X
    Categories: News

Երեք այց Ռուսաստան՝ մեկ ամսում․ ի՞նչ առիթով և ինչո՞ւ է Փաշինյանը երեք անգամ մ

Նոյեմբեր 14, 2026

«Դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 11-ին և դեկտեմբերի 22-ին ես կայցելեմ Ռուսաստան՝ բանակցությունների համար։ Հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում»,- այս մասին Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի ազդարարելով դեկտեմբերին Մոսկվայի հետ բանակցությունների մի ամբողջ շարք։

Երեք այցը մեկ ամսվա ընթացքում, առավել ևս՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության, ՀԱՊԿ-ի հետ կապված վերջին զարգացումների և Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հետ կապված գործընթացի ֆոնին, խոստանում են վճռորոշ դառնալ հարաբերությունների հետագա ընթացքի համար։ Ավելին, այցերի ժամանակագրությունը և դեկտեմբերին նախատեսված ռուսաստանյան միջոցառումների օրակարգը հուշում են, որ դրանցից առնվազն երկուսը կարող են փոխկապակցված լինել և կապ ունենալ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հեռանկարի հետ։

Մասնավորապես, դեկտեմբերի 3-ին սպասվող այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հայ-ռուսական երկկողմ բանակցությունները Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Թեև կողմերը նման հանդիպման մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել, դրա հավանականությունը պայմանավորված է նախևառաջ դեկտեմբերի 11-ին նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստով, որի օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնելու Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված հարցը։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին՝ հայտարարելով ԵԱՏՄ-ԵՄ միաժամանակ անդամակցության անհնարինության մասին։ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարներն առաջարկել էին Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով, ինչպես նաև ակնարկել, որ Հայաստանի հարցը քննարկվելու է հենց այս դեկտեմբերյան հավաքին։

Կարդացեք նաև

  • Գևորգ Պապոյանը որոշել է «բոչկա գլորել»
  • Եթե Փաշինյանի՝ Մոսկվա այցը կրի դեմագոգիկ բնույթ, ապա հանուն այդպիսի այցի նրան Մոսկվայում չեն ընդունի. Իվան Սաֆրանչուկ
  • Ալիևյան սահմանադրությունը չե՛ք ընդունելու, ինչպես որ ձախողեցիք եկեղեցու դեմ պայքարը․ Տիգրան Աբրահամյան

Հենց այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում Փաշինյանի՝ դեկտեմբերի 3-ին Մոսկվա մեկնելու մասին հայտարարությունը։ Ամենայն հավանականությամբ, մինչև ԵԱՏՄ միջկառավարական, ինչպես նաև դեկտեմբերի 21-ին բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերը հայկական կողմը կփորձի երկկողմ բանակցությունների միջոցով ինչ-որ հարց լուծել, ներկայացնել Երևանի փաստարկները և հնարավորության դեպքում հասնել նրան, որ Հայաստանի անդամակցության կամ պայմանագրի գործողության կասեցման հարցը չվերածվի դեկտեմբերյան նիստի գործնական որոշումների հիմքի։ Փաշինյանը, ըստ էության, կփորձի մինչև բազմակողմ ձևաչափում հարցի քննարկումը բանակցել դրա հիմնական դերակատարի՝ Ռուսաստանի հետ։ Թե որքանով կհաջողվի Երևանին հասնել արդյունքի, այս պահին կանխատեսել հնարավոր չէ։

Դեկտեմբերի 11-ին Փաշինյանի այցը Ռուսաստան նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, որտեղ հանդիպում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Իսկ դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ երկրների ղեկավարները։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, այնտեղ տեղի կունենա նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ինչն արդեն ավանդական դարձած ձևաչափ է ամեն տարի։

Այդուհանդերձ, միջկառավարական մակարդակի քննարկումներն ու նախապատրաստական գործընթացները կարող են կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի հարցի հետագա ընթացքի համար։ Հատկանշական է, որ հենց միջկառավարական խորհրդի անդամ չորս երկրների ներկայացուցիչներն են պատրաստել Հայաստանի նկատմամբ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ զեկույցը։

Ուշագրավ է նաև Փաշինյանի այսօրվա հայտարարության քաղաքական ենթատեքստը։ Դուբլինում նա մի կողմից ընդգծել է, որ Հայաստանի նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունները խաթարելը չէ, մյուս կողմից կրկին արձանագրել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և Եվրամիության անդամ։ Ավելին, Փաշինյանը դեկտեմբերին Ռուսաստան երեք այց կատարելու մասին հայտարարությունը ներկայացրել է նոյեմբերին եվրոպական ուղղությամբ իր երեք այցելությունների հետ զուգահեռ՝ փորձելով ցույց տալ, որ Երևանը շարունակում է երկխոսությունը երկու ուղղություններով։

Սակայն հարցն այն է, թե արդյոք Մոսկվան պատրաստ է այդ երկխոսությունը շարունակել Երևանի համար ընդունելի պայմաններով։ Եթե Հայաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը ներկայացնում են որպես ինքնիշխան ընտրություն և չեն պատրաստվում հրաժարվել այդ քաղաքականությունից, ապա Ռուսաստանն իր հերթին՝ արդեն իսկ գործի է դրել ԵԱՏՄ տնտեսական և իրավական մեխանիզմները՝ այդ ընտրության հնարավոր հետևանքները քննարկելու համար։

Հետևաբար՝ դեկտեմբերյան երեք այցերը կարող են դառնալ հայ-ռուսական հարաբերությունների համար կարևոր հանգրվան։ Առաջին՝ երկկողմ բանակցություններից կարող է մեծապես կախված լինել, թե ինչ մթնոլորտում և ինչ պայմաններում կանցնեն հաջորդող բազմակողմ քննարկումները, իսկ դեկտեմբերի 21-ի գագաթնաժողովը ցույց կտա՝ արդյո՞ք Մոսկվան և ԵԱՏՄ մյուս անդամները պատրաստ են Հայաստանի հարցում սահմանափակվել քաղաքական ու տնտեսական ռիսկերի գնահատմամբ, թե՞ կփորձեն այդ գնահատականը վերածել Երևանի նկատմամբ կոնկրետ քաղաքական գործիքի։

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post