Լավրովի այցը Թեհրան․ Մոսկվայի պատասխանը Թրամփին և աշխարհաքաղաքական մեծ հաշվար

Հոկտեմբեր 20, 2026

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թեհրան տեղի է ունենում Մերձավոր Արևելքում ռազմական և քաղաքական լարվածության խորացման, ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ճնշման ուժեղացման և Իրանում պատերազմի պատրաստվելու կոչերի պայմաններում։

Թեհրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին առանձնահատուկ ուշադրություն են գրավում Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունները և ամերիկյան հզոր ոչ միջուկային զինամթերքի՝ GBU-43/B MOAB-ի հնարավոր կիրառման վերաբերյալ քննարկումները։

Թեև նման զինամթերքի կիրառման մասին խոսակցությունները դեռևս ինքնին չեն վկայում կոնկրետ ռազմական որոշման առկայության մասին, դրանք արտահայտում են Վաշինգտոնի՝ Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու տրամաբանությունը։ Այս պայմաններում Լավրովի այցը պարզապես երկկողմ դիվանագիտական շփում չէ․ այն հնարավորություն է տալիս Մոսկվային վերահաստատել իր ազդեցությունը մի տարածաշրջանում, որտեղ ցանկացած ռազմական սրում կարող է ունենալ գլոբալ հետևանքներ։

Այցի քաղաքական նշանակությունն ավելի է ընդգծվում Թրամփի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած քննադատության ֆոնին։ ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել, որ Մոսկվան, իր գնահատմամբ, շատ քիչ բան է անում Իրանին օգնելու համար։

Կարդացեք նաև

  • Ասեք՝ ի՞նչ եք անելու, 2027թ. օգոստոսի 2-ը մոտենում է. թե՞ պետք է սպասենք 2031 թվականին. Վլադիմիր Մարտիրոսյան
  • ԵԱՏՄ, ՀԱՊԿ և TRIPP. իրավական համատեղելիության, ինստիտուցիոնալ տրամաբանության և աշխարհաքաղաքական շահերի հակասությունները Հայաստանի ռազմավարական միջավայրում
  • Հայ-իրանական երկխոսությունը՝ խաչմերուկում. ինտենսիվ շփումներ՝ նոր մարտահրավերների ֆոնին

Լավրովի ժամանումը Թեհրան և երկու երկրների արտգործնախարարների հայտարարությունները՝ ռուս-իրանական համագործակցության աննախադեպ սերտության մասին, կարելի է դիտարկել նաև որպես Վաշինգտոնին ուղղված քաղաքական պատասխան։

Մոսկվան փորձում է ցույց տալ, որ չի պատրաստվում դուրս մնալ Իրանի շուրջ ընթացող գործընթացներից և մտադիր է պահպանել սեփական ազդեցությունը հակամարտության հնարավոր կարգավորման հարցում։ Սակայն այս քայլը չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանի համար ուղղակիորեն պատերազմի մեջ մտնել։

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ  Լավրովի այցի կարևորությունը պետք է գնահատել ոչ այնքան՝ որպես Թեհրանին ռազմական օգնության խոստում, որքան որպես Մոսկվայի՝ սեփական աշխարհաքաղաքական դիրքերը պահպանելու փորձ։ Նրա որակմամբ, Ռուսաստանի հաշվարկներում առանցքային նշանակություն ունի նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան ազդեցության ընդլայնման հնարավորությունը։

«Եթե Վաշինգտոնին հաջողվի ռազմական ճնշմամբ հասնել Թեհրանի ռազմավարական դիրքերի էական թուլացմանը՝ առանց Ռուսաստանի մասնակցության, դա կարող է ամրապնդել ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային գործընթացները միակողմանիորեն կառավարելու դերը։ Մոսկվայի համար նման զարգացումը վտանգավոր է ոչ միայն Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից, այլև սեփական միջազգային հեղինակության և բանակցային լծակների առումով։ Միաժամանակ Ռուսաստանը ստիպված է հաշվի առնել իր հնարավորությունների սահմանները՝ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի, արևմտյան պատժամիջոցների և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պահպանվող այլ շահերի պայմաններում։

Հետևաբար, Մոսկվան կարող է ձգտել դառնալ հնարավոր բանակցային գործընթացի կարևոր մասնակից՝ խուսափելով այնպիսի պարտավորություններից, որոնք իրեն կներքաշեն Իրանի շուրջ լայնամասշտաբ պատերազմի մեջ։ Այստեղ Ռուսաստանի նպատակը ոչ միայն Թեհրանին աջակցելն է, այլև թույլ չտալը, որ տարածաշրջանի ապագան որոշվի բացառապես Վաշինգտոնի և նրա դաշնակիցների գործողություններով։ Բացի այդ, Իրանը նաև ԱՄՆ-ՌԴ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների փաթեթում մի բաղադրիչ է, որը միշտ առկա է բանակցային սեղանին»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։

