Հոկտեմբեր 13, 2026
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ եթե հայ հասարակությունը նորմալ պայմաններում լիներ, ապա Թուրքմենստանում Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական «Ղարաբաղի տուն» կոչված տաղավարում շրջելը բոլորին պետք է ալեկոծեր և բացասական մեծ ալիք առաջացներ իշխանությունների նկատմամբ։ Բայց այս պայմաններում այդ ամենը պատշաճ արձագանք չգտավ։
«Առաջին բանը, որ այդ տաղավարում աչքի զարնեց, Նիկոլ Փաշինյանի ձեռքերը ներքևում ծափահարելն էր, իրեն թվում էր, որ ձեռքերը ներևում է ծափահարում՝ մեղքը շատ չէ, կամ շատերը չեն տեսնի։ Սա առաջին հերթին թույլ ու խեղճ ղեկավարի կեցվածք էր։ Սա հերթական ուղերձն էր մեզ բոլորիս, որ Հայաստանի իշխանությունները՝ որպես քաղաքական սուբյեկտ, նույնիսկ երկրի ճակատագիրը որոշելու հարցում որևէ արժեք ու որոշում կայացնելու ուղիղ իրավունք չունեն»,- նման կարծիք Մետաքսե Հակոբյանը հայտնեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում։
Նա հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական «Ղարաբաղի տուն» այցելում է այն ֆոնի վրա, երբ այսօր 160 հազար բռնի տեղահանված արցախահայերի ճակատագիրը լուծված չէ։ Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարը, որի հետ Նիկոլ Փաշինյանը լայն ժպիտով տաղավարում էր շրջում, Բաքվի բանտերում պահում ու կտտանքների է ենթարկում հայ պատանդներին՝ կեղծ մեղադրանքներով։
«Դա քաղաքական ուղերձ էր բոլորիս։ Եթե դու մասնակցում ես դրան, ստացվում է՝ չունես քո օրակարգը ու թշնամու օրակարգի մեջ ես ու այն սպասարկում ես։ Իհարկե, խաղաղության գնացող ցանկացած գործընթաց միանշանակ ողջունելի է, որովհետև որևէ պետություն չի ուզում մշտապես հակամարտության մեջ լինեն։ Բայց հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն ևս, երբ Թրամփը հայտարարեց, թե Պուտինը տասնամյակներ շարունակ չկարողացավ խաղաղություն բերել, բայց ինքը բերեց։ Ակնհայտ է, որ այս պոպուլիստական հայտարարություններն իրականում դատարկություն են, և ասողն ինքը ևս գիտի՝ դրա դիմաց ուղղակի գին է վճարվել և շարունակվում է վճարվել։ Եվ այդ բառերի գինն այս իշխանությունների համար Արցախի Հանրապետությունն է, և բոլորիս ճակատագրերն ու ՀՀ ապագան։ Սա խաղաղության մասին չէ, նախ խաղաղության գործընթացը սկսվում է հումանիտար հարցերից՝ առանց նախապայմանների։
Խաղաղությունը բաց ու թափանցիկ պետք է լինի, եթե խաղաղություն է, ես պետք է հանգիստ գլուխս դնեմ բարձին ու քնեմ, ինչպես բոլորս քնել ենք մինչև 2018 թվականը։ Նույնիսկ 2016 թվականին թշնամու կողմից հրահրված պատերազմի ժամանակ տեսանք մեր հայ զինվորի, ամբողջ հայ հասարակության համախմբումը և բռունցքը, որով կանգնեցվեց այդ ամենը և մեր խաղաղ կյանքը շարունակվեց։ 2018 թվականից հետո մենք դադարեցինք երազել խաղաղության մասին, որովհետև հասկանում էինք, թե ինչ նպատակով են բոլոր գործընթացները տեղի ունենում»,- շեշտեց պատգամավորը։
Այս համատեքստում պատգամավորի համար դժվար է ասել, թե հիմա ինչ խաղաղության մասին են խոսում, երբ զինված ադրբեջանցին կարող է մտնել ՀՀ ինքնիշխան տարածք, մտնել մարդկանց տներ ու կրակել, մի՞թե սա է խաղաղությունը, իսկ շարունակությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական տաղավարում շրջելն էր։
Խոսելով արցախահայերի իրավունքների և այդ հարցում Արցախի խորհրդարանի դերի ու ունեցած մեխանիզմների մասին, Մետաքսե Հակոբյանը խոստովանեց, որ վերջին 3 տարիների ընթացքում այնպես չէ, որ այդ հարցում նշանակալից ձեռքբերում ունեն, բայց հսկայական աշխատանք կատարվել է։ Վերջին 3 տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարել «Արցախցիների իրավունքների պաշտպանության» հանձնախումբը՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Հաշվետվությունը հանձնախումբը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է, ամիսը մի քանի անգամ տարբեր երկրներում ու տարբեր միջազգային հարթակներում հանդիպումներ է ունենում։
«Երբ հանձնախումբը տարբեր կառույցների հետ հանդիպումներ է ունենում, ադրբեջանական կողմից պարտադիր գաղտնի սողոսկած անձինք են հայտնվում։ Փաստորեն, ադրբեջանական կողմն այս գործունեությունից անհանգստացած է, որովհետև երբեմն՝ լուռ, երբեմն՝ խառնվելով, փորձում են հետևել այդ գործընթացներին։ Հանձնախումբը թույլ չի տալիս միջազգային հարթակներում փակել Արցախի հարցը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ Արցախի ԱԺ պատգամավորները նաև անհատապես են հանդիպումներ ունենում տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Անձամբ Մետաքսե Հակոբյանը ևս նման հանդիպումներ ունեցել է միջազգային կառույցների հետ.
