կմնաս Հայաստանում։

  • Պատկերացրեք` դուք նորվեգացի եք, ինչի՞ համար պետք է հարգեք Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած պետությանը: Պարտվել է պատերազմում, չի կարողացել հաղթել, հանձնել է իր հայրենիքը, հիմա ուրանում է սեփական պատմությունը, լիզում է իրեն հաղթողների ոտքերը, իրեն նվաստացնողները հրապարակային իրեն անվանարկում են, ինչ ասես, ասում են, ինքն ամեն ձև փորձում է շողոքորթել նրանց… Իրեն Իլհամ Ալիևը հարբած ծաղրածու էր, չէ՞, անվանել։ Հետո էդ հարբած ծաղրածուն վազում է, խաղաղության ինչ-որ մեդալ է Գերմանիայում վերցնում, շնորհակալություն է հայտնում իրեն հարբած ծաղրածու անվանող Ալիևին… շնորհակալություն ինչի՞ համար, որ քեզ հաղթել է, քո զինվորներին սպանել է, քո հայրենիքը քեզանից խլել է, քեզ էլ հարբած ծաղրածո՞ւ է ասել։ Բա դու տղամարդկային գոնե արժանապատվություն կարո՞ղ ես ունենալ, թե՞ չես կարող։ Հիմա այդ նորվեգացին ո՞նց կարող է հարգել քեզ, ինչի՞ համար հարգի։ 
  • Սա դառնում է աշխարհաքաղաքական խնդիր, թեմայի մեջ են ներքաշվելու պարսիկները, ռուսները, ոչ մեկը ձեռքները ծալած չի նստելու…
  • Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է ոչ մի բանի մասին երկիր: Ժամանակին անեկդոտ կար. ասում էին՝ աշխարհի ամենաանկախ երկիրը Մոնղոլիան է: Ինչո՞ւ Մոնղոլիան, որովհետև նույնիսկ իր ներքին գործերին չի խառնվում։ Հիմա Հայաստանն է։
  • Երկիրը վերածվելու է աշխարհաքաղաքական սարսափելի մի մսաղաց-վայրի։
  • Հարավային Կովկասում այլևս չի կարող լինել խաղաղություն առանց Ռուսաստանի և Թուրքիայի, և մասամբ՝ նաև Իրանի։ Դա անհնար է։ Սրանից 100 տարի առաջ տարածաշրջանում կար 2 գերիշխող ուժ՝ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը, և իրենք հաստատեցին խաղաղությունը։ Այլ բան, որ այդ խաղաղության պայմանները կարող է մեզ դուր չգան, բայց այդ 2 ուժը դա արեցին։ Ոչ բրիտանական իմպերիաները, ոչ էլ Ամերիկան, Հարավային Կովկասում պայմաններ կարող է թելադրել միայն Ռուսաստանը։ Մի քիչ ավելի քիչ՝ Թուրքիան, ավելի քիչ՝ Իրանը: Սա չի նշանակում, որ ամերիկացիները, եվրոպացիները և չինացիները որոշակի մասնակցություն այդտեղ չեն ունենալու, իհարկե ունենալու են, բայց ոչ ամբողջական։ Թռեք երկինք, ուզում եք՝ թռեք երկնքից երկիր, ինչ ուզում եք՝ արեք, դա է իրողությունը, և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել, ու վայ նրան, որ հաշվի չնստի։ 
  • Այն, ինչ իրանցիներն արեցին, աշխարհում շատ քչերի համար էր սպասելի, որ այդպես կդիմադրեն, նման պատասխան հարվածներ կհասցնեն, այդքան ներքին ամրություն կունենան և կկարողանան այդ մակարդակի խաղալ։ Չնայած, Իրանն ուսումնասիրողները միշտ են իմացել, որ մենք գործ ունենք խորքային լուրջ պետության հետ։ Առհասարակ, պետություն հասկացությունն Իրանում է ստեղծվել։ Պետությունը, պետականությունը, պետական կառավարումը, պետական արժեհամակարգը լուրջ հիմքերի վրա է դրված Իրանում, այդ մարդկանց արյան մեջ է դա։ 
