Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանի և խմբի անդամ Լուսինե Բադալյանի ուղեկցությամբ:
Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա հյուրերին պատմել է Հայոց ցեղասպանության որոշ դրվագների մասին, տեղեկատվություն է ներկայացրել հուշահամալիրի, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի և նրա գործունեության մասին:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և պարոն Վասիլիոս Իկոնոմուին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Boshkezenian Garik. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/26/%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%b8/