Գլխավոր դատախազությունը պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով երկու հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն և Սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի և դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։
Մասնավորապես՝
1. Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։
Հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ պետական գույքի մասնավորեցման պայմանագրով գնորդը ստանձնել է 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարելու պարտավորություն, որի պատշաճ կատարումը գնորդի կողմից ներկայացված հաշվետվություններով և դրանցում արտացոլված ծախսերը հիմնավորող փաստաթղթերով չի հաստատվել։
Սնանկության դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։
2. Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ և «Սոլիդիուս» ՓԲ ընկերությունների՝ «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Աթենքի փողոց 10/2 հասցեում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև «Սոլիդիուս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով։
Այս հայցի հիմքում դրվել է պետական գույքի մասնավորեցման գործարքով սահմանված պայմանները ընկերությունների կողմից պատշաճ կատարված չլինելու հանգամանքը։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 9-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Maral Chavushian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/28/%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b0%d6%80%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf/