Չեռնոգորիայի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։


Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա նախարարին համառոտ պատմել է Հայոց ցեղասպանության որոշ դրվագների մասին, տեղեկատվություն է ներկայացրել հուշահամալիրի, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի և նրա գործունեության մասին։


Պարոն Դրագան Կրապովիչը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։


Չեռնոգորիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և պարոն Դրագան Կրապովիչին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jane Topchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/24/%d5%b9%d5%a5%d5%bc%d5%b6%d5%b8%d5%a3%d5%b8%d6%80%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b6/

Leave a Reply