Ալիևի ախորժակն անվերջ է, միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնե

Նոյեմբեր 23, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, սահմանում է, թե մարդու և պետության հարաբերություններն ինչպիսին պետք է լինեն, և, թե պետական կառույցն ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի: Սահմանադրությունը տվյալ ժողովրդի կամարտահայտության արդյունքը պետք է լինի, և այլ պետության կողմից ցանկացած միջամտություն նշանակում է, որ դուք այլևս ինքնիշխան պետություն չեք և առաջնորդվում եք օտար պետությունների շահերով: Այս առումով Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը զարմանալի չէր: Ինձ համար զարմանալին այն էր, որ նման տեքստը կարող է համարվել Սահմանադրության նախագիծ: Սա Ալիևի և Փաշինյանի Սահմանադրություն է առնվազն 1-ին հոդվածի և նախաբանի մասով:
  • Նախաբանից Անկախության հռչակագիրը հանելը նշանակում է, որ մենք այլևս համազգային նպատակներ չունենք, իսկ մեր պետության ստեղծումը չունի հիմք: Ըստ Ալիևի և Փաշինյանի Սահմանադրության նախագծի 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը նոր է հիմնադրվելու, և մեր պետությունը ոչ մի պատմական արմատ չունի: Սա բացարձակ անընդունելի փաստ է, բայց ինձ համար զարմանալի չէ, որովհետև առնվազն 2020թ. Փաշինյանը տարել է այդ գիծը՝ նախ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, ապա կատարելով նաև Ալիևի բոլոր հաջորդ պահանջները:
  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա ասածը շատ խոսուն է, ասում է՝ դուք ընդունեք այս տեքստը, հետո մենք կստորագրենք Խաղաղության պայմանագիրը, որը, դեռ փաստ չէ, որ խաղաղություն է բերելու, քանի որ, երբ դուք օտարի պարտադրանքով փոխում եք Սահմանադրությունը, ավելի եք թուլացնում պետությունը: Մեր խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն անպայման պետք է դեմ քվեարկեն այս նախագծին: Դա ամրագրված է 2015թ. Սահմանադրությամբ. առանց ԱԺ-ի հավանության՝ հարցը հանրաքվեի դրվել չի կարող: Նկատենք, որ այս Սահմանադրության տեքստից 2/3 սահմանադրական մեծամասնության պահանջն իսպառ վերացված է:

Կարդացեք նաև

  • Փաշինյանը կդառնա ԱԺ նախագահ, իր մարդուն կնշանակի վարչապետ, հենց իր ուզածը չանի, 2 օրից կհեռացնի. Հովիկ Աղազարյան
  • ԹՐԻՓՓ-ի գործնական մեկնարկն ու Թեհրանի անհանգստությունը. նոր մարտահրավեր հայ-իրանական հարաբերություններում
  • Ո՞վ է պատասխանատու մահաբեր շինհրապարակների և փլուզվող պատշգամբների համար. Քաղաքապետարանի պարզաբանումը

Հիշեցնենք. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անմիջապես արձագանքել է Փաշինյանին՝ Բաքուն «բարձր է գնահատում» ՀՀ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը:

