Սեպտեմբեր 30, 2026
Նախորդ շաբաթ հայտնի դարձով, որ Բաքուն հայկական կողմին ներկայացրել է հերթական մեղադրանքը, հայտարարելով, որ հայկական կողմը Հայաստան է տեղափոխել Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ադրբեջանական կողմն Ինտերպոլին փոխանցել է տվյալներ, որոնք ներառվել են, ինչպես ադրբեջանական կողմն է ասում՝ «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։
«Ադրբեջանական կողմը բազմիցս ստել է, դրա համար չգիտեմ, թե այդ հայտարարությունը որքանով է հավաստի։ Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանը մշտապես սուտ հայտարարություններ է անում, որևէ պաշտոնյայի հայտարարության չեմ հավատում։
Բացի այդ, Ինտերպոլին՝ իր կանոնագրքի 2-րդ հոդվածով, արգելված է նման պատմական կամ քարոզչական, մշակութային, ռասայական կոնֆլիկտների մեջ մտնելը։ Կարծում եմ, եթե նույնիսկ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին, ուրեմն՝ ցանկացել է, որպեսզի այդ կառույցը դառնա Հայաստանի դեմ ադրբեջանական աշխարհաքաղաքական ճնշումների մասնակիցը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Քորթոշյանը։
Րաֆֆի Քորթոշյանը հիշեցրեց բազմաթիվ դեպքեր, թե ինչպես է Ադրբեջանն օկուպացված Արցախում ոչնչացրել հայկական եկեղեցիներ, խաչքարեր, դրանց վերաբերյալ տարածվել են բազմաթիվ տեսանյութեր։ Հետևաբար, եթե հայկական կողմն Արցախից որևէ խաչքար է դուրս բերել, ապա այդ խաչքարը փրկել է ադրբեջանական վանդալիզմից։
«Եթե Հայաստան է տեղափոխվել գեթ մեկ խաչքար, ապա սա համահունչ է միջազգային օրենքին, քանի որ Ադրբեջանն Արցախում վանդալիզմի է ենթարկել ու ենթարկում խաչքարերը, եկեղեցիները, պղծում է սրբանկարները, նույնիսկ կրակում է խաչքարերի վրա։ Այս ամենը վկայող տարբեր փաստեր կան։ Չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը, որտեղ հասնում է ձեռքը, ավերում է եկեղեցիներ ու խաչքարեր, բոլորը՝ հայկական։ Նախիջևանի ամբողջ հուշարձանների, Հին Ջուղայի խաչքարերը ձեզ օրինակ։
Դրա համար, եթե նույնիսկ մեկ խաչքար է հանվել Արցախից, նշանակում է՝ այդ խաչքարը փրկվել է ադրբեջանական վանդալիզմից»,- ընդգծեց Րաֆֆի Քորթոշյանը։
Նշենք, որ 2020 թվականից մինչև օրս Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է տասնյակ եկեղեցիներ՝ դրանք հիմնահատակ քանդելով, քանդել է նաև գերեզմանոցներ ու հայ հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ։ Հիմնահատակ քանդել է տարբեր գյուղեր, այդ թվում՝ Քարին Տակը, որտեղ նույնպես կան սրբատեղիներ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/01/%d5%ab%d5%b6%d5%bf%d5%a5%d6%80%d5%ba%d5%b8%d5%ac%d5%ab%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%b4%d5%bf%d5%b6%d5%a5%d5%ac-%d6%84%d5%a1%d6%80%d5%b8%d5%a6%d5%b9%d5%a1/