«Աբսուրդ է, ինչպե՞ս կարելի է էթնիկ ժողովրդին հարթակ չտրամադրել. Իշխանությունը

Հոկտեմբեր 23, 2026

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար, «Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանն օրերս հայտարարել էր, որ COP17-ի շրջանակներում դիմել են, որպեսզի տաղավար կանաչ գոտում արցախահայերի վերաբերյալ տաղավար ներկայացնեն, սակայն առանց որևէ պատճառաբանության ստացել են մերժում։

««Արցախ միությունը» դիմել էր, որպեսզի ներկայացնեինք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում, սակայն մերժեցին, տաղավար չտրամադրեցին»,- ասել էր Արտակ Բեգլարյանը։

Մինչդեռ COP17-ի շրջանակներում կանաչ գոտում ներկայացված են եղել տարբեր բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների տաղավարներ, որտեղ ներկայացված են եղել այդ մարդկանց վերաբերող տարբեր խնդիրներ։ Բացի այդ, տարբեր բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ խոսել են իրենց իրավունքներին առնչվող խնդիրների մասին, այդ խնդիրները նույն ասուլիսում ներկայացնելու հնարավորությունից զրկված են եղել արցախահայերը։

Արցախի Հանրապետության առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր Աշոտ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունը պարտավոր է այս միջոցառման ընթացքում բոլոր հնարավոր հարթակներից բարձրաձայնել արցախահայերի խնդիրների մասին՝ որպես բնիկ ժողովրդի։

Կարդացեք նաև

  • Ձեռքերը ներքևում էր ծափ տալիս, որ մարդ չտեսնի․ թույլ ու խեղճ ղեկավարի կեցվածք էր․ Մետաքսե Հակոբյան
  • Պուտինը չի պատասխանում Փաշինյանին՝ Ту…Ту
  • «Արցախի թեմի առաջնորդն իրար հակասող բաներ է խոսում. Փաշինյանը չի ընդունում «Արցախի թեմ» հասկացությունը». Աղաբեկյան

«Հաճախ խոսում են միայն Արցախի ԱԺ-ի մասին, սակայն, բացի ԱԺ-ից, մենք ունենք նաև տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ընտրված են, և նախագահի հրամանով նրանց լիազորությունները երկարաձգվել են։

Իհարկե, մենք պարտավոր էինք պահանջելու, որ կանաչ գոտում մեզ հարթակ տրամադրեին, դրա համար դիմել ենք ու մերժում ստացել։

Իշխանությունը միջազգային հանրության ուշադրությունը երկու կարևոր խնդրից է շեղում՝ դա վերաբերում է արցախահայերի բնիկ լինելուն ու նրանց իրավունքներին, որը ՀՀ իշխանության կողմից անտեսվում է։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի խնդիր գոյություն չունի», մինչդեռ այս խնդիրը կա, ու դրա մասին պետք է բարձրաձայնվի։

Աբսուրդ է, ինչպե՞ս կարելի է էթնիկ ժողովրդին հարթակ չտրամադրել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սարգսյանը։

Նա հիշեցրեց՝ դեռ 2007 թվականին, երբ ՄԱԿ-ի կողմից ընդունվել է բնիկ ժողովուրդների մասին Կոնվենցիան, այդ ժամանակ Արցախի խորհրդարանին դիմելով հորդորել է, որ Արցախը հայտ ներկայացնի՝ արցախահայերի բնիկ ժողովուրդ լինելու վերաբերյալ։

«Ժամանակին պետք է մենք դիմեինք այդ քայլին, թեպետ դժվար է պատկերացնել, որ ՄԱԿ-ն անմիջապես դրական կարձագանքեր, կամ որոշ երկրներ կարող էին կողմ քվեարկել։  Ինձ համար բոլորովին զարմանալի չէ, որ ՀՀ կառավարությունը նման մոտեցում է ցուցաբերում մեր հանդեպ։ Երբ այս իշխանությունը ներկայացրել էր իր 2021-2026 թվականների ծրագիրը, այդ ժամանակ ասել եմ՝ պետք է դիմենք Մարդու իրավունքների հանձնակատարին և ասենք, որ ՀՀ-ն չի կատարել օրենքով ստանձնած իր պարտականությունները։

2023 թվականին պետական բյուջեով նախատեսվել էր Արցախին 108 կամ 110 մլրդ դրամի հատկացում, բայց ո՞ւր է։ Հիմա էլ ասում են՝ անպայման պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունեք, մենք ՀՀ քաղաքացի չե՞նք։ Կամ ես չեմ հասկանում, եթե իրենք մեզ ՀՀ քաղաքացի չենք համարում, ինչո՞ւ ՀՀ նախագահի հրամանով բոլորիս միանգամից չեն տալիս քաղաքացիություն, այդ քաշքշուկները, կապիկություններն ինչի՞ համար են»,- հավելեց Աշոտ Սարգսյանը։

Նա ցավով արձանագրեց, որ այսօր ՀՀ իշխանությունը չի ներկայացնում արցախահայերի շահերը, ինչը պետք է աներ, առավել ևս այն դեպքում, որ միջազգային հանրությանը դեռ հետաքրքրում է Արցախի ու արցախահայերի խնդիրը։

«Այս պարագայում մեզ միայն մնում է, որ Արցախի լեգիտիմ կառույցներն ակտիվ աշխատեն։ Ցավոք, տեսնում եք, որ մինչև այսօր մեզ չի հաջողվում ԱԺ նախագահ ընտրել։ Մենք ավելի ակտիվ պետք է աշխատենք, այլընտրանք չկա»,- ընդգծեց Աշոտ Սարգսյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Ekmekjian Janet. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/24/%d5%a1%d5%a2%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a4-%d5%a7-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7-%d5%a7%d5%a9%d5%b6%d5%ab%d5%af-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8/

Leave a Reply