  • Միացյալ Նահանգները կհարվածի՞ Իրանին, թե՞ չէ, բարդ է ասել, բայց փաստ է` Իրանն այն քաշային կարգի պետությունը չէ, պարսիկներն էլ այն ժողովուրդը չեն, որին կարող է Միացյալ Նահանգների քաշային կարգի պետությունը հաղթել սովորական կոնվենցիոնալ պատերազմում։ Ես ձեզ վստահեցնում եմ` ոչ Ամերիկան, ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը, ոչ էլ երեքը միասին Իրանին ժամանակակից կոնվենցիոնալ ձևերով պատերազմում հաղթելու հնարավորություն չունեն, դա չափազանց մեծ պետություն է՝ չափազանց մեծ բնակչության թվով։ Կառավարման ուրույն, դարավոր պատմական փորձ ունեցող տրադիցիաներով պետությունը, զինված ուժերի նկատմամբ վերաբերմունքով, հանրային կոնսոլիդացիայի աստիճանով… շատ բարդ թիրախ է բոլորի համար:
  • Իլհամ Ալիևին և նրա շրջապատին բացարձակ ձեռնտու չէ Թուրքիայի շատ հզորացումը, որովհետև դա հենց Ալիևի վարչակազմի գործողությունների շրջանակն է նեղացնում՝ ընդհուպ Ադրբեջանի ներսում։
  • Եթե Թուրքիան որոշակի խնդիրներ ունենար Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու առումով, ապա Հայաստանի հետ սահմանը շատ վաղուց բացած կլիներ, մի երկու սիրուն կոնֆետ ցույց տված կլինեին, շատ հարցեր լուծած կլինեին։ Բայց քանի որ մեծ քաղաքականությունը նիկոլական գյադաների ժամանակների ոգուն և տառին համահունչ քաղաքականություն չէ, թուրքերն ինչ որ ժամանակին պայմանավորվել էին ռուսների հետ այս տարածաշրջանում, շարունակում են այդ պայմանավորվածությունը պահել` էն սահմանների շուրջ, որ իրենք գծել են Կարսի պայմանագրով: Նրանք դա չեն խախտում։ Իրենք համարում են, որ սա ռուսական ազդեցության գոտի է, և չեն մտնում, հաշվի են առնում` մինչև նոր Կարսի պայմանագիր կստորագրեն ռուսների հետ։
  • Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում, բնականաբար, կան խնդիրներ և գնալով խորանալու են։ Գնալով խորանալու են, որովհետև թուրքական ստրատեգների համար էլ են, չէ՞, շատ բաներ պարզ։ Իրենք լավ գիտեն, չէ՞, որ, օրինակ, եթե ղարաբաղյան հակամարտությունն ավարտվեց, էդ թեման փակվեց, Ադրբեջանի ինչի՞ն է պետք Թուրքիան։

  • Ադրբեջանում ևս անհանգիստ են. իրենց պե՞տք է, որ Անկարայից ինչ-որ մեկը գա, իրենց պապայություն անի, գերիշխի իրենց, իրենց ասի, թե Ադրբեջանում ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի, որ բիզնեսը ում պետք է պատկանի, ով ինչքան քվոտա պետք է ունենա։
  • Այն, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում լուրջ խնդիր կա, դրա ամենապարզ ցուցիչներից մեկն էն է, որ Ադրբեջանն աշխարհի միակ երկիրն է, որը ՔՈՎԻԴ-ից հետո մինչև օրս իր արտաքին սահմանները փակ է պահում։ Արտաքին աշխարհից Ադրբեջան հնարավոր չէ ցամաքային սահմանով մուտք գործել, միայն ինքնաթիռով։ 
  • Ալիևը շատ լավ գիտի, որ այդ երկրում խորը նստած են Իսրայելի, Թուրքիայի, Իրանի հատուկ ծառայությունները։ Եվ, որ ամենակարևորն է, շատ խորը և բոլորից ավելի շատ նստած են ռուսական հատուկ ծառայությունները։ Ու դրանք նստած են թե՛ անվտանգության մարմիններում, թե՛ բանակային ստորաբաժանումներում, թե՛ կրոնական հասարակական կազմակերպություններում և մյուս բոլոր ոլորտներում։
  • Ադրբեջանը Սիրիայի մեկին մեկ կրկնօրինակն է։ Ի՞նչ եղավ Սիրիայի հետ։ Իրենք պարամետրերով շատ նման համակարգեր են, շատ իդենտիկ։ Իլհամ Ալիևը լավ գիտի, չէ՞, որ Ադրբեջանի ճակատագիրը վաղ թե ուշ ուղիղ տանում է դեպի սիրիականացում։ 
