Մարտ 10, 2026
Իսրայելական ուժերը, ըստ տարածվող տեղեկությունների ու տեսանյութերի, հարված են հասցրել նաև Բանդար Աբբաս նավահանգստին, որը խոշորագույն ծովային հանգույց է։
Սա, ըստ փորձագետների, բավականին լուրջ հետևանքներ է առաջացնելու տարածաշրջանի համար՝ ոչ միայն ռազմավարական տեսանկյունից, այլև՝ տնտեսական։
Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168․am-ի հետ զրույցում հիշեցրեց․ «Բանդար Աբբասն Իրանի խոշորագույն տնտեսական հանգույցն է, որն ապահովում է երկրի արտաքին առևտրի մոտ կեսը: Դա նաև Հորմուզի նեղուցի կրիտիկական կետերից է, ուստի, հասցված հարվածը կարելի է դիտարկել որպես պատասխան՝ Թեհրանի կողմից նեղուցի փակմանը:
Հատկապես կարևոր է Բանդար Աբբաս նավահանգստի Շահիդ-Ռաջայի հատվածը, որը հանդիսանում է նավթի, գազի ու նավթաքիմիական արտադրանքի հիմնական արտահանման հանգույց։
Սա հարված է նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային լոգիստիկ միջանցքին, որի կենտրոնական շահառուներից է հենց Իրանը»։
Վահե Դավթյանը հիշեցրեց, որ 2025 թ.-ին դրանով կոնտեյներային փոխադրումների ընդհանուր ծավալն աճեց մոտ 60 տոկոսով, սակայն այսօր, ստեղծված իրավիճակում, ակնկալվում է մոտ 30 տոկոս անկում, իսկ նավահանգստի պարալիզացումն էլ ավելի հոռետեսական է դարձնում այդ սցենարը:
«Նավահանգստի խափանումն ազդում է նաև տարածաշրջանային առևտրային կապերի վրա. օրինակ, կարող են զգալիորեն կրճատվել Հայաստան-Մերձավոր Արևելք առևտրային հոսքերը, որոնք անցնում են Պարսից ծոցի միջով։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նաև Հնդկաստանից ներկրվող զինատեսակներին, որոնք այսօր հայաստանյան ռազմական ներկրման մեջ մոտ 45 տոկոսն են կազմում»,- հավելեց մասնագետը։
—