Նոյեմբեր 14, 2026
Քիչ առաջ «Իշխանություն» լրատվականը գրեց, որ Գլխավոր դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ քրեական հետապնդում հարուցելու նպատակով:
«Մեր տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։
Անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթացից հետո նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների կալանավորման հարցը»,- գրել էր կայքը:
Քիչ առաջ էլ տեղեկություն ստացվեց, որ ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները։
Ուշագրավ է, որ վերջին շրջանում դատավոր Մասիս Մելքոնյանի անունը պարբերաբար շրջանառվում էր քրեական հեղինակություն համարվող «Չաղ Ռուստամի» գործի շրջանակներում, ում 3 անգամ համառորեն ազատ էր արձակել, և ամեն անգամ այդ որոշումը բեկանվել էր Վերաքննիչ քրեական դատարանի կողմից:
Շրջանառվում էին նաև ենթադրություններ, որ անձին, ում սպանության պատվիրատուի հանցակազմ է մեղսագրվում, Մասիս Մելքոնյանն անդադար համառորեն ազատ է արձակում՝ որոշակի կոռուպցիոն բնույթի պայմանավորվածությունների շրջանակում:
Մասիս Մելքոնյանի վերաբերյալ նմանատիպ տեղեկություններն այնքան շատ էին, որ 168.am-ի տեղեկություններով՝ վերջինիս վերաբերյալ իշխանությունը որոշում է կայացնում՝ որևէ քրեական վարույթով նրան անցկացնել, ապա ազատ արձակել ու մաքրել, որ հա՛մ գառները կենդանի լինեն, հա՛մ ոչխարները՝ կուշտ: Աղմուկը կբարձրանար, մարդիկ կասեին՝ դե տեսեք, իրենց դատավորին էլ չեն խնայում, բայց հիմքերն այնքան թույլ կլինեին, որ արագ թեման կփակվեր, Մասիս Մելքոնյանն էլ կվերադառնար իր հին փեշակին՝ ընդդիմադիրներ կալանավորելուն:
Արտաքին դիտում արեցին… Ու ո՜վ զարմանք, գտան անմեղ մի հոդված՝ Մասիսին փրկելու համար փոսը գցելով համակարգում պրոֆեսիոնալ, արդարամիտ ու անկաշառ դատավորի համբավ ունեցող Գևորգ Պողոսյանին:
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում…
Մասիս Մելքոնյանի վարույթում գտնվել է ոչ մեծ ծանրության քրեական գործ վարորդական իրավունքի մասով, որը վերջինս քննել է շուրջ 1.5 տարի: Գևորգ Պողոսյանը Մասիս Մելքոնյանին խնդրում է նիստ նշանակել, խափանման միջոցի հարցը վերանայել, մի բան, որ սովորական պրակտիկա է դատական համակարգում: Ու հիմա Գևորգ Պողոսյանը դրդիչն է, Մասիս Մելքոնյանը՝ կատարողը: Ավելի հանճարեղ բան իշխանությունը չէր էլ կարող մտածել Մասիս Մելքոնյանին փրկելու համար:
Փաստորեն արտաքին դիտում են անում, ու Մասիս Մելքոնյանն այնքան մաքրամաքուր դատավոր է լինում, որ ոչինչ չեն կարողանում գտնել, ու այս անհեթեթ գործով Մասիս Մելքոնյանի անձեռնմխելիությունն են հաղթահարում՝ արդարամտության իմիտացիա ստեղծելով. Հա՛մ բոլորի բերանը կփակեն, հա՛մ Մասիս Մելքոնյանը հաջողությամբ կպլստա:
Այն, ինչ հիմա մեղսագրվում է Մասիս Մելքոնյանին, այնքան անլուրջ է, որ որոշ ժամանակ անց դատավորն անպայմանորեն կարդարացվի. Բացառվում է, որ այս հոդվածով, այն էլ՝ Մասիս Մելքոնյանի համար, մեղադրական դատավճիռ լինի: Սա առավելագույնը դատավորի վարքագծի կանոնի խախտում կարող է դիտվել, բայց կսարքեն մեծ բոլոլա, ու հենց աղմուկն անցնի, սուսուփուս թեման կփակեն, որովհետև եթե անգամ Գևորգ Պողոսյանը Մասիս Մելքոնյանին բան է խնդրել, դա եղել է օրենքով սահմանված բան. այստեղ պաշտոնեական դիրքի չարաշահում խոշորացույցով էլ ման գան, չեն գտնի: Դեռ որ Մասիս Մելքոնյանը հետո չաշխատած ամիսների համար աշխատավարձի փոխհատուցում չուզի, պետք է գոհ լինեն:
Կրկնում ենք, Գևորգ Պողոսյանը Մասիս Մելքոնյանին խնդրել է օրենքով սահմանված կարգով նիստ նշանակել, խափանման միջոցի հարցը վերանայել: Որտե՞ղ այստեղ հանցակազմ կա:
Արդյունքում՝ դատական համակարգը կրկին կպարալիզացվի, երկու դատավորների վարույթներում գտնվող բազմաթիվ գործերը կվերաբաշխվեն մյուս դատավորների միջև՝ ավելորդ ծանրաբեռնվածություն դնելով նրանց ուսերին:
Բայց դե պետք էր շոու կազմակերպել, զբաղեցնել մարդկանց, ինչը և անում են:
Հիշեցնենք, որ Մասիս Մելքոնյանի մուրճի հարվածով են կալանավորվել Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանները, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, հասարակական գործիչներ Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ-ականներ Վահե Դանիելյանը, Գերասիմ Վարդանյանը, գեներալ Տիրան Խաչատրյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը… Ցանկն ամենևին ամբողջական չէ:
—