168: Երբ ռեկորդները դառնում են խնդիր. ինչու են բենզինի գները Հայաստանում հասե

Հոկտեմբեր 3, 2026

Երբ Հայաստանը սկսեց Ադրբեջանից բենզին ու դիզելային վառելիք ներմուծել, դա համընկավ գների նվազման հետ։ Գների նվազումն իշխանությունները վերագրեցին ադրբեջանական վառելիքի ներմուծմանը։

Այսօր էլ Հայաստանը շարունակում է Ադրբեջանից նավթամթերք ներմուծել, բայց գները ոչ միայն նախկինը չեն, այլև հասել են պատմական առավելագույնի։

Երբեք բենզինի ու դիզելի գները Հայաստանում այնքան բարձր չեն եղել, ինչպես այսօր։

Վառելանյութի գները Հայաստանում այսօր ռեկորդային բարձր են, անկախ նրանից՝ Ադրբեջանի՞ց են բերվում, թե՞ այլ տեղից։ Թե ո՞ւր ցնդեց ադրբեջանական վառելիքի «հրաշագործ» ազդեցությունը, իշխանություններն այլևս չեն խոսում։

Կարդացեք նաև

  • Աղմկահարույց հրաժարականներ, պառակտում. ի՞նչ է կատարվել Նյու Յորքում Փաշինյանի փակ հանդիպմանը. Կարեն Ջինբաշյան
  • Սահմանվել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման կարգը
  • Ալիևի «հաղորդումը»` Փաշինյանի դեմ․ ինչի՞ համար է նա պատասխանատվության «կանչվում»

Այնինչ՝ տարեսկզբին, երբ ադրբեջանական վառելիքի ներմուծումից հետո գները նվազեցին, քիչ էր մնում դա ներկայացնեին որպես համաշխարհային մակարդակի հեղափոխություն Հայաստանի վառելանյութի շուկայի համար։  Ընդամենը մի քանի շաբաթվա գնանկումը դարձավ կառավարության ամենաշատ գովազդվող «ձեռքբերումներից» մեկը։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր «խաղաղության օգուտների» մասին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, քաղաքացիների փոխարեն, հաշվում էր, թե յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ որքան գումար է մնում նրանց գրպանում։

Նույնիսկ հայտարարեցին, թե Ադրբեջանից վառելիք ներմուծելով՝ ջարդել են տարիներ շարունակ բենզինի շուկայի փաստացի գործող մենաշնորհները։

Մի քանի ամիս անց պատկերը տրամագծորեն հակառակն է։ Լցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, «Պրեմիումինը»՝ 620 դրամի։ Դիզելային վառելիքինն ավելի բարձր է՝ 700-710 դրամ։

Սրանք բոլորը պատմական առավելագույն գներ են։ Բայց տարբեր ոլորտներում պատմական ձեռքբերումների մասին պարբերաբար հայտարարող Նիկոլ Փաշինյանն այս պատմական «ձեռքբերումը» չնկատելու է տալիս։

Մինչդեռ հունվարի 13-ին հատուկ տեսանյութ էր հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի վառելիքի շուկայում ադրբեջանական բենզինի ներմուծումից հետո։ Հպարտությամբ էր խոսում այն մասին, որ ադրբեջանական բենզին ներկրելուց հետո, գները կտրուկ նվազել են. «Պրեմիումի» նվազագույն գինը 510 դրամից իջել է մինչև 430 դրամի, «Ռեգուլյարի» նվազագույն գինը 500 դրամից դարձել է 460 դրամ։ Նիկոլ Փաշինյանն այս ամենն ուղղակիորեն կապում էր Ադրբեջանից նավթամթերքի ներմուծման հետ և համոզում, որ դա «խաղաղության օրակարգի արդյունքներն ու խաղաղության օգուտներն են»։

