Հոկտեմբեր 20, 2026
TRIPP նախագծի իրականացումը Հայաստանի առջև դնում է ոչ միայն տնտեսական և աշխարհաքաղաքական, այլև հիմնարար իրավական խնդիրներ: Մասնավորապես, նախագծի հայեցակարգի և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների միջև հնարավոր հակասությունները պահանջում են համակարգային իրավական գնահատական: Քանի դեռ Հայաստանը պահպանում է իր անդամակցությունն այդ կազմակերպություններին, TRIPP-ի իրագործելիությունը պետք է դիտարկել գործող իրավական ռեժիմներն ազգային շահերի հետ համաձայնեցնելու համատեքստում՝ հաշվի առնելով, որ նշված կազմակերպություններից դուրս գալը կարող է լուրջ տնտեսական և ռազմաքաղաքական հետևանքներ ունենալ։
ՀԱՊԿ համատեքստում խնդիրը ձեռք է բերում ոչ միայն իրավական, այլև ռազմավարական նշանակություն՝ ազգային անվտանգության տեսանկյունից։ Կազմակերպության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը ենթադրում է ազգային անվտանգության, պաշտպանական համագործակցության և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ պետական վերահսկողության ապահովում։
Հետևաբար, եթե TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական նշանակության հատվածի անվտանգության ապահովումն ու օպերատիվ կառավարումը փոխանցվում են մասնավոր օպերատորին, ընդ որում՝ կառավարմանը Հայաստանի մասնակցության մասնաբաժինը սահմանափակվում է 26 տոկոսով, ծագում է սկզբունքային հարց՝ արդյո՞ք պետությունը պահպանում է վերահսկողության բավարար մակարդակ՝ անվտանգության ոլորտում իր ինքնիշխան լիազորություններն իրականացնելու և դաշնակցային պարտավորությունները կատարելու համար։
Խնդրի էությունը ոչ թե մասնավոր օպերատորի մասնակցությունն է, այլ այն, թե արդյո՞ք կառավարման համապատասխան մոդելը թույլ է տալիս Հայաստանին ինքնուրույն և ամբողջ ծավալով իրականացնել անվտանգության ոլորտում իր սուվերեն գործառույթները՝ դրանք փաստացի կախման մեջ չդնելով մասնավոր օպերատորի որոշումներից կամ արտաքին դերակատարների շահերից։
ԵԱՏՄ անդամակցությունից բխող հիմնարար պահանջներից մեկը միասնական մաքսային տարածքի և դրա շրջանակներում գործող ընդհանուր իրավական նորմերի պահպանումն է։ Հետևաբար, TRIPP-ի կառավարման մոդելը գնահատելիս առանցքային հարցը ոչ միայն տարանցման կազմակերպումն է, այլև այն, թե ով է իրականում իրականացնում մաքսային հսկողություն և սահմանային գործառույթներ համապատասխան հատվածում։
Եթե այդ ռազմավարական նշանակության գործառույթների իրականացումը կամ դրանց նկատմամբ վերահսկողությունը փոխանցվում են մասնավոր օպերատորին, ընդ որում՝ Հայաստանի մասնակցությունը կառավարմանը սահմանափակվում է ընդամենը 26 տոկոսով, սկզբունքային հարց է առաջանում. Արդյո՞ք պետությունը պահպանում է լիարժեք վերահսկողությունը տվյալ հատվածի նկատմամբ և ի վիճակի՞ է արդյոք երաշխավորել ԵԱՏՄ իրավական ռեժիմի պատշաճ կիրառումն ու ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։
Այսպիսով, խնդիրը կայանում է ոչ թե ինքնին մասնավոր օպերատորի մասնակցության, այլ այն սահմանի որոշման մեջ, որից այն կողմ կառավարման մասնավոր մոդելը կարող է հանգեցնել պետական լիազորությունների փաստացի սահմանափակման և միասնական մաքսային ռեժիմի արդյունավետության խաթարման։
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի պայմանագրի 1-ին հոդվածը միությունը սահմանում է որպես միջազգային կազմակերպություն, որի նպատակն է՝ ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում համաձայնեցված, համակարգված կամ միասնական քաղաքականության իրականացումը։ Դա ենթադրում է ոչ միայն միասնական մաքսային կանոնների կիրառում, այլև անդամ պետությունների տնտեսական քաղաքականության համաժամեցման որոշակի աստիճան։