  • Բնականաբար, Սահմանադրության փոփոխության պահանջը կատարելուց հետո Ադրբեջանից հետևելու են բազմաթիվ այլ պահանջներ: Նախկինում ՔՊ-ականներն ասում էին՝ եթե Ադրբեջանը մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է տեսնում, ապա Ադրբեջանի գործող Սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60%-ի նկատմամբ հավակնություն կա: Եթե մենք մեր գործող Սահմանադրության մեջ Արցախի հետ վերամիավորման մասին էինք խոսում սոսկ, ինչը միջազգային իրավունքով արգելված չէ, ապա իրենց Սահմանադրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-2020թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: Իսկ իրավահաջորդությունը տարածվում է նաև տարածքների վրա, իսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հսկայական տարածքային պահանջներ ուներ Հայաստանից: Քանի դեռ Ադրբեջանի գործող Սահմանադրությունը կա՝ անկախ նրանից, որ Բայրամովն ասում է, որ Սահմանադրության փոփոխության պահանջը միակ պահանջն է, բազմաթիվ այլ պահանջներ են դրան հետևելու:
  • Մենք այսօր առնչվում ենք մի փաստի հետ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային փաստաթուղթ էր: Սա անընդունելի է: Միայն նոր տեքստի նախաբանն ու 1-ին հոդվածը բավական են, որ մարդիկ այս տեքստին «ո՛չ» ասեն:
  • Ադրբեջանին զիջումներն անվերջ են: Դա միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնելու, մինչև Հայաստանի Հանրապետությունն ավարտվի: Սա մեր կապիտուլյացիայի հաջորդ ակտն է:
  • Փաշինյանի և Ալիևի Սահմանադրության նոր նախագիծը հարցապնդումների հոդվածը հանել է: Ազգային ժողովում պատգամավորների՝ Կառավարությանն ուղղված գրավոր հարցերն այլևս քննարկման առարկա չեն դառնա:
  • 2015թ. Ադրբեջանի կողմից Անկախության հռչակագիրը հանելու պահանջ չի եղել, քանի որ Ադրբեջանը դա անհեթեթ է համարել, որովհետև եթե նման պահանջ ներկայացներ, ծաղրուծանակի կենթարկվեր: Հիմա Ադրբեջանը կստանա ամեն ինչ, եթե հայ ժողովուրդը դա թույլ տա:

  • Փաշինյանն ԱԺ ընդդիմադիր պատգամավորների առաջ պահանջ է դրել կողմ քվեարկել այս տեքստը հանրաքվեի դնելուն, այլապես ճնշմամբ նա կստիպի դա անել: Ես չեմ բացառում, որ ցայտնոտային վիճակում գտնվող Փաշինյանը պարզապես առանց ԱԺ համաձայնսւթյան նախագիծը պարզապես կդնի հանրաքվեի, և դա կլինի հակասահմանադրական քայլ, բայց սա միակ հակասահմանադրական քայլը չի լինի: Ինքը բազմաթիվ հակասահմանադրական քայլեր է արել, անգամ Սահմանադրություն է փոխել 6 տարի առաջ հակասահմանադրական քայլերով:
  • Երբ հանրային իշխանությունը ստիպված է լինում Սահմանադրություն խախտել, ինչպես բազմիցս արել է Փաշինյանը, ուրեմն այդ Սահմանադրությունն ինչ-որ կերպ կաշկանդել է նրան:
  • Այս Սահմանադրությունը փոխելու որևէ նախադրյալ չկա: Այդ պահանջը թշնամու կողմից է եկել:
  • Փաշինյանի և Ալիևի Սահմանադրության նոր այս նախագիծը վերացնում է անկախ դատական համակարգը, որը գոնե թե թղթի վրա կար:
  • Մեր գործող Սահմանադրությունը սկսվում է «հայ ժողովուրդը» բառերով, հիմա «հայ ժողովուրդը» վերացրել են, թողել են մի տեղ՝ եկեղեցու մասին դրույթում: Այս Սահմանադրությունը ոչ մի ազգային բան չունի: Հանել են գերբի նկարագրությունը, չի հիշատակվում Արարատ լեռը, չկա Անկախության հռչակագիրը…  Այս տեքստի հեղինակն Իլհամ Ալիևն է: Մնացածն ամրագրում է  ՔՊ-ի դիկտատուրան:
  • Փաշինյանի և Ալիևի Սահմանադրության նոր այս նախագծով՝ բոլոր դատավորները, բացի Սահմանադրական դատարանի դատավորներից, դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և բոլոր դատավորների ճակատագիրը որոշելու է 5 հոգուց բաղկացած մի հանձնաժողով՝ Դատավորների վերագնահատման հանձնաժողովը, որը ձևավորվելու է ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությամբ: ՔՊ-ն որոշելու է, որ կա 5 հոգի, և այդ 5 հոգին որոշելու են ՀՀ անխտիր բոլոր դատավորների ճակատագիրը: Ըստ իրենց քիմքի՝ կասեն՝ ցտեսություն, դուք այլևս դատավոր չեք: Նույնիսկ ՍԴ-ն, որն ամբողջությամբ գրպանային դատարան է, վախեցրել է սրանց, և ապագայի համար ամրագրել են, որ ՍԴ դատավոր 2-րդ փուլում կարող է ընտրվել կրկին պարզ մեծամասնությամբ: Հսկողության տակ են պահել նաև Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմավորման գործընթացը: Դատարանների, Վճռաբեկի Պալատների նախագահների համար նախատեսում են պաշտոնավարման երկար ժամկետներ՝ իրենց դատավորների վրա ազդելու և իշխանության համար հաճո որոշումներ ստանալու համար: Սահմանադրության նախագծից ջնջված է Վարչական դատարան հասկացությունն առհասարակ: Այսինքն՝ մարդու և պետության միջև վեճերը լուծելու տեղ կարող է և չլինել, երբ Վարչական դատարանն այդ առնչությամբ կարևոր գործ էր անում:

