Հոկտեմբեր 23, 2026
ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանն օրերս զեկույց էր հրապարակել՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։
Զեկույցում նշվում են այն բացասական հետևանքները, որոնք կարող է ունենալ ՀՀ տնտեսությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում։
Զեկույցում ներառված են Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ քայլերը, ինչպես նաև ԵԱՏՄ և ԵՄ իրավական համակարգերի համատեղելիության վերլուծությունը։ Փաստաթղթում ներկայացվում են այն իրավական մեխանիզմները, որոնք պետք է կանխեն ԵՄ-ին միանալու որոշմամբ պայմանավորված ռիսկերը, և գնահատվում են ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման հետևանքները։
Մասնավորապես նշվում է, որ Հայաստան գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ տարեկան 389 մլն դոլարից հասնելով 657,5 մլն դոլարի, ՀՀ-ում արտադրված ապրանքների արտահանումը կնվազի 30-50%-ով (վերարտահանումը՝ ավելի քան 90%-ով), ներմուծումը կկրճատվի երկու անգամ։
Բացասական հետևանքների առումով նաև նշվում է.
երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման, էներգետիկ ոլորտում համագործակցության դադարեցման` ներառյալ գազի ընդհանուր շուկայի գործունեությանը Երևանի մասնակցության դադարեցումը, պարտադիր մաքսային հայտարարագրման և հսկողության վերականգնման, ավելի քան երկու անգամ կկրճատի ԵԱՏՄ երկրներից կատարվող դրամական փոխանցումները, 15,6%-ով կնվազեցնի երկրի ՀՆԱ-ն, կխստացնի աշխատանքային միգրացիայի պայմանները, կվտանգի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկայի ձևավորումն ու գործունեությունը, կչեղարկի ազատ առևտրի ռեժիմը ԵԱՏՄ գործընկեր երկրների՝ Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ։
ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արմեն Եղիազարյանը խոսելով զեկույցում տեղ գտած, մասնավորապես, գազի գնի թանկացման մասին՝ նշեց, որ գազի գնի 69 տոկոս հնարավոր բարձրացումը միանշանակ շատ բացասական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի վրա։
«Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ թանկանալու է գրեթե ամեն ինչ, սկսած հացից՝ մինչև տաքսի ծառայություն ու ցանկացած ծառայություն, ՀՀ-ում մեքենաների մեծ մասն աշխատում է գազով։ Այսինքն՝ գազի գնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու բոլոր ապրանքների գների վրա։ Սրանով Հայաստանը որևէ շահ ու օգուտ չի ունենալու՝ նկատի ունեմ ժողովուրդը։ Գուցե վերին շերտերում որոշակի շահեր ունենան, բայց կոնկրետ տնտեսությունն ու բնակչությունն ընկնելու են բացասական ազդեցության տակ ու շատ լուրջ վնասեր են կրելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Եղիազարյանը։
Ըստ նրա, գազի գնի թանկացումն ազդելու է նույն այն թոշակառուի սոցիալական վիճակի վրա, որի թոշակը, ինչպես իշխանությունն է հայտարարարում՝ 1000 դրամով բարձրացրել է։ Բնակչության ծախսը մի քանի անգամ ավելանալու է։
«Այն դիվանագիտությունը, որն այս պահին ՀՀ իշխանությունն իրականացնում է Ռուսաստանի հետ հարաբերություններում և որի արդյունքում, հնարավոր է՝ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, ու գազի գինը բարձրանա՝ լուրջ խնդիրներ է առաջացնելու մեր երկրի համար։
Ինչ վերաբերում է ռուսական գազի այլընտրանքին, ապա այս մասով խոսքը վերաբերում էր իրանական գազին, բայց գիտենք, որ Իրանի նկատմամբ այս պահին բավականին մեծ սանկցիաներ կան։
Բացի այդ, այստեղ մեկ հանգամանք ևս կա, գազը, որը ՀՀ-ում սպառվում է, մեզ հասնում է ռուսական Գազպրոմի գազատարներով։ Այսինքն՝ դեռ պետք է հասկանանք, թե արդյո՞ք այդ գազատարներով հնարավոր կլինի այլ երկրից գազ մատակարարել բնակչությանը, թե անհրաժեշտ է լինելու նոր գազատարներ կառուցել։ Այստեղ էլ խնդիր կա, որը պետք է ուսումնասիրվի։ Այսինքն՝ սա մի հարթությունում դիտարկվող խնդիր չէ, այն շատ բազմաշերտ է՝ իր բացասական հետևանքներով»,- ընդգծեց Արմեն Եղիազարյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Garo Vardanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/24/%d5%a3%d5%a1%d5%a6%d5%ab-%d5%a3%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a1%d5%ae%d5%9d/