Հոկտեմբեր 3, 2026
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ խոստովանել է, որ Բաքուն Արցախն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու գործողությունների փուլային պլան է ունեցել, որի իրականացման հարցում դադարներ չեն եղել:
«2020 թվականի պատերազմում հաղթանակից հետո մեր գործունեությունն ուղղված է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը։ Այս առաքելության իրականացման ընթացքում մենք ոչ մի օր կանգ չենք առել, ոչ մի օր մեզ թույլ չենք տվել հանգստանալ։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և «հակաահաբեկչական» գործողության միջև ընկած ժամանակահատվածում մենք գործել ենք մի քանի ճակատներում։ Ինչպես քաղաքական հարթությունում՝ միջազգային կազմակերպություններում շատ լուրջ միջազգային տեղեկատվական արշավ իրականացնելով, որ մեզ հակադրվող հայամետ երկրները չկարողանան հասնել իրենց կեղտոտ մտադրություններին, այնպես էլ՝ ուղիղ գետնի վրա: Մենք զգալիորեն բարելավեցինք մեր ռազմավարական դիրքերը Ղարաբաղի տարածաշրջանում. իրականացվեց մի քանի հաջող ռազմական օպերացիա: Այս գործողությունները շատ կարճաժամկետ էին, ինչպես և պետք է լինեին: Ձեռնարկվում էին անհրաժեշտ քայլեր՝ բացառապես սեպտեմբերի 20-ի իրադարձությունները պայմանավորելու և նվազագույն կորուստներով ցանկալի արդյունքի հասնելու նպատակով»,- հայտարարել է Ալիևը:
Այստեղ, ըստ էության, նա նկատի ունի 2022 թվականի մարտին տեղի ունեցած Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի շուրջ մարտերը:
Բայց Ալիևը շարունակել է իր խոստովանական տեքստը և հաստատել այն, ինչի մասին գրել ենք 2021-2022 թվականների ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո 2021 թվականի նոյեմբերյան և 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի հեռահար նպատակների մասին:
«Այդ թվում՝ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տեղի ունեցող գործընթացները փաստացի ստեղծեցին Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիարժեք ճանաչման հիմնական հիմքը։
Դրա արդյունքում 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրանով հնարավոր է՝ ինքն էլ չգիտակցելով, ճանաչեց, որ այդ ժամանակ Ղարաբաղում գտնվող հայկական զինված կազմավորումներն օկուպացիոն ուժեր են։ Դրանից հետո էլ ավելի ամրապնդվեց այս տարածաշրջանը լիակատար վերահսկողության տակ վերցնելու, անօրինական զինված կազմավորումները չեզոքացնելու և զինաթափելու իրավական հիմքը»,- մանրամասնել է Ալիևը:
Այստեղ, իհարկե, նա ավելի շատ ՀՀ ինքնիշխան տարածք ադրրբեջանական ներխուժումների, սեպտեմբերյան մարտերի իրավաքաղաքական արդյունքների մասին է խոսում, բայց դրանք չէին լինի, եթե Բաքուն հստակ չգծեր դրանց հասնելու ռազմական գործողությունների պլանը:
Դեռ 3 տարի առաջ անդրադարձել ենք, մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ռազմավարական նշանակությանը Բաքվի համար, թե ինչ հարցեր լուծեց Ալիևը դրանցով, գուցե նաև՝ Փաշինյանը:
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից օրեր հետո՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում ԳՇ պետը հայտարարել էր, որ Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այդ գործողությունների հետևանքով հայկական կողմը կորցրել է 50 դիրք: Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Ոչ մեկ անգամ նշել ենք, որ 2022 թ. սեպտեմբերյան մարտերի արդյունքում մեր տարածքային կորուստները հետևանք են 2021 թվականի մայիսի և նոյեմբերի ադրբեջանական առաջխաղացումների և տարածքային հաջողությունների:
Մասնավորապես, 2021-ի նոյեմբերի 16-ին ադրբեջանա-թուրքական տանդեմի համաձայնեցված ռազմական օպերացիան ևս նրանց Նախիջևանի, Զանգեզուրի և Լաչինի միջանցքի հետ կապված նկրտումների համատեքստում էր:
Այդ օրերի մարտական գործողությունների արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղադրված քարտեզների, թշնամու զինուժը կարողացել էր դուրս գալ առանցքային և ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ՝ Արևելյան Սևանի լեռների կամ լեռնաշղթայի ուղղությամբ՝ դեպի Քարվաճառ, ինչպես նաև՝ Քիլիսալի լեռան շրջակայքում մարտերի հետևանքով գրավել են մի քանի հայկական դիրք: Ադրբեջանը նպատակ է ունեցել իր վիզուալ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, ինչը, թերևս, մասամբ հաջողվել էր:
Այս ամենը շատ լավ հասկացել էր նաև Նիկոլ Փաշինյանը, և նույնիսկ՝ խոստովանել հենց սեպտեմբերյան մարտերի օրերին:
Այս համատեքստում հիշենք ռազմաքաղաքական և քաղաքական ուշագրավ դրվագներ՝ հստակ ժամանակագրությամբ:
2022 թ. սեպտեմբերյան մարտերից առաջ տեղի էր ունեցել Փաշինյանի բրյուսելյան այցը՝ օգոստոսի 30-ին, իսկ օգոստոսի 31-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Այն տևել էր մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։ Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Արցախի և Հայաստանի միջև կապն օգոստոսի 31-ից հետո իրականացվելու է նոր միջանցքով, քանի որ արդեն որոշված էր, որ Ադրբեջանին են հանձնվելու Բերձորը և Քաշաթաղի շրջանի գյուղերը:
