Նոյեմբեր 14, 2026
2026 թվականի նոյեմբերի 12-ին Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Հայաստանի որդեգրած դիրքորոշումը հերթական անգամ հարցականի տակ դրեց, թե որքանով են Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական որոշումները համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու՝ օրենսդրորեն ամրագրված ուղեգծին։
Գագաթնաժողովի շրջանակում ներկայացվել է երեք փաստաթուղթ՝ եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների մասին հռչակագիր, միգրացիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն և թմրանյութերի դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի հայտարարություն։ Գագաթնաժողովի բովանդակությունն ու նշանակությունը պայմանավորող գլխավոր քաղաքական փաստաթուղթը դարձավ եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների մասին հռչակագիրը։
Վրաստանը, չնայած ԵՄ-ի հետ ներկայիս հարաբերություններում առկա լարվածությանը, աջակցել է գագաթնաժողովի բոլոր երեք փաստաթղթերին։
Ադրբեջանը ևս հստակ դիրքորոշում է որդեգրել՝ չմիանալով երեք փաստաթղթերից որևէ մեկին։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ Բաքուն Եվրոպական քաղաքական համայնքը դիտարկում է որպես երկխոսության, կարծիքների փոխանակման և համագործակցության զարգացման ոչ պաշտոնական հարթակ։ Գերատեսչության գնահատմամբ՝ ընդունված փաստաթղթերը ենթադրում են լրացուցիչ իրավական և քաղաքական պարտավորություններ, որոնք երկիրը պատրաստ չէ ստանձնել։
Իսկ Հայաստանը, չմիանալով եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների մասին հռչակագրին, աջակցել է համաժողովի մյուս երկու փաստաթղթերին։ Դիվանագիտության մեջ ընտրովի մոտեցումն ինքնին հնարավոր է։ Սակայն պաշտոնական բացատրության բացակայության պայմաններում մնում է միայն ենթադրել, թե ինչ նկատառումներով է առաջնորդվել վարչապետը և ինչպես է նրա որոշումը համադրվում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի՝ օրենսդրորեն հռչակված դրույթի հետ։
Ուկրաինային վերաբերող դրույթներից բացի՝ հռչակագիրը վերահաստատել է պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ուժի չկիրառման և դաշինքներ ընտրելու ազատության սկզբունքները, ինչպես նաև եվրոպական անվտանգության հարցերը եվրոպացիների մասնակցությամբ լուծելու անհրաժեշտությունը։ Փաստաթղթին միացած պետությունները ԵՄ ընդլայնումը դիտարկում են որպես ներդրում մայրցամաքի խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում։
Ենթադրվում է, որ Հայաստանի համար այս սկզբունքներն ունեն անմիջական գործնական նշանակություն, քանի որ վերաբերում են նրա ինքնիշխանության պաշտպանությանը և արտաքին քաղաքական ուղեգիծն ինքնուրույն որոշելու իրավունքին։ Հետևաբար, հռչակագրին չմիանալը բացատրություն է պահանջում. հատկապես ո՞ր դրույթներն է Երևանը համարել անընդունելի և ինչո՞ւ։
Այս հարցն առանձնահատուկ արդիականություն է ձեռք բերում 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովի ընդունած օրենքի համատեքստում։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին հայտարարելով՝ օրենքը որպես նպատակներից մեկը ուղղակիորեն նշում է երկրի անվտանգության ամրապնդումը։ Այսպիսով, եվրոպական ինտեգրման և երկրի անվտանգության ամրապնդման կապն ուղղակիորեն ամրագրված է Հայաստանի օրենսդրությամբ և ոչ թե պարզապես արտացոլում է եվրոպական ուղեգծի կողմնակիցների ակնկալիքները կամ արտաքին դիտորդների գնահատականները։
Եթե եվրաինտեգրումը կոչված է ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը, ապա ինչո՞ւ երկրի կառավարությունը չաջակցեց այն փաստաթղթին, որը ձևակերպում է եվրոպական անվտանգության ընդհանուր սկզբունքները։ Առաջին միտքը, որ ծագում է, այն է, որ Երևանը ձգտում է բացահայտորեն չհայտնվել այն երկրների շարքում, որոնց Մոսկվան համարում է ոչ բարեկամական։
Հատկանշական է, որ Դուբլինի գագաթնաժողովի նախօրեին՝ նոյեմբերի 11-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանին զրկել են ձայնի իրավունքից և քվոտային պաշտոններում ներկայացուցիչներ նշանակելու հնարավորությունից։ Հայաստանի ներկայացուցիչների բացակայությամբ ընդունված որոշումն ամրագրել է Երևանի՝ Ռուսաստանի գլխավորած ռազմաքաղաքական դաշինքից հետագա հեռացման հետևանքները։
Երկու գագաթնաժողովների ամսաթվերի մերձավորությունը, հնարավոր է, պայմանավորել է Երևանի դիվանագիտական հերթական ճարպկության տրամաբանությունը. Մոսկվային կարելի է մատնանշել այն հանգամանքը, որ Հայաստանը չի միացել Ռուսաստանին դատապարտող հռչակագրին, իսկ եվրոպացի գործընկերներին՝ ռուսական դաշինքից խորացող օտարացումը։ Մի կողմից հեռանալը մյուս կողմի հետ երկխոսության ընթացքում վերածվում է փաստարկի։
Սակայն խնդիրն այն է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումն ինքնին Հայաստանին չի մոտեցնում ԵՄ-ին, իսկ հռչակագրին չմիանալը վկայում է, որ Երևանը պատրաստ չէ անվտանգության առանցքային հարցում համերաշխություն ցուցաբերել եվրոպացի գործընկերներին։
Ուստի գլխավոր հարցը մնում է բաց. ո՞րն է Հայաստանի ընտրությունը։ 2025 թվականի մարտի 26-ի օրենքը ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկն ուղղակիորեն կապում է երկրի անվտանգության և դիմակայունության ամրապնդման հետ։ Իշխանությունները պետք է բացատրեն, թե եվրոպական անվտանգության մասին հռչակագրին չմիանալն ինչպես է նպաստում օրենսդրորեն ամրագրված այդ նպատակի իրականացմանը։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990–1995 թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995–1999 թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
—