Այս իշխանության ասածները պարզ խաբեություն ու անմտություն են, Արցախը հնարավո՛ր

Հոկտեմբեր 17, 2026

Մեր գլխին երկնքից երկու երկնաքար ընկավ, մեկը Հոկտեմբերի 27-ն էր, մյուսը՝ Արցախի կորուստը։ Իշխանությունը պարտավոր էր պահպանել Արցախը, գտնել լուծումներ և ձևեր։ Իրենք ասում են՝ դա անհնար էր, բայց դա անմտություն է, խաբեություն։ Անընդհատ խաբում են, հույսի փոքրիկ ներարկումներ անում, հետո պարզվում է՝ այդ ամենը սուտ էր։ Անթույլատրելի էր Արցախի հանձնումը։ Բայց Արցախի հայկականության, այն հայությանը վերադարձնելու համոզմունքը մնում է, չնայած այս իշխանությունն ամեն ինչ անում է դրան հակառակ, մեր մոտեցումն էլ համարում է ագրեսիվ և անթույլատրելի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը։

«Բացարձակ սուտ է, երբ ասում են, թե իբր մեր ժողովրդի և պետության ռեսուրսները բավարար չեն Արցախի վերադարձի անգամ ցանկության համար։ Այս իշխանությունը հավերժ չէ։ Հայաստանը կշարունակի հավաքել և ամրապնդել իր ռեսուրսները՝ միտված ազգային խնդիրների, այդ թվում՝ Արցախի հարցի լուծմանը։ Այս իշխանության մոտեցումներին պետք է վերաբերվել որպես պարզ խաբեության։ Այդ ամենի իմաստը միայն իշխանության մնալն է, ուրիշ ոչինչ։ Արցախյան շարժման վտանգավորության թեզը բացարձակ սուտ է։ Այս իշխանությունը պետք է փոխվի, որ նոր իշխանությունը պետության ռեսուրսներն օգտագործի ոչ թե սուտ տոնախմբություններ ու շոուներ անելու, այլ ազգային խնդիրներ դնելու և դրանք զգուշորեն լուծելու համար»,- ասաց քաղաքական գործիչը։

«Սա շատ նման է օտար ռեժիմի։ Այսպիսի պահ մենք ունեցել ենք, երբ պետությունը ծանր ձևերով մարել է մեր ազգային բոլոր իղձերը, աքսորներ, գնդակահարություններ և սուտ դատավարություններ են եղել։ Ստալինյան ժամանակներում անգամ Թուրքիայում ծնված լինելը բավարար էր, որ մարդուն վերացնեին։ Սրանք ձգտում են դրան, բայց աքսորելու հնարավորություն չունեն, փորձում են իրենց ցույց տալ որպես ժողովրդավարների, եվրոպական արժեքների նվիրյալների։ Նրանք կարժանանան Ստալինի բախտին, ամբողջությամբ կտապալվեն, և կգա նորմալ իշխանություն, որն իր ժամանակը կծախսի ազգային խնդիրների լուծման վրա»,- նշեց Հակոբյանը։

Կարդացեք նաև

  • ԻՍԿ ՎՏԱՆԳԸ ՎԵՐԱՑԵ՞Լ Է… Ալիևին տրված նվերներն անվճար չէին. Թուրքիան և Իսրայելը պահանջում են Արցախում հաղթանակի իրենց փայը. Ռուբեն Մելքոնյան
  • «Իրական Հայաստան»-ով ամրապնդում է պարտությունը. ո՛չ խաղաղություն կունենաս, ո՛չ ապագա․ Վահան Զանոյան
  • Ո՞նց ենք դուրս գալու էս ավանտյուրայի տակից. եթե ինձ ասեն՝ ԱԳՆ-ն քո տրամադրության տակ է, սրանց քանդածը հավաքիր, կնստեմ, կլացեմ. Աբրահամ Գասպարյան

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ պետք է չարչարվել, պահել Արցախի հիշողությունը, և հատկապես չենթարկվողները պետք է շարունակեն քարոզել դա․ «Կան խավեր, որոնք նայում են, թե ինչ են ասում իշխանությունը կամ նրանց քարոզչամիջոցները։ Եկեղեցու դեմ պայքարն էլ իշխանությունը պահելու մոլուցքով է պայմանավորված։ Եկեղեցին ասում է ճիշտը, իսկ դա ազդում է սրանց վրա, իրենք վառված են ճիշտ խոսքից։ Արցախի կորստից հետո չխոսել այդ մասին անհնար էր։ Սրանք էլ հասկանում են, որ եկեղեցին մեծ հեղինակություն ունի, այդ քարոզչությունն իր դերն ունենում է, և փորձում են լռեցնել այդ վտանգը»:

«Եկեղեցին պարտավոր է չնահանջել ճշմարտությունից ինքնազոհողության աստիճանի։ Սրանք անգետ են, պարտավոր են իմանալ, թե նորմալ հասարակություններում ինչպես են հարաբերվում աշխարհիկ և հոգևոր իշխանությունները։ Իսկ ամենակատարյալը հենց քրիստոնեական համակարգն է, որը գործում է աշխարհիկի կողքին»,- ասաց Ալեքսան Հակոբյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Lilit Nahapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/17/%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bd%d5%a1%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6-%d5%ad%d5%a1%d5%a2%d5%a5%d5%b8%d6%82/

Leave a Reply