2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:
Սեպտեմբերյան մարտերից մոտ 2 ամիս հետո՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը փակեց Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչը Փաշինյանը մարտական այս գործողությունների օրերին արված խոստովանության մեջ չէր անտեսել՝ նշելով. «Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ. առաջինը, որ կա ԼՂ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար»:
Վերադառնանք Ալիևի հայտարարությանը և նկատենք, որ նա Նիկոլ Փաշինյանին մասնակից է դարձնում հայկական ուժերին «ռազմական հանցագործության» վերագրման հարցում, այսինքն, պրահյան փաստաթուղթը, ըստ էության, ևս մեկ «հաղորդում» էր Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ, եթե, իհարկե, մի օր Փաշինյանն ինքը չդատվի իր խոսքերից, ինչը հուշում է աստվածաշնչյան ճշմարտությունը:
Եվ հենց այստեղ պետք է անցնել «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ Ալիևի հաջորդ ձևակերպումներին, որոնց տողատակում մեսիջներ կան՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:
«Ադրբեջանը ճանապարհ է հարթել դեպի լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Նրանք, ովքեր ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ», այժմ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջանն է»։ Եվ դա ասում են հարկադրված։
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը պարզապես բարի կամքի դրսևորում չէ, և չի կարող այդպիսին համարվել։
Չի կարելի ողջ մեղքը միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա բարդել։ Թեև Հայաստանի նախկին ղեկավարները՝ բոլորը, ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը։
Հայաստանի ներկայիս իշխանությունները մեր նկատմամբ ևս տարածքային պահանջներ էին ներկայացնում, փորձում էին վիրավորել ադրբեջանցի ժողովրդին, իրենց ոչ տեղին և ոչ կոռեկտ հայտարարություններով խաղում ադրբեջանցի ժողովրդի արժանապատվության հետ: Մենք երբեք չպետք է մոռանանք դա։
Այսօր, երբ որոշ արտասահմանյան շրջանակներ փորձում են Հայաստանի ներկայիս ղեկավարությանը ներկայացնել՝ որպես «խաղաղության աղավնի», մենք ամեն անգամ նրանց հիշեցնում ենք հենց այս պատմությունը։ Հիշեցնում ենք 2018-2020 թվականների պատմությունը, որպեսզի պատմությունը չխեղաթյուրվի, և կեղծ թեզերը չփոխարինեն իրական պատմությանը»,- հայտարարել է Փաշինյանի կառուցողական գործընկերը:
Կարո՞ղ ենք ասել, որ Ալիևը տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին ՀՀ նախկին նախագահների հետ դնելով նույն հարթության մեջ, ևս որոշ դեպքերում համարում է «ռազմական հանցագործ»: Բայց, ըստ էության, ոչ միայն 44-օրյա պատերազմի սանձազերծման պատասխանատվությունն ու իրենց զոհերի պատասխանատվությունն է նրա վրա դնում, փորձելով սեփական հանրությանն ինչ-որ մեսիջներ հղել, այլև տողատակում, ըստ էության, նկատի ունի նաև 44-օրյա պատերազմին առնչվող «Գյանջայի դեպքերը», «ՀՀ զինուժի կողմից ադրբեջանական խաղաղ բնակավայրերի թիրախավորումներն առհասարակ»:
Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ այս դրվագների համար ինչ-որ պահի իրենից պատասխանատվություն Բաքուն չի պահանջելու, սխալվում է, հատկապես, երբ տարիներ առաջ պահանջել է հետաքննել այս դեպքերը և մեղավորներին պատժել: Այլ հարց է, որ ինչպես ոչ մեկ անգամ նշել ենք, Փաշինյանը պատասխանատվության սլաքն ուղղելու է ՀՀ զինված ուժերին և 44-օրյայի ժամանակվա ռազմական ղեկավարությանը:
Բայց մի բան հստակ է՝ Բաքուն «Գյանջայի դեպքերը» դեռ որպես քաղաքական ճնշման գործիք՝ երկար է օգտագործելու Հայաստանի դեմ: Այս մասին հերթական անգամ Բաքուն՝ Ալիևը, Գյանջայում ծնված Հիքմեթ Հաջիևը կհիշեն հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի մեջ այլ օրերի:
Գյանջա քաղաքի հրետակոծության մասին ադրբեջանական կողմը հայկական կողմին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել 2020 թ. հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 17-ին:
Իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի մասին 5 տարի խոսել է, ոչ մի նրբություն չկա, որի մասին չի խոսել:
«Այսինքն, ոչ մի թեմայից այսքան չեմ խոսել՝ սկսած քննիչ հանձնաժողովից՝ մինչև ԱԺ-ում իմ ելույթներ»,- ընդգծել է նա, երբ բավական չէ՝ Քննիչ հանձնաժողովին և քննչական մարմիններին չեն տրամադրվել այն փաստերը, որին տիրապետում է Փաշինյանը, չի հրապարակվել ոչ 44-օրյայի զեկույցը, ոչ 2020 թ. սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստերի ամբողջական ձայնագրություններն են հրապարակվել:
Ինչի՞ է Փաշինյանը փորձում փակել 44-օրյայի էջը, դրանով նաև՝ իր պատասխանատվության, կարող ենք ենթադրել, բայց դրա պատասխանը քննիչ հանձնաժողովի զեկույցում է, պատերազմի օրերին ղեկավարած պաշտպանության նախարարի և ԳՇ պետի, ինչո՞ւ չէ՝ քննչական ու իրավապահ մարմինների «ձեռքում»:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Badalian Vardan. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/03/%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4%e2%80%a4-%d5%ab%d5%b6/