Գևորգ Պապոյանն էր սկսել հաշվել օգուտները։ 75 դրամի տարբերության մասին էր խոսում, հաշվարկում էր, որ 10 լիտր լիցքավորելու դեպքում քաղաքացին շուրջ 750 դրամ է տնտեսում։ Հարց էր հնչեցնում՝ մի՞թե այդ գումարը մարդու «գրպանը կծակի»։ Այսօր, երբ գնային պատկերը բոլորովին այլ է, էկոնոմիկայի նախարարն այլևս նույն հաշվարկները չի անում, քաղաքացու գրպանի վնասները չի հաշվում, չի ասում, թե գների այս բարձրացման հետևանքով նա ինչքան ֆինանսական միջոցներ է կորցնում։ Իսկ կորուստները բավական մեծ են։ Անհամեմատ ավելի շատ, քան այն ժամանակ, երբ քաղաքացու օգուտներն էին հաշվում։

Այն ժամանակվա գների համեմատ՝ «Ռեգուլյարի» տարբերությունն այժմ շուրջ 160 դրամ է։ Դա նշանակում է, որ Գևորգ Պապոյանի հաշվարկներով, 10 լիտրի մեջ քաղաքացին հիմա 1600 դրամի կորուստ է ունենում։

Եթե 750 դրամ խնայողությունը հաշվարկում էիք, ինչո՞ւ չեք հաշվարկվում 1600 դրամի կորուստը։ Առավել ևս, որ խնդիրը միայն բենզինը չէ։

Դիզելային վառելիքի գինը շատ ավելի է բարձրացրել՝ լիտրի մեջ գրեթե 250 դրամ։ Նաև հեղուկ գազն է թանկացել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, հեղուկ գազի գինը բարձրացել է գրեթե 24 տոկոսով։

Անշուշտ, գների այս բարձրացման վրա անհնար է անտեսել վառելիքի միջազգային շուկայի թանկացումների ազդեցությունը։ Այդ ազդեցությունը կար նաև նախկինում, երբ գները Հայաստանում նվազում էին։ Դրան նպաստում էին միջազգային և տարածաշրջանային նպաստավոր պայմանները, բայց իշխանություններն այն ներկայացնում էին՝ որպես իրենց վարած քաղաքականության համակարգային ձեռքբերում։ Էժանացած բենզինը դարձավ ընդհուպ «խաղաղության օգուտ»։ 1-2 խմբաքանակի մուտքը ներկայացվեց որպես մրցակցության խորքային փոփոխություն։ Հայտարարեցին մենաշնորհները փաստացի և վերջնական վերացնելու մասին։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում էր, որ որքան շատ ադրբեջանական բենզին ներմուծվի, այնքան գները կնվազեն։

Հիմա տեսնում ենք, թե որքանո՞վ էին հիմնավորված այս ամպագոռգոռ հայտարարությունները։

Այն ժամանակ գների նվազումը վերագրում էին իրենց, այժմյան թանկացումը կապում են միջազգային գների հետ։

Երբ գները ոչ միայն վերադարձան նախկին մակարդակին, այլև անհամեմատ գերազանցեցին, նույն հրապարակային հաշվարկներով խուսափում են ցույց տալ այն վնասները, որոնք կրում են քաղաքացիները։ Իսկ վառելիքի թանկացումը միայն մեքենա վարելու ծախսի ավելացում չէ։ Այն մտնում է բեռնափոխադրման, գյուղատնտեսական աշխատանքների, ծառայությունների և բազմաթիվ ապրանքների ինքնարժեքի մեջ ու վերջնական արդյունքում էլի ծանրանում քաղաքացիների գրպանի վրա։ Պատահական չէր Կենտրոնական բանկի նախագահի այն հայտարարությունը, որ էներգակիրների թանկացումների հետևանքով գնաճային ռիսկերն ավելացել են։

Իշխանությունները գտել են թանկացումներից իրենց գրպանի պարունակությունը պաշտպանելու միջոցը, շուտով կրկին կբարձրացնեն իրենց առանց այդ էլ՝ ոչ պակաս բարձր աշխատավարձերը։ Իսկ այս ամենից հիմնական տուժողները լինելու են սովորական քաղաքացիները, ովքեր ստիպված են առերեսվել գների բարձրացումների ու իրենց գրպանի պարունակության շատ ավելի արագ դատարկվելու իրողության հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Chatinian Lara. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/03/168-%d5%a5%d6%80%d5%a2-%d5%bc%d5%a5%d5%af%d5%b8%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8/

Leave a Reply