Հոկտեմբեր 3, 2026
Ադրբեջանի իշխանությունները, չնայած հայ-ադրբեջանական հրապարակային քարոզչական դաշտում բռնկված լարվածությանը, չեն դադարում կոշտ ու պահանջատիրական հայտարարություններով հանդես գալ՝ էլ ավելի սրելով իրավիճակը։
Մինչ Ալիևը շարունակում է խոսել այն մասին, թե Հայաստանում ով ինչի համար պետք է պատժվի, ու ինչ չպետք է մոռանա Ադրբեջանի ժողովուրդը, և մինչ ադրբեջանցի զինված զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի գյուղում մտնում է հայկական տուն և կրակում, ահաբեկում տան տիկնոջն ու նրա երեխաներին, Ալիևի հատուկ հանձնարարություններով բանագնաց Էլչին Ամիրբեկովը Շվեյցարիայի պետական քարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ Բեռնում կայացած հանդիպման ժամանակ նշում է, որ խաղաղության համաձայնագրի և Հայաստանի գործող Սահմանադրության միջև «գոյություն ունեցող իրավական անհամապատասխանության վերացումն անհրաժեշտ և անխուսափելի է խաղաղ գործընթացի անդառնալիության և ներկայումս ձևավորված դե ֆակտո խաղաղության կայունության տեսանկյունից»:
Միևնույն ժամանակ նա նաև ասել է, թե փոխադարձ վստահության ամրապնդումը, տնտեսական և առևտրային կապերի զարգացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումները կարևոր դեր են խաղում երկու երկրների բնակչությանը խաղաղության առավելությունները հասցնելու հարցում:
Ամիրբեկովը խոսել է նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ապահովմանը կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացման մասին, որի բաղկացուցիչ մասն է, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, TRIPP նախագիծը: Այն, ըստ Ալիևի բանագնացի, կարող է ներդրում ունենալ տարածաշրջանային համագործակցության և խաղաղության ամրապնդման գործում:
Այս հայտարարությունը գալիս է լրացնելու վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության արած կոշտ հայտարարությունները, պահանջները և անցյալը չմոռանալու մասին դասերը երիտասարդ սերնդին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանն ակտիվորեն միջազգային հարթակներում աշխատում է հարցերի ուղղությամբ, որոնք չկան հայ-ադրբեջանական պաշտոնական օրակարգում, սակայն կա հետևողական աշխատանք այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից։
Օրերս ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում տեղի էր ունեցել Ադրբեջանի կողմից կազմակերպված «Վերադարձի իրավունք և ապագաղութացում․ ուշացած պատմական արդարության վերականգնում» թեմայով հակահայկական համաժողովը։ Բաքվի նախաձեռնությունների խմբի կազմակերպած միջոցառման ընթացքում, ըստ հրապարակումների, քննարկվել էին վերադարձի իրավունքի, ապագաղութացման, ինքնորոշման, պատմական հիշողության և մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Համաժողովի բացման ժամանակ Բաքվի նախաձեռնությունների խմբի ներկայացուցիչ Էլգյուն Հաջիևը հայտարարել էր, որ «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և միջազգային մեխանիզմների շրջանակում»։ «Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունք է։
Հայրենի վայրեր վերադարձը միայն ֆիզիկական վերադարձ չէ։ Դա նշանակում է ինքնության, արժանապատվության, պատմական հիշողության և մշակութային շարունակականության վերականգնում»,- հայտարարել էր Հաջիևը։ Քննարկումների ընթացքում էլ Անվտանգության քաղաքականության հետազոտությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Ալի Մամեդովն առանձին անդրադարձել է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցին»։ Նա նշել էր, թե ավելի քան երեք տասնամյակ անց վերադարձի և մշակութային ժառանգության պահպանման հարցերը շարունակում են արդիական մնալ։ Մամեդովը նաև խոսել էր Հայաստանի տարբեր շրջաններում, իբր, «ադրբեջանական համայնքների պատմական ներկայության մասին՝ դրա հետ կապելով պահպանված կամ փաստաթղթերով հայտնի մզկիթները, գերեզմանատները, բնակավայրերն ու տեղանունները»։
Միջոցառման արդյունքներով Բաքվի նախաձեռնող խումբը և համաժողովի մասնակիցներն ընդունել են դիմում՝ ուղղված ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին։ Փաստաթղթում կոչ է արվում նպաստել «Արևմտյան Ադրբեջանի հետ կապ ունեցող մարդկանց անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև ապահովել Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանությունը»։
Այս երկակիությունը՝ մի կողմից՝ միջազգային հարթակներում կառուցողականության ցուցադրումը, իսկ մյուս կողմից՝ հայկական բնակավայրերում ահաբեկումն ու բացահայտ ուժային թելադրանքը, հերթական անգամ վկայում են մեկ բանի մասին. Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում է բացառապես սեփական պայմանների անվերապահ պարտադրման միջոցով։
Այս զարգացումները քայլ առ քայլ ցուցադրում են հայկական օրակարգում երկար ժամանակ շրջանառվող, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան» ֆիասկոն։ Ակնհայտ է դառնում, որ Բաքվի համար սա ոչ թե փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա հիմնված խաղաղություն է, այլ հաղթողի դիրքերից թելադրվող գործընթաց, որտեղ յուրաքանչյուր հայկական զիջում կամ մեղմ արձագանք ծնում է միայն նոր, ավելի կոշտ պահանջներ։
Ադրբեջանի այս վարքագիծը բացահայտում է հռետորաբանության և իրականության հսկայական անդունդը։ Մինչ միջազգային հարթակներում խոսվում է «վստահության կամրջման» և «տնտեսական կապերի» մասին, գետնի վրա տեղի է ունենում հակառակը։ Սա ապացուցում է, որ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը» փաստացի ծառայում է որպես քողածածկույթ՝ Հայաստանին աստիճանաբար զրկելու սեփական ինքնիշխանությունից և արտաքին քաղաքական սուբյեկտայնությունից։
Այս իրավիճակում ակնհայտ է դառնում, որ առանց կարմիր գծերի հստակ հաստատման և Բաքվի ապօրինի պահանջներին դիմակայելու, անվերջանալի այս շղթան ոչ թե տանում է դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն, այլ՝ նորանոր ագրեսիաների ու ճնշումների անխուսափելի հեռանկարի։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Baghdasarian Karlen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/03/%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%af%d5%ab-%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d6%80%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80-%d6%87-%d5%a3%d5%a5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%be%d6%80%d5%a1-%d5%bd%d6%80%d5%be%d5%b8%d5%b2-%d5%ab/