Հոկտեմբեր 13, 2026
Սեպտեմբերին թուրքական Milliyet պարբերականը Թյուրքական պետությունների կազմակերպության հոկտեմբերյան գագաթնաժողովից առաջ նյութ էր հրապարակել Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի կազմում Ադրբեջանի ու Միջին (Կենտրոնական) Ասիայի երկրների անցյալի մասին։
Հոդվածում, ընդհանուր առմամբ, տեղ են գտել թուրքական կողմի համար ավանդական դարձած մեղադրանքներ պատմական Ռուսաստանի՝ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի հասցեին։
Մասնավորապես՝ Թուրքիայի համար շահավետ ձևով և Անկարային հարմար «տեսանկյունից» ներկայացվում են թյուրքական ժողովուրդների ԳՈՒԼԱԳ-ը, սովը, բռնաճնշումները և «ճնշումները»։ Իհարկե, սա արվում է առանց պատմական համատեքստը հաշվի առնելու նվազագույն փորձի՝ խեղաթյուրելով երևույթների պատմական և քաղաքական էությունը։ Հեղինակների տրամաբանությամբ՝ ռուսական կողմը միշտ ճնշել է իր ժողովուրդներին ու հարևաններին, հատկապես թյուրքերին և ավելի լայն՝ մուսուլմաններին, իսկ նրանք միայն «տառապել են»։ Ըստ պարբերականի՝ միայն այս արատավոր բանաձևով է նկարագրվում և սահմանափակվում պատմական Ռուսաստանի ու նրանում բնակվող ժողովուրդների փոխհարաբերությունների ողջ բարդությունը։ Ի դեպ, քարոզիչներն իրենց Թուրքիան անվանում են ոչ այլ ինչ, քան «ճնշվածների ապաստան»։
Ինքնին հանրապետությունների զարգացումը, պատմական Ռուսաստանի՝ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի հսկայական ներդրումը պարզապես անտեսված են և մի կողմ են թողնված։ Կրթությունը, արդյունաբերությունը, խորհրդային ազգային քաղաքականությունը, որն, ըստ էության, ոչ միայն պետականություն է պարգևել բազմաթիվ ժողովուրդների, որոնք մինչ այդ գոյություն ունեին հսկայական տարածության մեջ՝ Թուրքեստանի պայմանական հավաքական անվան տակ, այլև ձևավորել է ազգային ինքնագիտակցություն՝ ժամանակակից իմաստով, բաց են թողնվել։
Պանթյուրքիստական քարոզիչները, աչք փակելով ռուսական կողմի բերած դրականի հսկայական շերտի վրա, գիտակցաբար շեշտը դնում են հակասությունների, տարաձայնությունների և բազմաթիվ ողբերգությունների վրա, որոնց մասին Ռուսաստանն ազնվորեն խոսում և հիշում է։ Ավելին, անտեսվել է նաև այն փաստը, որ ռուսներն, ըստ էության, տրոցկիստ-ինտերնացիոնալիստների գործողությունների արդյունքում ամենաշատը տուժած ժողովուրդն են։ Ինչպես, ի դեպ, և այն հանգամանքը, որ տրոցկիստների շրջանում ազգային հանրապետություններից բավարար ներկայացուցիչներ կային։ Պատահական չէ, որ ստալինյան շրջանում հայտնվեց «ազգային տրոցկիզմ» տերմինը։
Թվում է, թե արժե՞ արդյոք այդքան անհանգստանալ կամ արձագանքել թուրքական ԶԼՄ-ների ընդամենը մեկ հոդվածի պատճառով։ Ցավոք, արժե։ Սկսենք այն բանից, որ Milliyet-ը համապետական մասշտաբի հրատարակություն է։ Սա Թուրքիայի ամենահին և ամենահեղինակավոր թերթերից է, իսկ այժմ՝ նաև առաջատար լրատվական կայք, այլ ոչ թե ինչ-որ դեղին մամուլ։ Մի խոսքով, սա պատկառելի և խոշոր համազգային պարբերական է՝ հանրաճանաչ առցանց լրատվական պորտալով։
Պատմական ճակատագրի հեգնանքով՝ թերթն ի սկզբանե՝ ընթերցողների առջև հայտնվելու պահից, որդեգրել էր քեմալիզմ, աշխարհիկ սկզբունքներ և ձախակենտրոն հայացքներ: Մինչդեռ ժամանակի ընթացքում (հատկապես սեփականատերերի փոփոխությունից հետո) ուղղվածությունը տեղափոխվեց դեպի աջ կենտրոն և թուրքական ազգայնականություն: Այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչ մենք հիմա տեսնում ենք «Ռուսաստանի և թյուրքական ժողովուրդների» թեմայի շուրջ, պայմանականորեն 50 տարի առաջ հազիվ թե կարող էր հայտնվել դրա էջերում։ Բայց ժամանակները փոխվում են։
Այժմ այդ թերթն ու առցանց պարբերականը պատկանում են թուրքական իշխանություններին լիովին հավատարիմ Demirören Holding կոնգլոմերատին։ Սա թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ Demirören խմբի և իշխող շրջանակների միջև հարաբերությունները բնութագրվում են սերտ դինամիկայով, որը պայմանավորված է Թուրքիայում լրատվամիջոցների սեփականության կառուցվածքով, պետական ռեսուրսների օգտագործմամբ, ինչպես նաև քաղաքական-տնտեսական կապերով:
Թուրքիայում արդեն վաղուց բոլոր լրատվամիջոցներն այս կամ այն կերպ հարում են իշխանություններին կամ գտնվում են հատուկ ծառայությունների արթուն հսկողության տակ, որոնք համալրվում են կուսակցական սկզբունքով։ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի, 2017 թվականի սահմանադրական հանրաքվեի և 2018 թվականին երկրի կառավարման ձևը խորհրդարանականից նախագահականի փոխելու համապատկերին՝ արտակարգ դրության երկարատև ռեժիմից հետո, Թուրքիայում պարզապես անկախ լրատվամիջոցներ չեն մնացել։ Էլ չենք խոսում բազմաթիվ բռնաճնշումների մասին, որոնց խորապատկերին նույնիսկ խորհրդային մամուլը կարող էր համարվել միջազգային օրինակ՝ խոսքի ազատության և նյութի մատուցման խորության տեսանկյունից։
Իրական պատվիրատուների վերաբերյալ վերջին կասկածները կվերանան մեկ այլ, ոչ բարդ վերլուծությունից հետո:
Հոդվածում Ռուսաստանին հակադրվում է Թուրքիան և Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ)։ Վերջինս վաղուց է փորձում իր ազդեցության տակ միավորել հետխորհրդային տարածքի թյուրքական և մուսուլմանական ժողովուրդներին։ Հազիվ թե ընդդիմադիր, երբեմնի ձախակողմյան պարբերականը լրջորեն պաշտպաներ պանթյուրքիստների դիրքորոշումները, որոնք այսօր կազմում են իշխող կոալիցիան՝ «Ժողովրդական դաշինքը»։ Չէ՞ որ այն բաղկացած է ոչ միայն Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ), այլև «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP)՝ Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ։
Ի դեպ, վերջինս Թուրքիայում ժառանգում է ոչ անհայտ հակառուս և արևմտյան հատուկ ծառայությունների գործակալ Ալփարսլան Թյուրքեշի գաղափարները։ Հենց վերջինիս մատուցմամբ էր, որ ոչ միայն հետխորհրդային, այլև բուն ռուսական տարածքը բառացիորեն ողողված էր թուրքական ազդեցության գործակալներով և շատ երկրներում արգելված «Գորշ գայլեր» կազմակերպության զինյալներով։ Մասնավորապես, դա վերաբերում էր Չեչնիային և չեչենական երկու պատերազմներին՝ նոր Ռուսաստանի ձևավորման փուլում։
Նման հրապարակումներին պետք է արձագանքել։ Պանթյուրքիստական ցանկացած ոտնձգության պետք է լրջորեն հակադրել սեփական ձևաչափերը, գաղափարները, նախագծերն ու իմաստները։ Հակառակ դեպքում մենք կկանգնենք լուրջ խնդիրների ու վտանգների առջև։ Միջքաղաքակրթական սահմանները վաղուց անցնում են Պովոլժիեով, Հյուսիսային Կովկասով և այլ տարածաշրջաններով, որոնք միայն առաջին հայացքից կարող են երաշխավորված ու անսասան ռուսական կամ ռուսամետ թվալ։
Վոլգայի շրջանը (Պովոլժիե) դեռ մի կողմ. Մոսկվայի որոշ թաղամասերում արդեն իսկ ընդգծված կրոնական հագուստ են կրում․ մեղմ ասած, չեն շտապում ընդունել ռուսական հաղորդակցության ավանդույթները: Օգտակար է հիշել այն ճշմարտությունը, որ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Գաղափարական և մեդիա վակուումը կլցվի նաև թուրքական քարոզչությամբ, որն անպայման իր մեկնաբանությունը կտա պատմական անցյալի պատճառահետևանքային կապերին։
Եվ այդքան էլ կարևոր չէ, թե ինչպիսին կլինի այդ քարոզչությունը՝ պանիսլամիստական-կրոնակա՞ն, թե՞ պանթյուրքիստական-ազգայնական։ Կարևոր է մեկ բան՝ այն լինելու է ընդգծված հակառուսական և երաշխավորված կերպով ոչ պակաս վտանգ է ներկայացնելու, քան ուկրաինականը։ Իսկ ինչ-որ առումով՝ նույնիսկ ավելի մեծ, հաշվի առնելով Ռուսաստանում արագ փոփոխվող էթնո-ժողովրդագրական պատկերը և վերջին տարիների շատ այլ հանգամանքներ՝ կապված Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում մեր ազդեցության հետ։
ԳԵՈՐԳԻ ՉԵՌՆՈԳՈՐՍԿԻ
infoshos.ru
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Anna Tamamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/14/%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a6%d5%b4%d5%ab-%d5%bd%d5%b8%d5%b2%d5%a1%d6%81%d5%b8%d5%b2-%d5%a7%d6%84%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6/