Հոկտեմբեր 18, 2026
Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծն արդեն կա։ Դեռևս նախորդ ամսվա վերջին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում էլ քննարկվել էր այդ նախագիծը։
ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցի նախագիծն իրականացնող կազմակերպությունը բրիտանական ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական Foster+Partners ընկերությունն է։ Նախագծի հեղինակը՝ Նայլ Դեմփսին։
«Նախագծի առանցքում հուշարձան շենքի պատմական արժեքների բացահայտումն ու պահպանումն է։ Մենք ցանկացել ենք ընդգծել, որ ժառանգությունը և առաջընթացը չեն հակասում իրար։ Մեզ համար մարտահրավերային էր պատմության և ժամանակակից լուծումների միավորումը»,- ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ասել էր նախագծի հեղինակը։
ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը նախագծին մանրամասն ծանոթ չէ, տեսել է մի քանի, այսպես կոչված, չկողմնորոշող նկարներ, բայց ափսոսում է այդ շենքերը, որոնք պետք է ինչ-որ կերպ փոխեն։
«Այդ շենքերը մեր պետականության խորհրդանիշներն են և բարձրագույն ճարտարապետության կետերը, հատկապես հենց այդ շրջանի։ Նախկինում մասնագիտական կարծիք կար. ճարտարապետ, պրոֆեսոր Գարի Ռաշիդյանն ասում էր, որ Երևանում 3 լավագույն շենքեր կան՝ Օպերայի շենքը, Կառավարական թիվ մեկ և երկու շենքերը։ Սա թամանյանական ձեռագիրն է, սա հայկականության ամբողջ խտացված դրսևորումն է։
Մեր Հանրապետության հրապարակն աշխարհի 15 լավագույն հրապարակների մեջ է, իսկ այս շենքը հիանալի կառույց է, ամբողջ Հայաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ստեփանյանը։
Ճարտարապետի բնորոշմամբ, կարող էին Հրապարակի այդ 1-2 շենքերը պահել անձեռնմխելի, այդ թվում՝ շենքի ներսի հաստվածը՝ միջնորմերը։
«Ենթադրենք՝ ձևափոխեն ու ներսի հատվածում որևէ կերպ փոխվի, մի կերպ տանելի կլինի, բայց, այսպես թե այնպես, այս երևույթը դրական չէ։ Իսկ եթե հավելումներ անեն շենքի դրսից հատվածից, հետևից, ինչ-որ ճակատին կպնեն ու վրան բարձրանան, սա արդեն հերթական աննորմալությունը կլինի։ Կապ չունի, թե ով կանի, ուզում է՝ թող տիեզերքի գլխավոր ճարատարապետն անի կամ տիեզերքի թիվ մեկ բիզնեսմեն-ճարտարապետն անի՝ այլանդակություն ենք ունենալու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ գերատեսչությունը, երբ քննարկում է նախագիծը, որքանո՞վ է հաշվի առնում մասնագետների մասնագիտական կարծիքը, Դավիթ Ստեփանյանը պատասխանեց՝ որևէ մեկը մասնագիտական կարծիք հաշվի չի առնում։
«Այսքան ժամանակ ի՞նչն են հաշվի առել, որ մի հատ էլ մասնագիտական կարծիք հաշվի առնեն, կամ ե՞րբ են ազգային շահը հաշվի առել, չկա նման բան։ Ամբողջը գումարի կռիվ է, այլ բան չկա»,- ընդգծեց Դավիթ Ստեփանյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/18/%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84%d5%ab-%d5%b3%d5%a1%d5%af%d5%a1%d5%bf%d5%ab%d5%b6-%d5%af%d5%ba%d5%b6%d5%a5%d5%b6-%d5%b8%d6%82%d5%a6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bf%d5%ab%d5%a5/