  • Միայն Թուրքիայի խնդիրը չէ։ Ալիևի բերանը լեզու է հայտնվել և կատվի՛ց վերածվել է վագրի… Որովհետև քանի կար Ղարաբաղի խնդիրը, օրինակ, Ադրբեջանն Իրանի հետ էդպես չէր պահում։ Քանի կար ղարաբաղյան խնդիրը, Իրանը Թուրքիայի հետ իրեն էդպես չէր պահում։ Ամենակարևորը՝ քանի կար ղարաբաղյան խնդիրը, քանի կար հայկական Ղարաբաղը և այն ստատուս-քվոն, որ Հայաստանի զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը ստեղծել էին 1994 թվականին, Ալիևն Իրանի, Ռուսաստանի հանդեպ այդ ձևով չէր պահում։
  • Ալիևի տոնը տեսնում եք Ռուսաստանի հետ խոսելիս… Եթե մենք շատ խոր վերլուծենք, առանձնապես Նիկոլ Փաշինյանից չի տարբերվում։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանին են շպագատ իջեցրել, նույն ձև էլ Ալիևին է դա սպառնում։ Եվ այդ օրը սարերի հետևում չի… երկուսով հայտնվելու են պատմության աղբանոցում։
  • Կասե՞ք մի բան, որ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը, տղամարդկությունը կարող է հերիքել, ասել՝ «Ես համաձայն չեմ դրա հետ»։ Կա՞ տենց բան:
  • Մեր ժողովուրդը, հասարակությունը, գիտական շրջանակները, հանրային շրջանակները, քաղաքական շրջանակները հարց պետք է բարձրացնեն. այո, Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը 44-օրյա պատերազմում պարտվել, կապիտուլացվել է, իսկ Ռուսաստանն ի՞նչ է եղել։ Ռուսաստանը եղել է Հայաստանի դաշնակիցը, Ադրբեջանը եղել է Թուրքիայի դաշնակիցը, հաղթել է Ադրբեջանը, կապիտուլացրել է Հայաստանին, Էրդողանը Բաքվում Ալիևի հետ միասնական պարադ են արել, դրանից հետո Էրդողանը գնացել է Շուշի։ Այդ պատերազմից հետո Էրդողանը գնում է հայկական Շուշի, Պուտինը չի կարող գնալ կանգնել Շուշիում։ Հետևաբար՝ հարց է ծագում` Ռուսաստանն ի՞նչ է արել, պարտվե՞լ է, թե՞ հաղթել է այս պատերազմում։ Եթե պարտվել է, ապա ինչո՞ւ ենք մենք Հայաստանի պարտությունը ձևակերպում, իսկ Ռուսաստանի պարտությունը չենք ձևակերպում։ Լավ, Հայաստանը պարտվել է, թե ով է Նիկոլ Փաշինյանը, դա մենք բոլորս գիտենք, բոլորս արձանագրել ենք, բայց չէ՞ որ դուք էլ եք պարտվել այդ պատերազմում: Դուք չե՞ք պարտվել։ Ի՞նչ եք տենց շվշվացնելով անցնում առաջ, կարծես թե ոչ մի բան ձեր կյանքում տեղի չի ունեցել…
  • Երբ մենք ասում ենք՝ ընդդիմություն, պետք է հարց տանք` այս ընդդիմության մի հատվածը 2018 թվականին հրապարակներում ի՞նչ էր անում. Իհարկե, ոչ Փաշինյանին, ոչ ընդդիմության մի հատվածին դուր չի գալիս, երբ ասում ենք՝ գունավոր հեղափոխություն է տեղի ունեցել: Իրենք հրապարակներում դրա մասնակիցն են եղել, հիմա ի՞նչ ասեն… ասեն՝ տհաս ենք եղել, չենք հասկացել, գնացել ընկել ենք այդ արտասահմանյան գործակալական ցանցերի ջրե՞րը… Թե՞ ասեն՝ մենք դրանց հետ դաշնակից ենք… ամենահեշտ տարբերակը գտել են, ասում են` Սերժ Սարգսյանը բերեց, հանձնեց իշխանությունը: Իրենց էլ որ ասում ես՝ բա դուք այդ օրերին հրապարակներում ի՞նչ էիք անում… Դրա գնահատականը մի օր պետք է տրվի։ 