TRIPP-ի համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի գործողությունը։ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, երրորդ երկրների հետ առևտրում կիրառում է միության Միասնական մաքսային սակագինը, ինչպես նաև ներմուծման և արտահանման ոչ սակագնային կարգավորման միջոցները։ ԵԱՏՄ իրավական կարգը հիմնված է համաձայնեցված քաղաքականության սկզբունքի վրա, որը ենթադրում է, որ անդամ պետությունները չեն կարող միակողմանիորեն փոխել առևտրային և մաքսային ռեժիմները՝ առանց Միության մարմինների հետ համաձայնեցման։
Հնարավոր իրավական անհամատեղելիության կոնկրետ դրսևորումներն այն են, որ TRIPP-ի ենթադրյալ կառուցվածքը (ամերիկյան կողմի 74 տոկոս մասնակցություն, օգտագործման երկարաժամկետ իրավունքներ, կարգավորիչ բացառություններ) ստեղծում է մի շարք կոնկրետ իրավական կոնֆլիկտներ ԵԱՏՄ նորմերի հետ, մասնավորապես՝ մաքսային հսկողության հարցը։
ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը սահմանում է մաքսային հսկողության, մաքսային գործառնությունների իրականացման և մաքսային մարմինների գործունեության միասնական կանոններ։ Եթե TRIPP-ի շրջանակներում ստեղծվում է մասնավոր օպերատոր, որն օժտված է մաքսային գործառնությունների իրականացման կամ հաճախորդների սպասարկման գործառույթներով, ապա անհրաժեշտ է հստակ տարբերակել պետական մաքսային մարմինների լիազորությունները և մասնավոր օպերատորի՝ ծառայություններ մատուցելու գործառույթները։
ԵԱՏՄ իրավական ռեժիմը չի նախատեսում մասնավոր կազմակերպություններին հրապարակային-իշխանական մաքսային լիազորությունների պատվիրակում. նման լիազորությունների փոխանցումը մասնավոր օպերատորին կհակասեր ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին և դրանով սահմանված իրավական ռեժիմին։
Տեխնիկական կանոնակարգերի հարցը. ԵԱՏՄ-ում գործում է 48 տեխնիկական կանոնակարգ, որոնք պարտադիր են անդամ պետությունների համար։ Եթե TRIPP ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կիրառում կամ ծառայությունների մատուցման նկատմամբ այլ ստանդարտների կիրառում, առաջանում է ուղղակի իրավական կոնֆլիկտ։
Ծառայությունների առևտրի ռեժիմ. ԵԱՏՄ մասին պայմանագրի XV բաժինը սահմանում է ծառայությունների առևտրի, հիմնադրման և ներդրումների իրականացման իրավական ռեժիմը՝ նախատեսելով ազգային ռեժիմի և առավել բարենպաստության ռեժիմի երաշխիքներ։ Եթե TRIPP-ի շրջանակներում ԱՄՆ մասնակցությամբ կազմակերպություններին տրվում են հատուկ իրավունքներ կամ բացառություններ, որոնք անհասանելի են ԵԱՏՄ անդամ պետությունների կազմակերպություններին, ապա հարց է առաջանում պայմանագրի XV բաժնի դրույթներին նման պայմանների համապատասխանության մասին։
Ներդրումների պաշտպանության ռեժիմ. ԵԱՏՄ մասին պայմանագրի 66-րդ և 67-րդ հոդվածներն ամրագրում են ներդրումների պաշտպանության սկզբունքները, ներառյալ՝ պայմանների վատթարացման անթույլատրելիության և դրանց հետևողական կիրառման ապահովման հետ կապված երաշխիքները։ Եթե TRIPP-ի շրջանակներում տրամադրվող հարկային արտոնությունները կամ կարգավորիչ բացառություններն անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծում ԵԱՏՄ անդամ պետությունների ներդրողների համար, ապա հարց է առաջանում նման ռեժիմի իրավական համատեղելիության մասին՝ պայմանագրի համապատասխան դրույթների հետ։
Տնտեսական հակասություններ ԵԱՏՄ-ի հետ. ԵԱՏՄ-ն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը Հայաստանի և Միության մյուս անդամ պետությունների միջև։ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն օգտվում է այլ անդամ պետությունների հետ արտոնյալ առևտրային ռեժիմից, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրում միասնական մաքսային սակագնի և ոչ սակագնային կարգավորման ընդհանուր համակարգի առավելություններից։
Եթե TRIPP-ը նախատեսում է ամերիկյան ներդրողներին հարկային արտոնությունների կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներդրողներին անհասանելի կարգավորիչ բացառությունների տրամադրում, դա կարող է բարձրացնել պայմանագրի XV բաժնի դրույթների պահպանման հարցը։
Ավելին, եթե TRIPP-ի շրջանակներում ստեղծված մասնավոր օպերատորը ստանում է մաքսային կամ տարանցիկ արտոնություններ, որոնք չեն համապատասխանում ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին, առաջանում է պոտենցիալ ուղղակի իրավական կոնֆլիկտ։
Ինստիտուցիոնալ ասպեկտ՝ կառավարման մոդելների անհամատեղելիություն․ ԵԱՏՄ-ն ունի զարգացած ինստիտուցիոնալ կառույց, որը ներառում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը (պետությունների ղեկավարները), Եվրասիական միջկառավարական խորհուրդը (կառավարությունների ղեկավարները), Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (մշտապես գործող վերազգային կարգավորող մարմինը) և Եվրասիական տնտեսական միության դատարանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) լիազորված է ընդունել անդամ պետությունների համար պարտադիր որոշումներ։ Նրա իրավասության շրջանակը ներառում է մաքսային և սակագնային հարցերի կարգավորումը, ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, տեխնիկական կանոնակարգերի ընդունումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցների սահմանումը, ինչպես նաև ներդրումների և ծառայությունների առևտրի ռեժիմների մոնիտորինգը։
Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա դա նշանակում է, որ նախագծի շրջանակներում ընդունվող և առևտրին, մաքսային ընթացակարգերին կամ տեխնիկական ստանդարտներին վերաբերող ցանկացած կարգավորիչ որոշում պետք է համապատասխանի ԵԱՏՄ գործող իրավունքին և հաշվի առնի ԵՏՀ իրավասությունը։ Եթե TRIPP-ի կառավարման կառուցվածքը նախատեսում է կարգավորման զուգահեռ մեխանիզմների ստեղծում, որոնք թույլ են տալիս շրջանցել ԵՏՀ լիազորությունները, առաջանում է իրավական և ինստիտուցիոնալ բախում։
ՀԱՊԿ «բացառիկության» սկզբունքը. ՀԱՊԿ իրավական հիմքը կազմում է 1992 թվականի Հավաքական անվտանգության պայմանագիրը։ Դրա 1-ին հոդվածը սահմանում է. «Մասնակից պետությունները չեն անդամակցի ռազմական դաշինքներին կամ չեն մասնակցի պետությունների խմբավորումներին, ինչպես նաև այլ մասնակից պետության դեմ ուղղված գործողություններին»։ Այս դրույթն էական նշանակություն ունի TRIPP-ի համար։
Եթե նախագիծը ենթադրում է ԱՄՆ-ի հետ այնպիսի բնույթի համագործակցություն, որը կարող է որակվել՝ որպես մասնակցություն ՀԱՊԿ անդամ պետության դեմ ուղղված գործողություններին, ապա հարց է առաջանում ուղղակի իրավական հակասության առկայության մասին։
ՀՀ Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը վերաբերում է բացառապես TRIPP-ի՝ Սահմանադրությանը համապատասխանությանը և ինքնին չի լուծում նախագծի համատեղելիության հարցը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում նախկինում վավերացված պայմանագրերի հետ։
Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 26-րդ և 27-րդ հոդվածների ուժով Հայաստանը պարտավոր է բարեխղճորեն կատարել գործող միջազգային պարտավորությունները և իրավասու չէ արդարացնել դրանց չկատարումը ներքին իրավունքի հղումներով։ Նույն Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ միևնույն հարցին վերաբերող պայմանագրերի հաջորդական կնքման դեպքում ավելի վաղ կնքված պայմանագիրը կիրառվում է միայն այնքանով, որքանով դրա դրույթները համատեղելի են հաջորդ պայմանագրի հետ, ընդ որում՝ նախկինում ծագած պարտավորություններն ինքնաբերաբար չեն դադարում։
Հետևաբար, TRIPP-ի վավերացումը ձևականորեն կարող է համապատասխանել սահմանադրական ընթացակարգին, սակայն դրա լիարժեք իրավաչափության հարցը բաց է մնում մինչև ԵԱՏՄ և ՀԱՊԿ իրավական ռեժիմների հետ էական հակասությունների վերացումը՝ նախագծի էական վերափոխման, գործող պարտավորություններին դրա ադապտացման կամ լրացուցիչ միջազգային իրավական պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով։
ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման կարգը. ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ ՀԱՊԿ կանոնադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Կոնսենսուսը հասկացվում է որպես անդամ պետությունների կողմից արտահայտված առարկությունների բացակայություն, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ համապատասխան որոշման ընդունման համար»։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն իրականում ունի որոշումների կայացումն արգելափակելու հնարավորություն։
