Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին գործարար միությունների և ընկերությունների հայ և արգենտինացի ներկայացուցիչներ։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։


«Հանդիպմանը պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան են ժամանել հայաստանյան գործընկերների հետ քննարկելու գործարար կապերի ընդլայնման ու ներդրումների հնարավորությունները և զարգացնելու երկու երկրների տնտեսական համագործակցությունը։


Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ հայ և արգենտինացի ժողովուրդների ջերմ հարաբերություններին և գնահատանքով հիշատակեց դժվարին օրերին հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությունը։ Հայոց Հայրապետը կարևորեց արգենտինահայ համայնքի, ինչպես և Կորդոբայի հայության դերը երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ և նպաստում բարեկամ ժողովուրդների փոխճանաչողությանը։


Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց պատվիրակության անդամներին և հաջողություններ ու բարի արդյունավորում մաղթեց նրանց ծրագրերին և նախաձեռնություններին՝ ի խնդիր հայ և արգենտինացի ժողովուրդների հարաբերությունների առավել ամրապնդման ու արդյունավորման»,- նշվում է հաղորդագրությունում։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jagharian Tania. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%af%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b2%d5%ab%d5%af%d5%b8%d5%bd%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1/

Leave a Reply