Սեպտեմբեր 28, 2026
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային գենդերային անհավասարության 2026թ.-ի զեկույցը։ Այսպես.
Ինդեքսի «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով այս տարի ևս Հայաստանը բավական լուրջ նահանջ է ունեցել՝ նախորդ տարվա համեմատ ենթաինդեքսը նվազել է 1.6 տոկոսային կետով, իսկ դրա գծով վարկանիշային դիրքը վատթարացել է 19 հորիզոնականով։ Ընդ որում, այս ենթաինդեքսի գծով վատթարացումը վերջին տարիներին դարձել է «տխուր ավանդույթ»։ Այն արդեն երեք տարի շարունակ նվազում է. այդ ընթացքում ենթաինդեքսի գծով ընդհանուր անկումը կազմում է 6.4 տոկոսային կետ, իսկ վարկանիշային դիրքի վատթարացումը 58 հորիզոնական է։ Դա վկայում է տնտեսությունում խորացող գենդերային խտրականության և այս ուղղությամբ կառավարության անգործության կամ քաղաքականության անարդյունավետության մասին։
«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի 2026թ. արժեքը 0.2 տոկոսային կետով գերազանցում է 2025-ին նախորդ տարվա համեմատ նվազած արժեքին։ Նախորդ տարիներին այս ենթաինդեքսը մշտապես բարձր է եղել։
Զեկույցի տվյալները վկայում են, որ Հայաստանում կանանց կրթական/մասնագիտական ներուժի և դրա տնտեսական իրացման (ռեալիզացիայի) միջև խզումը չափազանց մեծ է։ Կանանց կրթական/մասնագիտական ներուժի առումով Հայաստանն առաջատար երկրների թվում է։ Մասնավորապես, «բարձրագույն կրթության համակարգում ընդգրկվածություն» և «մասնագիտական և տեխնիկական աշխատանքներում զբաղվածություն» ցուցիչների գծով մեր երկիրը զբաղեցնում է առաջին հորիզոնականն աշխարհում։ Մինչդեռ եկամուտների բաշխման և ղեկավարման օղակներում կանանց ներգրավվածության առումով պատկերը չափազանց մտահոգիչ է։ «Վաստակած եկամուտ» ցուցիչով Հայաստանը նույնիսկ հարյուրյակում չէ՝ 119-րդն է աշխարհում (տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին)։ Իսկ «օրենսդիր համակարգում, բարձրաստիճան և ղեկավար պաշտոններում զբաղվածություն» ցուցիչի համաձայն՝ կանայք զբաղեցնում են բարձրաստիճան և ղեկավար պաշտոնների ընդամենը 28.7%-ը, այն էլ, ինչպես հայտնի է, զգալի չափով շնորհիվ խորհրդարանի պատգամավորության թեկնածուների սեռային հարաբերակցության օրենսդրորեն ամրագրված քվոտավորման։
Նույնիսկ «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով արձանագրված բավական լուրջ նահանջի պայմաններում ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ։ Իսկ դա զուտ այն պատճառով է, որ աճել են մյուս երեք ոչ տնտեսական բնույթի ենթաինդեքսները, դրանց թվում՝ հատկապես «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսը:
Զեկույցում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ 4 երկրների թվում Հայաստանը 2-րդն է՝ զիջելով միայն Բելառուսին: Ի դեպ, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ չի աճել։
Գենդերային անհավասարության ինդեքսով Հայաստանը գերազանցում է բոլոր սահմանակից երկրներին, սակայն ՀԳԱ ինդեքսի 4 ենթաինդեքսներից միայն մեկի՝ «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի գծով է առաջատար։ Այսինքն` համաշխարհային գենդերային անհավասարության ինդեքսի գծով հարևանների համեմատ Հայաստանի առաջատար վարկանիշային դիրքը հիմնականում պայմանավորված է «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսով, որի բարձր լինելը զգալի չափով բացատրվում է վերը հիշատակված «սեռային քվոտավորմամբ»։
«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով Հայաստանը 2026թ. զեկույցով զիջում է իր բոլոր 4 հարևաններին։ Մինչդեռ, մինչև 2023 թվականը ներառյալ, Հայաստանն այս ենթաինդեքսով չէր զիջում հարևաններից ոչ մեկին։ Ի դեպ, նախկինում Հայաստանում բազմիցս արձանագրվել է առավելագույն՝ 100%-անոց ցուցանիշ։
«Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը հարևաններից զիջում է Ադրբեջանին և Վրաստանին (համապատասխանաբար 12.1 և 6.7 տոկոսային կետով):
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/%d5%b0%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bf%d5%b2%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%af%d5%a1%d5%b6%d6%81-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5%d5%af%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%bf%d5%a8-%d5%a3/