«Պլանավորված պատերազմ էր, նախապես ամեն ինչ գծվել էր, նույնիսկ պատերազմի ելքը.

Սեպտեմբեր 27, 2026

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ 44-օր տևած պատերազմի ընթաքում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմում եղան բազմաթիվ զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայտարարվեց հրադադար և ստորագրվեց եռակողմ հայտարարություն՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ, որի արդյունքում Արցախի մեծ մասն անցավ Ադրբեջանի օկուպացիայի տակ։

Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանը խոսելով 6 տարի առաջ տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասին, ասաց, որ դեռևս 2020 թվականի հուլիսից հետո գիտեին, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։ Ըստ փորձագետի, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա՝ Տավուշի մարզի ուղղությամբ, դրանից օրեր անց Արցախի ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ էր տանում։

«2020 թվականի հուլիսյան մարտերից հետո ինքս հանդիպում եմ ունեցել Արկադի Կարապետյանի հետ, ով մեր նախկին հրամանատարներից է, հետո հանդիպել ենք Արցախի ԱԺ պատգամավորների հետ։ Դրանից հետո՝ օգոստոսի սկզբին, պատերազմի մասնակիցներով ենք հավաքվել Արցախի հրապարակում, մտքերով փոխանակվել ենք, ասել ենք, որ Արցախի գլխին «սև ամպեր» են կուտակվում, որովհետև անընդատ թշնամու կողմից առանց կրակոցների սահմանին շարժ էր լինում։ Արդեն սեպտեմբերին տեղեկացանք, որ Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ Արցախի ԱԺ-ում հավաքվեցինք դրանից հետո, այն ժամանակ ԱԺ նախագահն Արթուր Թովմասյանն էր, ելույթ ունեցա, ասացի՝ վիճակը ծանր է լինելու, որովհետև Ադրբեջանի հարձակման ժամանակ մենք կռվելու ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև մի քանի երկրների դեմ, այդպես էլ եղավ…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Եսայանը։

Նրա խոսքով՝ փաստացի հուլիսի վերջից տագնապի մեջ են եղել պատերազմի մասնակիցները, որոնք լավ են իմացել ադրբեջանական կողմի տակտիկան։ Սեպտեմբերի 27-ին և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում Արցախում իրավիճակին տիրապետում էին, գիտեին՝ ինչ պետք է անել, իսկ դրանից հետո արդեն իրադարձությունների ընթացքը գլխիվայր շրջվել է, թե ինչո՞ւ և ինչպե՞ս՝ փորձագետն այս պահին դժվարանում է ասել, շեշտելով՝ իշխանությունը երբ Հայաստանում փոխվի, շատ բաներ «ջրի երես» դուրս կգան, ու շատ հարցեր կստանան իրենց պատասխանը։

Կարդացեք նաև

  • 7.4 մլն դոլար՝ իշխանության որոշումները պաշտպանելու համար. որքան են արժենում քաղաքական հաշվեհարդարները
  • Նիկոլը Սերժից չէր խլել պետական մեքենան, որ ձեզ տար, այլ խլել էր, որ ինքը քշեր, չէր խլել, որ փոխվարչապետի պաշտոնը ստանալու միջոցով իշխանություն վերցնեիք. մենք մեղավոր չենք, որ Նիկոլը ձեզ խաբել ու գցել է. Արմեն Աշոտյան
  • «Պարզվեց՝ ոչ թե «հաղթում ենք», այլ գաղթում ենք. Անհասկանալի է մնում Շուշիի անկումը, ախր կարող էինք նույնիսկ քարով պահել». Քաջիկ Հարությունյան

«Ըստ տարբեր հետախուզական տվյալների՝ թուրք-ադրբեջանական կողմի մշակած ծրագիրն այնպիսին է եղել, որ Արցախն ամբողջությամբ պետք է օկուպացնեն առնվազն 10 օրվա ընթացքում, սակայն այդպես չեղավ, որովհետև հայկական կողմը 44 օր դիմակայեց։ Միշտ ասել եմ, հիմա էլ կասեմ՝ ժողովուրդը չի պարտվել, պարտվել է իշխանությունը, որովհետև չի կարողացել այդ ժողովրդին ճիշտ ուղղորդել, կամ էլ չի ցանկացել։

Ինքս հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում արդեն զգում էի, որ Արցախը կորցնում ենք։ Երբ իմացանք, որ Ջրականում ադրբեջանական բազմաթիվ զորք է կուտակվել ու պատրաստվում է շարժվել Հադրութի ուղղությամբ, և այդ ամենը կանխելու համար մեզ օգնություն չէր տրամադրվում, հասկացա, որ Արցախը կորցնում ենք։ Վերջին անգամ, որ պատերազմի ընթացքին գնահատական եմ տվել՝ հոկտեմբերի 11-ն էր, լուրջ տղաներ ու մասնագետներ էին զոհվում, բայց ողջերը շարունակում էին կռվել։ Սա գծագրված ու պլանավորված պատերազմ էր, ամեն ինչ գծվել էր նախապես, նույնիսկ պատերազմի ելքը»,- հավելեց Մարտին Եսայանը։

Ռազմական փորձագետի բնորոշմամբ՝ դժվարանում է ասել, թե հայ ազգն ինչ դասեր է քաղել 2020 թվականի 44-օրյա պատերազմից, վստահ է, եթե որևէ դաս քաղած լիներ, ապա ո՛չ 2021 թվականին, առավել ևս, ո՛չ էլ 2026 թվականի հունիսին ՀՀ-ն նույն քաղաքական դեմքին երկրի ղեկավար չէր ընտրի։

«Արցախից հետո հիմա էլ խոսում են Տիգրանաշենի մասին։ Նայենք մեր ազգի վիճակին այսօր, մի մասը՝ բռնի տեղահանված, մի մասը՝ քաղբանտարկյալ, մի մասն ազատության մեջ է, բայց հալածվում է, եկեղեցին են ուզում ոչնչացնել՝ սա քաոս է։

Արցախահայերին այսօր մեղադրում են, որ թողել ու փախել են: Մարդը պետք է չունենա որևէ զգայարան, որ նման բան ասի արցախցու մասին։ Արցախից հետո նման խոսակցություն չպետք է լիներ, բայց եթե կա, ուրեմն՝ դասեր դեռ չեն քաղել, Աստված վկա, դասեր չեն քաղել։

Կրկնում եմ՝ արցախցին, հայ զինվորը, հայ սպան կռվել է, չնայած վերևից ամեն քայլ վերահսկվում էր, բայց ներքում պայքարում էին։ Մի օր բոլորը ճշմարտությունը կիմանան, մենք զոհեր տվեցինք ոչ թե այսօրվա «խաղաղության» համար, որը քարոզվում է, այլ իրական խաղաղության ու ազատ հայրենիք ունենալու համար: Ցավոք այդ պայքարն իշխանությունը մսխեց»,- ընդգծեց Մարտին Եսայանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Alex Jidarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/%d5%ba%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%b4%d5%a5/

Leave a Reply