X
    Categories: News

Կալանավորել են Դավիթ Իշխանյանի ադրբեջանցի փաստաբանին

Նոյեմբեր 16, 2026

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել է Ադրբեջանի բանտում պահվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի փաստաբանը՝ Էլչին Ամիրովը: Ընդ որում՝ ձերբակալությունը տեղի է ունեցել մեկ քաղաքացու բողոքի հիման վրա: Ամիրովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2.2-րդ (կրկին կատարված խարդախություն) և 182-րդ հոդվածներով (շորթում):

Ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երեք ամիս ժամկետով կալանքը։ Ներկայումս Ամիրովը պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում։

Նշենք, որ Դավիթ Իշխանյանին Բաքվի դատարանը 2026 թ. փետրվարին դատապարտել է ցմահ ազատամազրկման:

Դրանից հետո իր ուղերձում նա ասել էր, որ դատապրոցեսի վերջում չի կարողացել իր վերջին խոսքն ամբողջապես ներկայացնել:

Կարդացեք նաև

  • Հաջիևի պահանջը թարմացվել է. «Բարդայի ողբերգությունը ծանր հանցագործություն է, պատասխանատուները պետք է պատժվեն»
  • «Մուբարիզի սինդրոմը». ո՞վ է գլխավոր պատասխանատուն ադրբեջանցի զինվորների «այցերի» համար, ինչո՞ւ Պապիկյանն ու Հասանովն «ուղիղ կապը» չեն օգտագործում
  • Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանն իր հետ Բաքու չի տանի Ռուբեն Վարդանյանի տիկնոջը. Հրայր Բալյան

«Ես չկարողացա դատապրոցեսի վերջում՝ իմ վերջին խոսքի ժամանակ, ամբողջական իմ խոսքը ասել․ նվազագույնը 30-40 տոկոսով այդպես էլ չթողեցին իմ վերջնական խոսքն ասել»,- ընդգծել էր Դավիթ Իշխանյանը: Ավելին, այս տարվա հուլիսին նա Բաքվից փոխանցած իր ուղերձներից մեկում հայտնել էր.

«Մինչև հիմա պաշտպանները չունեն ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը, և ո՛չ էլ դատավճիռը։ Դատավորը մեր պահանջներից հետո որոշում կայացրեց, որ էլեկտրոնային տարբերակով թույլ է տալիս, որպեսզի պաշտպանները ծանոթանան դատավճռին, հասկանո՞ւմ եք` ծանոթանան, այսինքն՝ նրանք չեն կարող իրենց ձեռքի տակ դա ունենալ»:

Արդյո՞ք ադրբեջանցի փաստաբան Էլչին Ամիրովի դեմ քրեական հետապնդման տողատակում կարող է Դավիթ Իշխանյանի դեմ շինծու մեղադրանքի համատեքստում որևէ դրվագ լինել, այս պահին չենք կարող ասել, բայցև չի բացառվում:

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ամիրովի ձերբակալությունից օրեր առաջ Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է պետական դավաճանության և այլ ծանր հանցագործությունների համար մեղավոր ճանաչված Ռամիզ Մեհտիևի դստեր փաստաբան Ռաման Աբիշևը:

Դատավորի որոշմամբ՝ Ռ. Աբիշովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չորս ամիս ժամկետով կալանքը։

Թե որքանով են փաստաբաններին առաջադրված մեղադրանքները հիմնավոր կամ ոչ հիմնավոր, ոչինչ պնդել չենք կարող, բայցև չենք կարող չնկատել, որ Ալիևը հետապնդում է սկսել ալիևյան ռեժիմի թիրախում հայտնված անձանց փաստաբանների նկատմամբ:

—

Emma Jilavian:
Related Post