«Նրանք ասում էին՝ անթույլատրելի է, որ դադարենք բարձրաձայնել մեր իրավունքների մասին։ Բոլորն այս առումով մեզ ցավակցում էին՝ նման իշխանություն ունենալու համար, փաստելով, որ այս պահվածքը նաև վտանգ է թե՛ ժողովրդին, թե՛ Հայաստանին։ Վստահեցում էին, որ անպայման աշխարհի այս ձևավորման փուլում և ձևավորման արդյունքում, չի կարող մնալ այնպես, որ զենքի ուժը մնա գերակա խոսք, կարևոր է, որ գոնե մենք այդ փուլում ունենանք համապատասխան իշխանություն, որը կկարողանա բանակցային գործընթացների դիմել, որտեղ գլխավոր հարցերից մեկը կլինի արցախահայերի իրավունքների պաշտպանությունը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորը նաև չթաքցրեց, որ Արցախի ԱԺ-ն այսօր խնդիր ունի, չունի նախագահ, իսկ նախագահ առաջադրելու համար ՀՀ իշխանությունների կողմից կան մեծ ճնշումներ։ Ըստ կանոնակարգի, նախագահի թեկնածու պետք է առաջադրեն մեծ խմբակցությունները, սակայն առ այսօր այդ խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել։
«Մենք ասել ենք՝ մեր խմբակցությունը կարող է առաջադրել թեկնածու, ունենք 3 պատգամավոր, 3-ն էլ կարող են լինել թեկնածու։ Մենք որևէ խնդիր չենք տեսնում, բայց ամբողջ հարցն այն է, որ ցանկացածը, որ գա և այդ պատասխանատվությունն իր վրա կվերցնի, պետք է առնվազն մեծամասնության քաղաքական թիկունքը զգա։ Ցավոք, դեռևս սա չկա, ցանկացածի թեկնածությունը պատրաստ ենք քննարկել ու պաշտպանել, բայց ցանկացածը պետք է ներկայացնի նաև իր ծրագիրը»,- ընդգծեց Մ. Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանն ցավով արձանագրեց, որ Արցախի հարցի վերաբերյալ ընդդիմությունը չունի միասնական տեսակետ։ Ցավոք, Արցախի հարցն ու արցախահայերի իրավունքները ներկայացվում են հումանիտար դաշտում։ Այս ամենը, պատգամավորի կարծիքով՝ օգնում է միայն իշխանություններին։ Եթե խորհրդարանական ընդդիմությունն էլ այս հարցերը հումանիտար դաշտում դիտարկի, ապա կօգնի իշխանություններին փակելու Արցախի հարցը ոչ միայն միջազգային հարթակներում, այլև հենց ՀՀ ներսում։
«Աստված ոչ անի, եթե Արցախի հարցը մնաց մի քանի մարդու ուսերին, ապա հետագայում այդ հարցը որևէ կերպ վերակենդանացնելու հնարավորություն չի լինելու և պատմության մեջ գրվելու է այնպես, ինչպես եղել է։ Հետևաբար, կարծում եմ՝ ընդդիմությունն ավելի կազմակերպված պետք է լինի, չվախենալով, որ հասարակությունը չի ընկալի։ Երբեմն լսում եմ, որ ընդդիմության մի հատվածն ասում է, թե հասարակության մի մասը չի ուզում Արցախի մասին լսել, կամ հոգնել է պատերազմի մասին լսելուց, բայց սա չի նշանակում, որ հասարակությունից պետք է ճշմարտությունը թաքցնել և լռել Արցախի մասին։ Ստացվում է, որ դրանով պաշտպանում են այն կեղծ թեզերը խաղաղության մասին, որ տալիս են այս իշխանությունները»,- նշեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը նաև ասաց, որ այսօր առանց որևէ բացատրության՝ մեծ տեմպերով արցախահայերին ազատում են աշխատանքից, հատկապես ուժային կառույցներից՝ ոստիկանություն, ԱԱԾ։ Կան մարդիկ, որոնք դիմել են դատարաններ։
Գերիների խնդրի առնչությամբ էլ Մետաքսե Հակոբյանը հստակ նշեց, որ նրանց հայրենիք չի հաջողվում վերադարձնել, քանի որ ՀՀ իշխանությունը նման ցանկություն չունի։
Ըստ պատգամավորի, իշխանությունը ստում է, երբ հայտարարում է, թե գերիների հարցն իրենց օրակարգում է և հնարավոր բոլոր հարթակներում այդ խնդիրը բարձրաձայնում է։ Եթե իշխանությունը որևէ քայլ կատարեր, ապա ինչ-որ մի տեղից, դրա արդյունքը տեսանելի կլիներ։
Նա հակադարձեց Նիկոլ Փաշինյանին այն հայտարարությանը, թե սահմանազատման ու սահմանագծման արդյունքում արդբեջանցիները դուրս կգան ՀՀ օկուպացված տարածքներից՝ ասելով, որ ,եթե այդպես էր, ինչո՞ւ սահմանազատումը սկսեց Տավուշից, այլ ոչ թե այն հատվածներից, որոնք ադրբեջանական զիված ուժերի կողմից օկուպացված են։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/14/%d5%b1%d5%a5%d5%bc%d6%84%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b6%d5%a5%d6%80%d6%84%d6%87%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%ae%d5%a1%d6%83-%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%bd-%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4-%d5%b9/