Ոչ միայն կենսաբազմազանություն․ ի՞նչ է թաքնված Երևանի և Թեհրանի հաճախակի դարձա

Հոկտեմբեր 18, 2026

«Հայաստան-Իրան, ոչ միայն կենսաբազմազանություն» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու Մասուդ Փեզեշքիանի հանդիպմանը։

Նա արձանագրել է, որ մեկնաբանների, հատկապես՝ ադրբեջանցի փորձագետների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ երկու քաղաքական գործիչները երկու շաբաթվա ընթացքում արդեն երկու հանդիպում են ունեցել։ Հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն ու Փաշինյանը բանակցություններ էին վարել Թուրքմենստանում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ «Դրան հավելենք նաև նրանց՝ 2026 թվականի հուլիսին Թեհրանում կայացած հանդիպումը, երբ Հայաստանի կառավարության ղեկավարը մեկնել էր Իրան՝ մասնակցելու ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի (1939-2026) հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Այս ամենից կարելի է առնվազն նախնական եզրակացություն անել. որքան էլ Փաշինյանը ձգտի դեպի Եվրամիություն և ցանկանա ավարտին հասցնել «թուրքական տանդեմի» հետ հարաբերությունների լիակատար կարգավորումը, նա, այնուամենայնիվ, փորձում է մանևրելու որոշակի տարածք պահպանել։

Ընդ որում, ի տարբերություն Ռուսաստանի հետ հարաբերությունների՝ իրանական ուղղությունը նա, առնվազն հրապարակային հռետորաբանության մակարդակում, ներկայացնում է՝ որպես գործնականում խնդիրներից զերծ ուղղություն։ Իսկ հայաստանյան «եվրասիականների» շրջանում, որոնք թերահավատորեն են գնահատում եվրաինտեգրման արագացման հեռանկարները, վերջին մի քանի տարիներին Իրանի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է։ Ոմանք Թեհրանին նույնիսկ դիտարկում են որպես Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկին և Հարավային Կովկասում առանցքային գործընկերոջ»,- նշել է Մարկեդոնովը։

Նա հիշեցրել է, որ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Փեզեշքիանն ու Փաշինյանը քննարկել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու համատեղ ծրագրերի առաջմղումը, դրական են գնահատել ինչպես երկկողմ շփումների ներկայիս ակտիվությունը, այնպես էլ երկկողմ և Հայաստանի ու Իրանի մասնակցությամբ բազմակողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Կարդացեք նաև

  • Ձեզ թվում է՝ Նիկոլի հիմնական ուտեստը պերաշկին ու կուկուռո՞ւզն են. Հայաստանի ամենակոռումպացված իշխանությունն են. Սուրեն Սուրենյանց
  • ԻՍԿ ՎՏԱՆԳԸ ՎԵՐԱՑԵ՞Լ Է… Ալիևին տրված նվերներն անվճար չէին. Թուրքիան և Իսրայելը պահանջում են Արցախում հաղթանակի իրենց փայը. Ռուբեն Մելքոնյան
  • «Իրական Հայաստան»-ով ամրապնդում է պարտությունը. ո՛չ խաղաղություն կունենաս, ո՛չ ապագա․ Վահան Զանոյան

«Այնուամենայնիվ, ինչպես Եվրամիության հետ ինտեգրման հեռանկարների դեպքում, այնպես էլ Երևանի և Թեհրանի հարաբերություններում կան որոշակի նրբություններ։ Իրական մերձեցման գլխավոր ցուցիչն առևտրաշրջանառությունն է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին Իրանի հետ ապրանքաշրջանառությունը հասել է 768,1 միլիոն ԱՄՆ դոլարի՝ 2024 թվականի 737 միլիոն դոլարի դիմաց։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանումը կազմել է ընդամենը 88 միլիոն դոլար, իսկ Իրանից ներմուծումը՝ 680 միլիոն դոլար։

Այս անհամաչափությունը ցույց է տալիս, որ Երևանն առայժմ զգալիորեն ավելի կախված է իրանական մատակարարումներից, քան Թեհրանը՝ հայկական շուկայից։ Հետևաբար, առանց նոր արտադրությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների և ներդրումային մեխանիզմների զարգացման՝ քաղաքական հայտարարությունները կմնան սոսկ հայտարարություններ։ Հաշվի առնելով Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող առճակատումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի՝ Թեհրանի արտաքին քաղաքականության մեջ Հարավային Կովկասի համեմատ ավելի բարձր առաջնահերթությունը՝ տնտեսական արագ առաջընթացն այս ուղղությամբ դժվար թե իրատեսական լինի։

Թեհրանի համար հայկական ուղղությունը հնարավորություն է ընդլայնելու իր հասանելիությունը դեպի Եվրասիայի շուկաներ, առաջին հերթին՝ ԵԱՏՄ, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջան։ Երևանի համար այն տրանսպորտային մեկուսացումը նվազեցնելու և սեփական արտաքին քաղաքական կշիռն ու բանակցային հնարավորություններն ամրապնդելու միջոց է։

Սակայն այստեղ նույնպես առաջանում է առանցքային հակասություն։ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, մինչդեռ Իրանը զգուշավորությամբ է վերաբերվում ցանկացած նախագծի, որը կարող է փոխել իր հյուսիսային սահմանների հարևանությամբ անցնող երթուղիների վերահսկողության գործող համակարգը։

Հետևաբար, Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ հայկական ինքնիշխանության սկզբունքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Երևանի, այլև Թեհրանի համար։ Սակայն «Թրամփի ուղին» շարունակում է մնալ բարդ գլուխկոտրուկ, որի շուրջ անորոշություններն առայժմ ավելի շատ են, քան հստակ պատասխանները»,- մեկնաբանել է ռուս վերլուծաբանը։

Այսպիսով, նրա դիտարկումների համաձայն, հայ-իրանական գործընկերության իրական որակը որոշվելու է ոչ թե հանդիպումների և փոխադարձ ջերմ հայտարարությունների քանակով, այլ ենթակառուցվածքային նախագծերի միջև մրցակցությամբ և սեփական մանևրելու հնարավորությունները պահպանելու երկու պետությունների ձգտմամբ։ «Եվ այստեղ, չհավակնելով հայտնի հին հռոմեական գործչի դափնիներին, կցանկանայի առանձնահատուկ ընդգծել, որ առանց Ռուսաստանի գործոնի, նրանից կտրված՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարող են այդպես էլ մնալ «հեռանկարային, բայց դեռ չիրացված» մակարդակում։

Թեհրանի կողմից այդքան ցանկալի անվտանգ հյուսիսային սահմանների ապահովումը՝ առանց Մոսկվայի լիարժեք մասնակցության, թե՛ որպես ինքնուրույն դերակատարի, թե՛ որպես ԵԱՏՄ-ի և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գլխավոր առաջմղողի, առնվազն խնդրահարույց է։ Եվ, կարծես թե, իրանական կողմը դա բավական լավ է հասկանում։ Մնում է, որ դա հասկանան նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները։ Թեև նրանցից գլխավորն ընդամենը մի քանի օր առաջ ինքն էլ պատասխանել էր իր իսկ հնչեցրած հարցին.

«Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունն այսօր դառնալ Եվրամիության անդամ։ Ես անկեղծորեն կպատասխանեմ՝ ոչ…»»,- այսպես է ավարտել իր վերլուծությունը Սերգեյ Մարկեդոնովը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Arsine Chaltikian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/18/%d5%b8%d5%b9-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%e2%80%a4-%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9/

Leave a Reply