Հոկտեմբեր 18, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը խոսեց երկրում տիրող համակարգային կոռուպցիայի մասին՝ բերելով բամաթիվ օրինակներ։
«Այսօր միանշանակ համակարգային կոռուպցիա կա՝ խայտառակ դրսևորումներով: Օրինակները բազմաթիվ են՝ կարմիր գծերի թալան, շահագործման համար անհամապատասխան, պարամետրերին չհամապատասխանող, թանկ ավտոբուսներ»,- ասաց Մեսրոպա Մանուկյանը:
Վերջինս նոր բացահայտում արեց՝ ցույց տալով՝ ինչպես է գործում համակարգային կոռուպցիան, ինչպես են հայտարարում մի բան, հետո պարզվում է, որ իրականությունը չի համապատասխանում իրենց իսկ հայտարարություններին, իսկ վերջում ասում են՝ ամեն ինչ նորմալ է։ Թղթաբանությունն էլ վերջում են կարգի բերում։
«2022թ. ոստիկանությունը պարեկային մեքենաների համար շարժական համակարգեր է ձեռք բերել՝ 756 միլիոն դրամով։ Դրանք պետք է տեղադրվեին պարեկային ավտոմեքենաներում։
Հաշվեքննիչ պալատը, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրել են, որ 125 համակարգ չի տեղադրվել, սակայն դրանց համար վճարվել է։ Խոսքը մոտ 210 միլիոն դրամի մասին է։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Եվ ի՞նչ են անում պատասխանատուները։ Փորձում են կոծկել այս ամենը։
Հատկանշական է, որ խախտումն արձանագրել է Հաշվեքննիչ պալատը։ Տարին ավարտվել է, հաշվեքննությունն իրականացվել է, խախտումն արձանագրվել է, իսկ դրանից հետո Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածում՝ ասելով, որ համակարգերը ստացել են և պահեստում են պահում։
Բայց մի հարց կա․ եթե այդ համակարգերը պահեստում պահելու համար են գնվել, ապա ինչո՞ւ են պետական միջոցներն այդպես վատնվել։ Իսկ եթե դրանք պետք է տեղադրվեին մեքենաներում, ապա ինչո՞ւ չեն տեղադրվել։ Խնդիրը հենց սա է։
Այս իրավիճակում տվյալ ընկերությունը, փոխանակ պատասխանատվության ենթարկվի, շարունակում է պետական մրցույթների մասնակցել։
2027 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը։ Դրա համար անհրաժեշտ են հատուկ նկարահանող սարքավորումներ։ Ավելի պարզ ասեմ՝ երբ վազքի մրցում է անցկացվում, պետք է հնարավոր լինի ֆիքսել մարզիկների՝ վերջնագծին հասնելու նույնիսկ ամենափոքր ժամանակային տարբերությունները։Մրցույթի պահանջներում նշված են համապատասխան տեխնիկական պարամետրերը։ Այդպիսի սարքավորումներ արտադրող հայտնի ընկերություններից են Omega-ն և Seiko-ն։ Մրցույթի արժեքը երկու միլիոն եվրոյից ավելի է։
Իսկ հիմա ամենահետաքրքիրը․ մրցույթին մասնակցում է նույն «Ալիկանտ» հայկական ընկերությունը, որը, իմ գնահատմամբ, նախորդ դեպքից հետո պետք է առնվազն լուրջ ստուգման ենթարկվեր։
Ընկերությունը ներկայացնում է Lynx Vision Pro համակարգը՝ հայտարարելով, որ այն համապատասխանում է մրցույթի բոլոր պահանջներին։ Սակայն մրցույթի պայմաններով նախատեսված են շատ հստակ տեխնիկական չափանիշներ, այդ թվում՝ նկարահանման և ժամանակային տարբերությունների ճշգրիտ արձանագրման հնարավորություններ։ Նման պահանջներին կարող են համապատասխանել միայն որոշակի սարքավորումներ արտադրող ընկերություններ։
Մինչդեռ, եթե ուսումնասիրում ենք այս ընկերության առաջարկած սարքավորումները, հարցեր են առաջանում՝ արդյո՞ք այն ընդհանրապես ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները։
Ընկերության ամենաթանկ սարքավորումն անգամ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, 200 հազար դոլար արժողության չէ։ Եվ, այնուամենայնիվ, այս ընկերությունը 696 միլիոն դրամով շահում է մրցույթը։
Բայց ինչպե՞ս է այս ընկերությունը կատարելու պայմանագիրը, եթե անհրաժեշտ սարքավորումները չունի, և կասկածներ կան, որ տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել պահանջվող չափանիշները։
Հիմա հարց եմ տալիս՝ սա համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։
Օրինակ՝ մրցույթի պահանջներից մեկն այն է, որ վերջին երեք տարիներին ընկերությունը պետք է համապատասխան սարքավորումներ տեղադրած լինի միջազգային լուրջ մրցումների ժամանակ։ Սա ընդամենը մեկ պահանջ է, որը հեշտ է հասկանալ և ստուգել։
Ի՞նչ է տեղի ունենում այս դեպքում։ Հնարավո՞ր է, որ վերջում կրկին ինչ-որ որոշում ընդունվի կամ փաստաթղթերը համապատասխանեցվեն, և ասվի՝ այո՛, որոշ անհամապատասխանություններ կային, բայց Ֆրանկոֆոնիայի խաղերը չտապալելու համար պետք է աչք փակել դրանց վրա։
Այսինքն՝ ի՞նչ իրավիճակ է ստեղծվում։ Ընկերությունը, որը, ըստ առկա տվյալների, նախորդ պետական պայմանագրի շրջանակում չի կատարել իր պարտավորությունների մի մասը, շարունակում է մասնակցել միլիոնավոր դոլարների հասնող պետական մրցույթների։
Նախորդ պայմանագրի հետ կապված խախտումներն արձանագրել են երկու կառույցներ։ Բայց, իմ ունեցած տեղեկություններով, դրա հետևանքով ընկերությունը չի հայտնվել սև ցուցակում, և դրա նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը մնում է բաց։
Կրկնում եմ՝ փոխանակ այս ընկերությունը սև ցուցակ ընկնի, հաջորդ տարի Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառման տեսանկարահանման համար տենդերը շահում է նույն «Ալիկանտե» ընկերությունը: Ու վաղը Պետրոս Ղազարյանի կինը մի հիմնավորում կտա…»,- իրավիճակը ներկայացրեց ԱԺ պատգամավորը:
Նա այլ օրինակ ևս բերեց:
«Ջենիֆեր Լոպեսի համերգից գոյացած հասույթի մի մասը պետք է մուտքագրվեր պետական բյուջե, բայց այդ գումարը մինչ օրս չի վերադարձվել։
Տոմսերը վաճառվել են, գումարը հավաքվե՞լ է։ Ո՞ւր է այն։ Այս հարցն ուղիղ եթերում տալիս եմ Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ւր է այդ գումարը»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Dabaghian Diana. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/18/168-%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bb%d5%a5%d5%b6%d5%ab%d6%86%d5%a5%d6%80-%d5%ac%d5%b8%d5%ba%d5%a5%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80/