TRIPP-ի համատեքստում այս մեխանիզմն առանձնահատուկ նշանակություն է ստանում. եթե նախագիծը գնահատվի որպես ՀԱՊԿ որևէ անդամ պետության, օրինակ՝ Ռուսաստանի շահերին հակասող, Հայաստանը կարող է բախվել լրացուցիչ իրավական և ինստիտուցիոնալ սահմանափակումների՝ կազմակերպության հետ փոխգործակցելիս, այդ թվում՝ կոնսենսուսի սկզբունքի կիրառման շրջանակներում։
Ինստիտուցիոնալ անհամատեղելիության էությունը. TRIPP կառավարման մոդելը (74 տոկոս ամերիկյան մասնակցություն, մասնավոր կառավարում, օտարերկրյա իրավունքի կիրառում կորպորատիվ հարաբերություններում) սկզբունքորեն տարբերվում է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ինստիտուցիոնալ տրամաբանությունից։
ԵԱՏՄ տրամաբանություն. հիմնված է իրավահավասարության, հետևողականության և վերազգային կարգավորման սկզբունքների վրա։ Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով կամ որակավորված մեծամասնությամբ՝ միության իրավունքով նախատեսված դեպքերում, բայց անփոփոխ՝ դրա ինստիտուցիոնալ համակարգի շրջանակներում։ Պետությունների ազգային շահերը համաձայնեցվում են վերազգային մակարդակով։
TRIPP տրամաբանություն. հիմնված է մասնավոր կապիտալի ներգրավման, երկարաժամկետ ներդրումների և կորպորատիվ կառավարման վրա։ Նախագծի կառավարումն իրականացվում է մասնավոր օպերատորի կողմից, որի հսկիչ փաթեթը, ըստ ենթադրվող մոդելի, պատկանում է ամերիկյան կողմին։ Որոշումների կայացումը ենթակա է կորպորատիվ կանոններին, այլ ոչ թե միջկառավարական համաձայնեցման մեխանիզմներին։
Այս երեք ինստիտուցիոնալ տրամաբանությունների համակեցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե TRIPP-ի կառավարման կառուցվածքն ապահովի ԵԱՏՄ և ՀԱՊԿ իրավական ռեժիմների պահպանումը։ Այնուամենայնիվ, նման անհրաժեշտությունը հարց է առաջացնում այդ պահանջների համատեղելիության վերաբերյալ ծրագրի կազմակերպման և կառավարման ենթադրյալ մոդելի հետ:
Ազդեցության և ինքնիշխանության միջև հակասություն. ենթակառուցվածքը՝ որպես ազդեցության գործիք. ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները հանդիսանում են ազդեցության հիմնական գործիքներից մեկը։ Այն ձևավորում է երկարաժամկետ կախվածություններ, որոշում է առևտրային հոսքերի ուղղությունները և ստեղծում քաղաքական ազդեցության լծակներ։ ԱՄՆ-ի մասնակցությամբ իրականացվող TRIPP նախագիծը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
74 տոկոս ամերիկյան մասնակցությունը ծրագիրն իրականացնող ընկերությունում, երկարաժամկետ օգտագործման իրավունքները և կարգավորող բացառությունները ձևավորում են մի իրավիճակ, երբ Հայաստանի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները կարող են հայտնվել արտաքին կառավարչական ազդեցության տակ։ Սա հարց է բարձրացնում ռազմավարական օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողության սահմանների, ազգային ինքնիշխանության հետ ներդրումային մեխանիզմների հարաբերակցության և երկարաժամկետ ռազմավարական շահերին առնչվող որոշումներ ընդունելիս Հայաստանի՝ ինքնուրույնություն պահպանելու կարողության մասին։
ՀԱՊԿ «բացառիկության» սկզբունքի ռազմավարական հետևանքները. ռազմավարական հարթության մեջ Հավաքական անվտանգության պայմանագրի 1-ին հոդվածում ամրագրված «բացառիկության» սկզբունքը նշանակում է, որ Հայաստանը չպետք է զարգացնի ռազմական կամ ռազմավարական նշանակության համագործակցություն երրորդ երկրների հետ, եթե այն կարող է դիտարկվել որպես ՀԱՊԿ այլ անդամ պետությունների շահերին հակասող։
