Հոկտեմբեր 7, 2026
Սեպտեմբերի 1-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասել էր, որ կմեկնի Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահի հետ կշարունակի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։ Ոչ պաշտոնական խոսակցությունների մակարդակում նշվում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի վերջին։ Թեպետ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Փաշինյանի այցը Մոսկվա Պուտինի հետ հանդիպման նպատակով դիվանագիտական շփումների շրջանակում առայժմ չի քննարկվում։
Այս ամենին զուգահեռ, Ռուաստանը շարունակում է սանկցիաներ կիրառել հայ արտադրողների նկատմամբ՝ արգելելով հայկական միրգ-բանջարեղենի, կաթնամթերքի արտահանումը ռուսական շուկա, նաև չեն դադարում խոսակցությունները, որ Ռուսաստանը հնարավոր է բարձրացնի Հայաստանին տրվող գազի գինը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման, գազի գնի թանկացման վերաբերյալ խոսակցությունների մասին նախ ասաց՝ բոլորը շեշտը դնում են գազի գնի բարձրացման կամ այն սանկցիաների վրա, որոնք Ռուսաստանը կիրառում է Հայաստանի նկատմամբ և որոնք կարող են խորանալ, ինչը շատերը բացատրում են ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքով։
«Ակնհայտ է, որ Հայաստանը ԵՄ չի գնալու և երբեք ԵՄ անդամ չի լինելու, առհասարակ դեռ պարզ էլ չէ, թե ԵՄ-ի ճակատագիրն ինչպիսին է լինելու։ Հարց է՝ մի քանի տարի հետո ԵՄ-ն այս տեսքով կլինի՞, թե՞ առհասարակ չի լինի։
Հարց է առաջանում, թե խնդիրը ո՞րն է, խնդիրն այն է, որ Արևմուտքը, առաջին հերթին՝ Եվրոպան, ԵՄ-ն կամ ԵՄ-ի բյուրակրատիան ըստ էության պատերազմի մեջ է գտնվում և ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայում պատերազմի մեջ։ ԵՄ ղեկավարությունն այս պատերազմում հստակորեն ասում է, որ իրենց նպատակն է, որպեսզի Ռուսաստանին կտրեն իր հարևաններից և թշնամանք ստեղծեն՝ անկախ նրանից, ՌԴ-ն կամ ԵՄ-ն լա՞վն են, թե՞ վատը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը։
Ըստ քաղաքագետի, պատերազմի նոր օջախներ պետք է լինեն, ԵՄ-ից հստակ ասվում է, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Ռուսաստանի ազդեցության բոլոր հնարավոր միջոցները կտրեն և՛ Հարավային Կովկասից, և՛ Կենտրոնական Ասիայից։ Այսինքն՝ Ռուսաստանը լինի շրջափակման մեջ, այդ թվում՝ տնտեսական։
Ուստի նրա խոսքով, այս համատեքստում, Ռուսաստանն էլ իր հերթին՝ սեփական շահերից ելնելով, փորձում է այդ ամենը թույլ չտալ, հետևաբար՝ խնդիրը ոչ թե ԵՄ գնալը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալն է, այլ աշխարհաքաղաքական պայքարի մասնակից լինելը։
«Հիմա Հայաստանն ընդունելով այդ օրենքը՝ «5-րդ շարասյան» կողմից կազմակերպված ստորագրահավաքով, ընդունեց անիմաստ օրենք, մի օրենք, որը որևէ տրամաբանություն չունի։ Բայց այդ օրենքը քաղաքական ակտ էր, որ Հայաստանը մտնում է աշխարհաքաղաքական պայքարի մեջ, և Ռուսաստանը խնդիր է դրել Հայաստանի առաջ, պարզաբանում պահանջելով հետևյալ հարցի մասին՝ Դուք իմ դեմ մղվող պատերազմին մասնակցո՞ւմ եք, թե՞ նեյտրալ եք։
Հարցը հետևյալն է, այսինքն՝ այդ օրենքը սիմվոլիկ նշանակություն ունի, բովանդակային որևէ նշանակություն չունի։ Պայմանական ասած, եթե Հայաստանը փորձում է այդ օրենքով շարժվել, ապա Ռուսաստանն ասում է՝ սանկցիաները կխորացնի իր հնարավորությունների սահմաններում։ Գազը կարող է շուկայական լինել, դեռ երկաթգծի հարց կա, որն ավելի լուրջ է, քան գազի հարցը։ Հայաստանի տնտեսությունը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ, առանց վիզաների մուտքը Ռուսաստան, մարդիկ, որոնք Ռուսաստանում աշխատում են և գումար ուղարկում Հայաստան և այլն»,- հավելեց քաղաքագետը։
Թե Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում այս և մի շարք այլ հարցեր ինչպե՞ս են լուծվելու, քաղաքագետը չի պատկերացնում։
«Ատոմակայանի կառուցում՝ դա նշանակում է կախվածություն, կամ երկաթուղու հարցը պետք է փակվի, նման պայմանավորվածություններ պետք է լինեն։ Մեկ բան հստակ է, որ Հայաստանն ուղղակի այլ տարբերակ չունի։ Մեկ օրինակ բերեմ, 2019 թվականին Ուկրաինայի Սահմանադրության մեջ՝ 5-րդ հոդվածում, նշվեց, որ Ուկրաինան գործընթաց է սկսում՝ գնալ դեպի ՆԱՏՕ և ԵՄ, ինչը բերեց պատերազմի։ Հիմա և՛ Միացյալ Նահանգները, և՛ եվրոպական մյուս երկրները հետընթաց են արձանագրում։ Հիմա Ուկրաինայում այլ գործընթաց է սկսվել, որ այդ հոդվածը փոփոխեն։ Հիմա թե Հայաստանում ինչ կանեն, դժվար է ասել, քանի որ չգիտենք, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/08/%d5%a4%d5%a5%d5%bc-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%a9%d5%a3%d5%ae%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81-%d5%af%d5%a1-%d5%b8%d6%80%d5%b6-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%bb-%d5%a7/