  • Մինչև 2018-ը 10 տարի այդ մարդիկ ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղվել, 10 տարի ո՞ւմ դեմ են պայքարել… Անգամ ադրբեջանական հարձակման` ապրիլյան պատերազմի օրերին, ՊՊԾ գնդի գրավման օրերին… ո՞վ` իրեն ո՞նց էր պահում, կոկրետ շրջանակներ իրենց ո՞նց էին դրսևորում, մեդիաներով ի՞նչ էին խոսում, սոցիալական ցանցերում ո՞նց էին արտահայտվում… գագաթնակետն էլ վերջում 2018-ի ցույցերին նրանց ուղիղ մասնակցությունն էր…
  • Պարկեշտ մարդը, հատկապես իրեն քրիստոնյա համարող մարդը չի կարող ասել՝ ժողովուրդն էսպես որոշեց. եթե ես ունեմ իմ ճշմարտությունը, ուրեմն, իմ ճշմարտության համար պետք է գնամ խաչվեմ այնպես, ինչպես իմ Աստված է խաչվել։

  • Ընդդիմության որոշ շրջանակներ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց մաքրեն, ցույց տան, իբրև թե իրենք կապ չեն ունեցել Նիկոլին բերելու հետ։
  • Իրենք գիտեն, չէ՞, հանրային տրամադրությունները, իրենք գիտեն՝ հանրային ընկալման մեջ Նիկոլն ով է։ Նիկոլը հանրային ընկալման մեջ էն աթարն է դարձել, որ մեկը վերցնում է, ուզում է քսի մյուսի վրա, մյուսին կեղտոտի։ Այ էդ է Նիկոլը դարձել հանրային ընկալման մեջ։ Բայց այդ խոսակցությունները, չեմ կարծում, որևէ տեղ տանելու են մեզ։ Ո՞վ բերեց Նիկոլին, ո՞վ չբերեց։ Ձեր գործը Նիկոլին լարելը չի՞։ Բա լարեք, հեռացրեք։ Ձեր գործը Նիկոլ Փաշինյանին իշխանազրկե՞լն է, Նիկոլ Փաշինյանից Հայաստանը փրկե՞լն է։ Դուք էդ դրոշն եք բարձրացրել։ Նիկոլին լարե՞լն է ձեր գործը։ Բա հեռացրեք։ Ումի՞ց ի՞նչ եք ուզում։ Նիկոլին Պողոսը բերեց, Պետրոսը բերեց, սև շունը բերեց. էդ խոսակցությունն ի՞նչ է փոխում… Կրկնում եմ` էդ խոսակցությունը լավ տեղ չի տանելու, որովհետև մի օր իսկականից ոմանց նյարդերը չեն դիմանալու…
  • Ինչու Փաշինյանը հրահանգեց կալանավորել Արթուր Դանիելյանին, ինչո՞ւ որոշեց ընկնել Արթուրի հետևից։ Ամեն ինչ շատ պարզ է։ Արթուր Դանիելյանը քաղաքական գործիչ է, բայց էս պահին չէր հանել դրոշը, չէր ասել՝ «Ես դուրս եմ գալիս փողոց՝ Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու»։ Արթուր Դանիելյանը սոցիալական ցանցերում հանդես էր գալիս տրամաբանական վերլուծություններով։ Հայտնվել է մեկը, որը սոցիալական ցանցերում բովանդակություն է ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանի և նրա ստեղծած ռեժիմի առանձնահատկություններից մեկն այն է, որ իրենք վախենում են ուղիղ խոսքից։ …Արթուր Դանիելյանին չի կարող ասել՝ թալանչի ես, գող ես, ավազակ ես, մյուսը, մյուսը, մյուսը։ Արթուր Դանիելյանն այդ առումով անխոցելի է։ Իրենք հասկանում են, որ Արթուր Դանիելյանի նմանները, երբ որ սոցիալական ցանցերով, մեդիաներով սկսում են ժողովրդի աչքերը բացել, դա իրենց համար խնդիր է։ Անխոցելի տղա է, անխոցելի քաղաքական գործիչ է, որի խոսքը պրոբլեմ է։ Արթուրը չի ալարում, նստում է, Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության, կառավարության, բյուջետային քաղաքականության ամբողջ տվյալները վերցնում է, էդքան խելք ունի, ուսումնասիրում է, վերլուծում է, ասում է՝ «Էս է, ժողովուրդ…»։ Այ դա է իրանց նյարդայնացնում։ Արթուր Դանիելյանին չեն կալանավորել նրա համար, որ վախեցնեն նրան, իրենք լավ գիտեն, որ Արթուր Դանիելյանը չի վախենում։ Արթուրը չի վախեցել և, ի տարբերություն Նիկոլի և իր շրջապատի նապաստակների, ավտոմատը ձեռքում՝ Աղդամում իր դիրքն է պահել` էդ բոմբերի տակ… Էդ մարդը չի վախենում նստելուց, չի վախենում մեռնելուց։ Իրեն չես կարող դրանով վախեցնել։ Իրենք դա լավ գիտեն։ Իրենց խնդիրն է՝ Արթուր Դանիելյանի բերանը փակել։ Բերանը փակելու տարբերակը շինծու գործով տանելն է։ Սա ակնհայտ է բոլորի համար։ Արթուր Դանիելյանի գործողություններում հանցակազմ գոյություն չունի, և բոլորը դա հասկանում են։