Չնայած TRIPP-ը պաշտոնապես ենթակառուցվածքային նախագիծ է, այն ռազմավարական առումով ունի անվտանգային հետևանքներ։ Ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում, անմիջական նշանակություն ունի ազգային անվտանգության համար։ Եթե TRIPP-ի շրջանակներում ԱՄՆ-ի մասնակցությամբ կազմակերպությունը որոշակի վերահսկողական լիազորություններ է ստանում հայկական սահմանի առանձին հատվածների և Հայաստանի տարածքում տեղակայված ենթակառուցվածքների նկատմամբ, դա կարող է բարձրացնել անվտանգության համար նշանակություն ունեցող օտարերկրյա ներկայության տարրերի առկայության և ՀԱՊԿ իրավական ռեժիմի հետ դրանց համատեղելիության հարցը։
Միևնույն ժամանակ, նման ներկայությունը որպես զինվորական որակելը պահանջում է գնահատել համապատասխան կազմակերպության հատուկ գործառույթները, լիազորությունները և իրավական կարգավիճակը։
Ինքնիշխան վերահսկողության հարցը. Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը չհանգեցնի սեփական տարածքով անցնող երթուղիների նկատմամբ նրա սուվերեն վերահսկողության սահմանափակմանը։ Միջազգային տարանցիկ երթուղու գործունեությունը և սահմանային ընթացակարգերի պարզեցումը համատեղելի են պետական ինքնիշխանության հետ միայն այն պայմանով, որ պետական սահմանի պահպանության, մաքսային հսկողության, իրավապահ գործունեության և ազգային օրենսդրության կիրառման ոլորտում լիազորությունները վերապահվեն Հայաստանին։
TRIPP-ի ենթադրյալ կառուցվածքը (74 տոկոս ամերիկյան մասնակցություն, երկարաժամկետ օգտագործման իրավունքներ) ստեղծում է մասնավոր օպերատորի կողմից նման վերահսկողությունը սահմանափակելու ռիսկ, որը գործում է ամերիկյան կողմի մասնակցությամբ պայմանագրային մեխանիզմների շրջանակներում։
Այդ պատճառով առանցքային նշանակություն ունի ոչ այնքան արտասահմանյան մասնակցությունն ինքնին նախագծին, որքան մասնավոր օպերատորի լիազորությունների և բացառիկ պետական գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաև Հայաստանի համար համապատասխան տարածքի և ենթակառուցվածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանության պահպանման երաշխիքները։
Հիմնարար անհամատեղելիությո՞ւն, թե՞ վերափոխման հնարավորություն։
Անհամատեղելիության էությունը. TRIPP-ի և ԵԱՏՄ/ՀԱՊԿ-ի միջև հակասությունները կրում են հիմնարար, ինստիտուցիոնալ և գաղափարական բնույթ։ Դրանք պայմանավորված են երեք սկզբունքորեն տարբեր իրավական, ինստիտուցիոնալ և գաղափարական տրամաբանություններով։
Իրավական տրամաբանություն. ԵԱՏՄ-ն հիմնված է վերազգային իրավակարգի վրա, որի շրջանակներում անդամ պետությունները որոշակի կարգավորիչ լիազորություններ են փոխանցում վերազգային մարմիններին։ ՀԱՊԿ-ը հիմնվում է հավաքական պաշտպանության և ռազմաքաղաքական համագործակցության «բացառիկության» սկզբունքների վրա։ TRIPP-ն, իր հերթին, ապավինում է մասնավոր կորպորատիվ իրավունքի մեխանիզմներին և երկկողմ միջկառավարական համաձայնագրերին։
Ինստիտուցիոնալ տրամաբանություն. ԵԱՏՄ-ն ունի վերազգային ինստիտուտների զարգացած համակարգ, ներառյալ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Եվրասիական տնտեսական միության դատարանը։ ՀԱՊԿ-ն ունի ռազմական միության ինստիտուցիոնալ կառույց, որը ներառում է Հավաքական անվտանգության խորհուրդը և Միացյալ շտաբը։ TRIPP-ը հիմնված է մասնավոր կառավարման մոդելի վրա, որտեղ որոշումների կայացումն իրականացվում է կորպորատիվ կանոնակարգերի համաձայն։
Գաղափարական տրամաբանություն. ԵԱՏՄ-ն կողմնորոշված է դեպի եվրասիական ինտեգրացիա և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորում։ ՀԱՊԿ-ը հիմնվում է հավաքական անվտանգության և ընդհանուր սպառնալիքներին համատեղ հակազդելու գաղափարի վրա։ TRIPP-ը, սույն հոդվածում դիտարկված մեկնաբանության համաձայն, կենտրոնացած է ամերիկյան ազդեցության ընդլայնման և ենթակառուցվածքային ցանցերի ձևավորման վրա, որոնք թույլ են տալիս շրջանցել ավանդական ռուսական տրանսպորտային ուղիները։
Փոխակերպման պայմանները․TRIPP-ի համատեղելիությունը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի իրավական ռեժիմների հետ հնարավոր է միայն նախագծի էական վերափոխման և Հայաստանի համապատասխան միջազգային-իրավական պարտավորություններին ադապտացման պայմանով։ Սա ենթադրում է հետևյալ փոփոխությունները.
