Ընտրությունները մեկ օրով չեն սահմանափակվում, քարոզարշավը լարված և բևեռացված է

Սեպտեմբեր 28, 2026

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի հարցով զեկուցող Դամիեն Սոտյեն, մատնանշելով ընտրական գործընթացի հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր:

Նրա որակմամբ, հունիսի 7-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, ընտրությունները լավ էին կազմակերպված, տեխնիկապես ամուր, խաղաղ և ներառական, իսկ իրավական շրջանակն ապահովել էր ամուր հիմք։ Նա նաև կոչ արեց անկեղծ լինել և ասել, որ, նրա որակմամբ, հայկական ժողովրդավարությունը հայտնվել էր հզոր արտաքին ճնշման տակ, աշխարհաքաղաքական համատեքստը ծայրաստիճան լարված էր:

«Այո՛, քվեարկության օրն ամեն ինչ լավ անցավ։ Բայց ընտրությունները չեն սահմանափակվում միայն մեկ օրով, ամենևին։ Եվ այստեղ մեր գնահատականը մատնանշեց թույլ կողմերն ու բացթողումները։ Քարոզարշավը շատ լարված էր և խիստ բևեռացված։ Ձայներ գնելու մասին մեղադրանքները հանգեցրին բազմաթիվ դատական գործերի, հատկապես ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների դեմ։ Ընտրություններից առաջ կառավարության հայտարարած առատաձեռն սոցիալական ու տնտեսական միջոցառումները լուրջ հարցեր առաջացրին։ Քարոզարշավների ֆինանսավորումը դեռևս բավարար չի վերահսկվում։ Մեդիադաշտը բազմակարծ է, բայց խիստ բևեռացված։ Առցանց տիրույթում ապատեղեկատվությունը, արհեստական բանականության գեներացրած բովանդակությունն ու կեղծ օգտահաշիվները սնուցում են պառակտումը և ձգտում վարկաբեկել քաղաքական հակառակորդներին։

Վերջապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մի քանի ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը, որոնք որոշում էին ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական ներկայացվածությունը, մտահոգիչ է մեզ համար։ Այս որոշումը կարևոր էր պարզելու համար՝ արդյո՞ք այս կուսակցությունը հասել է 4 տոկոսանոց ընտրական շեմին։ Վերջնական արդյունքը 3.99% է։ Եվ հետևաբար՝ ոչ մի մանդատ։ Համապատասխան ընտրատարածքներում նոր քվեարկությունների անցկացումը լիովին վավեր տարբերակ կլիներ։ Այն մերժվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ առանց որևէ իրական բացատրության։ Այդ մասշտաբի որոշումը պետք է հիմնված լինի ամուր, թափանցիկ և ստուգելի ապացույցների վրա։ Ցավոք, սա այդպես չէր»,- նշեց համազեկուցողը: Դամիեն Սոտյեն նաև ասաց, որ ընտրությունների ավարտին, չնայած բացթողումներին և մտահոգիչ մակարդակի արտաքին ճնշումներին, հայ ժողովուրդը մեծ դիմակայունություն ցուցաբերեց։

Կարդացեք նաև

  • Շոլտ Նեմեթը ԵԽԽՎ ամբիոնից քննադատեց ՀՀ իշխանություններին. «Եպիսկոպոսների ձերբակալությունը համահունչ չէ հիմնարար ժողովրդավարական ազատություններին»
  • ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը շողոքորթում էր թշնամաբար տրամադրված պետությանը. Տարոն Սիմոնյան
  • 35 տարվա ընթացքում չեմ տեսել խաղաղության որևէ գործընթաց՝ պատանդների առկայությամբ. Հրայր Բալյան

«Մեր զեկույցն առաջարկում է ճանապարհային քարտեզ՝ շտկելու բացթողումները և, մասնավորապես, ուժեղացնելու պաշտպանությունը միջամտություններից, երաշխավորելու ընտրական վարչարարության անկախությունը, պատժելու վարչական ռեսուրսների չարաշահումը, պայքարելու ապատեղեկատվության դեմ և հստակորեն նախատեսելու նոր քվեարկության անցկացում, եթե վտանգված է հիմնարար ներկայացվածությունը։ Հայաստանը ցույց տվեց, որ կարող է կազմակերպել տեխնիկապես հաջողված, խաղաղ և ներառական ընտրություններ։

Ընտրողներն ունեցել են իրական ընտրության հնարավորություն, բայց ժողովրդավարությունը չափվում է նաև հավասար հնարավորություններով, տեղեկատվության անկողմնակալությամբ, ռեսուրսների արդյունավետությամբ, քաղաքացիների վստահությամբ և ճնշումներին դիմակայելու կարողությամբ։ Անհրաժեշտ է առաջընթաց արձանագրել։ Իշխանություններն ունեն հստակ մանդատ։ Նրանք այժմ պետք է հարգեն այն»,- այսպիսի նկատառումներով ու հակասական եզրակացությամբ կիսվեց Դամիեն Սոտյեն:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Antonian Lara. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%af-%d6%85%d6%80%d5%b8%d5%be-%d5%b9%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1/

Leave a Reply