  • Քաղբանտարկյալների մի խումբ նրա համար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա շոու անել, թե բա` ՝ «Ա՛յ, սա նախկին թալանչի է, տեսե՛ք, ես պատժում եմ, ես բռնում եմ, ես ձեր ունեցվածքը հետ եմ բերում…»։ Անշուշտ, այդ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են։ Բայց Արթուր Դանիելյանին շոուի համար չի կալանավորել, այլ՝ որովհետև նա վտանգ է ներկայացնում։ Նրանց մի մասը վտանգ չի ներկայացնում, բայց ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նրանք պետք է նստեն, որ ինքը շոու անելու հնարավորություն ունենա։ Բայց որքանով ես Արթուր Դանիելյանին ճանաչում եմ, իսկ ճանաչում եմ տարիներ, գիտեմ, որ նա ոչ վախեցողն է, ոչ բերանը փակողը, ոչ էլ ինչ-որ բանից ընկճվողը։
  • Մեծամասնության համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն ունի արտասահմանյան, օտարերկրյա սվիններով։ Որ պահին աշխարհաքաղաքականությունը փոխվի, աշխարհաքաղաքական այս ուժերի հարաբերակցությունը փոխվի, Նիկոլ Փաշինյանը շամպայնի պռոբկի պես թռնելու է վարչապետի աթոռից։ Դա բոլորը գիտեն։ Այս իրավիճակում, երբ գործ ունենք մի գաուլյայտերի՝ նշանակված գաուլյայտերի հետ, իր համար ամենավտանգավոր բանը ո՞րն է։ Ճշմարտությունը։ Ինքը ինչի՞ է ուզում փոխել պատմությունը, ինչի՞ է ուսուցիչների հետ հանդիպմանն ասում՝ հայոց պատմություն չկա։ Որովհետև եթե պատմություն կա, ուրեմն ինքը դավաճան չէ, որովհետև հայոց պատմության մեջ օրինակներով նկարագրված է՝ դավաճանը ո՞վ է, ինչի՞ համար է դավաճան։ Ձեզ թվում է` երբ տարբեր, հատկապես՝ բրիտանական ֆինանսավորումներով, պատմության գրքեր են գրում, երբ տարբեր շրջանակներով Վասակ Սյունուն ամեն կերպ դարձնում են սրբություն, ասում են՝ Վասակ Սյունին դավաճան չէ, նա մեծ քաղաքական գործիչ էր, դիվանագետ էր… ինչի՞ համար է արվում։ Որովհետև եթե Վասակ Սյունին դավաճան չէ, ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ դավաճան չէ։ Դրա համար է սրանց կողմից կեղծվում, ոչնչացվում, խմբագրվում պատմությունը` պատմական ճշմարտությունը և ներկայիս ճշմարտությունը. էս երկու թշնամիներն ունի Նիկոլ Փաշինյանը և նրա սվինների վրա հաստատված ռեժիմը։ Այլ թշնամի ինքը չունի։ Սա է իր համար վտանգավորը՝ ճիշտ խոսքը։


—

Disclaimer: This article was contributed and translated into English by Baghdasarian Karlen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/24/168-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6-tripp-%d5%a8-%d5%b0%d5%a5%d5%b6%d6%81-%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-27-%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a5%d6%80%d5%b8%d6%82/

Leave a Reply