Իրավական առումով. TRIPP շրջանակային համաձայնագիրը և դրա հիման վրա ընդունվող ակտերը պետք է համապատասխանեն ԵԱՏՄ մասին պայմանագրին և միության Մաքսային օրենսգրքին։
Անհրաժեշտ է հստակ տարբերակել պետության հանրային մաքսային լիազորությունները և ծառայությունների մատուցման մասնավոր օպերատորի գործառույթները։
Ինստիտուցիոնալ առումով. TRIPP-ի կառավարման կառուցվածքը պետք է ապահովի ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի կիրառելի իրավական պարտավորությունների կատարումը։ Առևտրին կամ մաքսային ընթացակարգերին վերաբերող ցանկացած կարգավորիչ որոշում պետք է ընդունվի ԵՏՀ իրավասության պահպանմամբ։ Հավաքական անվտանգության ոլորտին վերաբերող հարցերը պահանջում են առանձին գնահատական՝ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի պարտավորություններին դրանց համապատասխանության վերաբերյալ։
Ռազմավարական առումով. TRIPP-ը պետք է նախագծված լինի այնպես, որ ընդլայնի Հայաստանի հնարավորություններն ինքնուրույն գործելու համար, այլ ոչ թե կախվածության նոր ձևեր ստեղծի։ Երկարաժամկետ օգտագործման իրավունքները պետք է նախատեսեն բավարար ճկունություն՝ Հայաստանի ազգային շահերի և ռազմավարական առաջնահերթությունների փոփոխության դեպքում պայմանների վերանայման համար։
Հայաստանի ռազմավարական ընտրությունը. TRIPP-ի հաջողությունը Հայաստանի համար պետք է գնահատել ոչ միայն կառուցված տրանսպորտային ուղիների երկարությամբ կամ ներգրավված ներդրումների ծավալով, այլև նրանով, թե որքանով է նախագիծն ընդլայնում պետության տնտեսական հնարավորությունները՝ չսահմանափակելով նրա իրավական ինքնուրույնությունն ու ռազմավարական ընտրության ազատությունը։
Ի վերջո, հարցն այն չէ, թե արդյո՞ք Հայաստանը կարող է միաժամանակ մասնակցել տարբեր միջազգային համակարգերի, այլ այն, թե արդյո՞ք նա կարող է այդ համակարգերի միջև եղած տարբերությունները վերածել սեփական զարգացման հնարավորության՝ պահպանելով իրավական որոշակիությունը, պետական ինքնիշխանությունը և ազգային շահերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը։
Սույն վերլուծության մեջ ենթադրվող TRIPP մոդելի դեպքում նշված պայմանները բավարար չափով չեն ապահովվում։ Սա թույլ է տալիս խոսել նախագծի գոյություն ունեցող հայեցակարգի հիմնարար անհամատեղելիության մասին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի առանձին իրավական և ինստիտուցիոնալ պահանջների հետ։ Բացահայտված հակասությունների հաղթահարումը կպահանջի նախագծի էական վերափոխում, լիազորությունների հստակ տարանջատում և Հայաստանի ինքնիշխան իրավունքների պահպանման իրավաբանորեն պարտադիր երաշխիքների սահմանում։
Դ․ Վ․ Մարտիրոսյան
vpoanalytics.com
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Nahapetian Samvel. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/20/%d5%a5%d5%a1%d5%bf%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d6%87-tripp-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%ac%d5%ab%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/