Մոսկվայի ակտիվության մյուս կարևոր շարժիչ ուժը, նրա խոսքով, էներգետիկ գործոնն է, քանի որ Պարսից ծոցում ռազմական գործողությունների ընդլայնումը և Հորմուզի նեղուցով նավագնացության հնարավոր խափանումները կտրուկ ազդում են նավթի համաշխարհային շուկայի ու  առևտրի վրա։

Թեև երկարատև անկայունությունն, ըստ վերլուծաբանի, կարող է վնասել Մոսկվայի տնտեսական շահերին, ուստի Ռուսաստանի համար կարևոր է ոչ միայն պահպանել Իրանի հետ գործընկերությունը, այլև կանխել այնպիսի սցենարը, որի դեպքում ռազմական հակամարտությունը կվերածվի էներգետիկ և տնտեսական երկարատև ճգնաժամի։ Միևնույն ժամանակ փորձագետը համարում է, որ Մոսկվայի դիվանագիտական ակտիվությունը չպետք է ինքնաբերաբար ընկալել որպես իրավիճակը վերահսկելու կարողության ապացույց․ Ռուսաստանի ազդեցությունը կախված կլինի նրանից, թե որքանով այն կկարողանա նպաստել հակամարտության դադարեցմանը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին ու Հայաստանին, Ալեքսանդր Խրամչիխինն ընդգծեց, որ Հայաստանի անմիջական հարևանությամբ ընթացող գլոբալ առճակատումը չի կարող չառնչվել ինչ-որ կերպ Հայաստանին։

«Այստեղ իրավիճակին պետք է անդրադառնալ թե հայ-իրանական հարթության, թե ռեգիոնալ իրավիճակի տեսանկյունից։ Իրանի նկատմամբ ճնշման խորացումը կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի վրա և արտահայտվել ռեգիոնալ այլ ուժերի դիրքերի հետագա ամրապնդմամբ։ Հայ-իրանական հարաբերություններում ևս կան ներկայումս հարցեր, բնականաբար, Իրանի դեմ իրավիճակը անդրադառնում է այդ երկխոսության և կողմերի դիրքավորումների վրա։ Եթե Իրանի նկատմամբ ճնշումն էլ ավելի խորանա, իսկ Թեհրանի դիմադրելու կարողությունները նվազեն, դա չի նշանակում, որ Իրանը կհրաժարվի Հարավային Կովկասում իր շահերի պաշտպանությունից, սակայն կարող է փոխվել այդ շահերն առաջ մղելու կարողությունը՝ ստեղծելով նոր անորոշություններ Հայաստանի շուրջ ձևավորվող միջավայրում։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն են ստանում Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցությունները և դրանց շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացմամբ, որը կարող է ամրապնդել նրանց տնտեսական կապերը և ստեղծել լրացուցիչ ուղիներ դեպի միջազգային շուկաներ։ Մոսկվայի համար Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը նաև միջոց է՝ պահպանելու ազդեցությունը Հարավային Կովկասին հարող տարածքներում և կանխելու սեփական դիրքերի հետագա թուլացումը։ Սակայն վաղաժամ կլինի Լավրովի այցը ներկայացնել որպես ԱՄՆ-ի որևէ կոնկրետ տարածաշրջանային ծրագրի դեմ ուղղված քայլ»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը, շարունակելով, որ Լավրովի այցը Թեհրան արտացոլում է միաժամանակ մի քանի հաշվարկ՝ Ռուսաստանի՝ Մերձավոր Արևելքում իր դիրքերը պահպանելու ձգտումը, Իրանի միջազգային մեկուսացումը կանխելու ցանկությունը և տարածաշրջանային պատերազմի տնտեսական ու ռազմավարական հետևանքները սահմանափակելու անհրաժեշտությունը։

Սակայն, նրա գնահատմամբ, Մոսկվայի քաղաքական աջակցությունը դեռևս չի երաշխավորում, որ այն կարող է կանգնեցնել ռազմական գործողությունները կամ պարտադրել կողմերին ընդունելի լուծում։ «Հայաստանի համար այս այցի նշանակությունը պետք է գնահատել ոչ միայն ռուս-իրանական հարաբերությունների սերտացման, այլև Իրանի շուրջ հակամարտության հնարավոր ազդեցության տեսանկյունից՝ հայ-իրանական սահմանի անվտանգության, տնտեսական հաղորդակցությունների և Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վրա»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jane Topchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/21/%d5%ac%d5%a1%d5%be%d6%80%d5%b8%d5%be%d5%ab-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a8-%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6%e2%80%a4-%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad/

Leave a Reply