  • Մեզ քննադատում են, որ 2015թ. Սահմանադրությամբ նախատեսել ենք 3/5: Բայց եթե ժողովուրդը ՔՊ-ին 3/5 ունենալու չափ ձայն է տալիս, ու նա կարողանում է այդքան ձայնով կարևոր հարցեր լուծել միանձնյա, այդ դեպքում ո՞վ է մեղավոր՝ 3/5-ի պահա՞նջը, թե՞ այն ժողովուրդը, որը ՔՊ-ին տվել է այդ 3/5-րդը: Մինչ մեր Սահմանադրության մեջ 3/5-ի սահմանաչափի ներառումը, որևէ քաղաքական ուժ մեր Պառլամենտի ընտրություններում 3/5 չի ստացել: Եվ մենք համարեցինք, որ դա շատ բարձր թիվ է, և որպես խորհրդարանական մեծամասնությանը հակակշռելու սահմանաչափ՝ հենց 3/5 ընտրեցինք, որ տվյալ պաշտոնատար անձին ընտրելիս, մեծամասնությունը կոմպրոմիսի գնա ընդդիմության հետ:
  • Գործող Սահմանադրության մեջ ըստ էության կարելի էր մի բան փոխել՝ որ որևէ քաղաքական ուժ չի կարող 3/5 ունենալ Ազգային ժողովում, և 3/5-ը պահել միայն պաշտոնատար անձանց ընտրելու ժամանակ: 
  • Փաշինյանի հաշվարկը շատ պարզ է. ինքը 2021 և 2026թթ. «վերընտրվեց», և իր հետագա պաշտոնավարումը շարունակելու համար պետք է ստանա Ադրբեջանի և Թուրքիայի համաձայնությունը: Դրա համար նա մարդկանց պետք է համոզի, որ Սահմանադրության փոփոխությունն է պատերազմից խուսափելու միակ ճանապարհը: Բայց եթե հետո Ադրբեջանն այլ պահանջներ ներկայացնի, ի՞նչ է անելու… Ոչի՛նչ, հնազանդ կատարելու է բոլոր պահանջները: Տարիներ առաջ ասում էին՝ եթե մեզնից պահանջեն փոխել մեր Սահմանադրությունը, մենք էլ կպահանջենք, որ իրենցը փոխեն: Հիմա ինչի՞ չեն պահանջում, դե պահանջե՛ք:
  • Խաղաղությունը երբեք պայմանագրով չի հաստատվում. Նույնիսկ, եթե խաղաղության պայմանագիրը վավերացվի, դա երաշխիք չէ, որ դու խաղաղության մեջ ես ապրելու: Սա հեքիաթ է միամիտների համար:

Միջնադարից սկսած՝ մինչև մեր օրերը, հարյուրավոր խաղաղության պայմանագրեր են կնքվել, բայց հետո պատերազմներ են եղել:

  • Եթե 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը հանում եք, հանում եք նաև Հայաստանի անկախության հիմքը: Հայաստանն անկախ է դարձել այդ հռչակագրի շնորհիվ. Մինչ այդ Հայաստանն անկախ չի եղել: Մեր անկախությունն օդից չի ընկել, այն եղել է մեր ժողովրդի պայքարի արդյունքը: Հիմա եթե դու հանում ես Անկախության հռչակագիրը, քանդում ես տան հիմքը, այն հիմքը, որով Հայաստանը դարձել է անկախ պետություն:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Mary Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/24/%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab-%d5%a1%d5%ad%d5%b8%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d6%80%d5%bb-%d5%a7-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%af%d5%af%d5%be%d5%ab-3-%d5%b1%d5%a1/

Leave a Reply