Ի՞նչ դեր ունի վստահությունն արտաքին քաղաքական գործարքներում․ արդյո՞ք պետական

Նոյեմբեր 12, 2026

Հայկական խորհրդի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի համատեքստում մի քանի պնդում է արել, որոնց կցանկանայինք անդրադառնալ:

Արմեն Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ ՀՀ ԱԽ քարտուղարի խոսնակ աշխատած Քոչինյանը նշում է, որ Երևան-Բաքու ուղիղ բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություն կողմերից որևէ մեկը չի խախտել:

Նրա փոխարեն այդքան վստահ չէինք լինի, որովհետև բարձր մակարդակի բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով, և մենք ամբողջական տեղեկատվության չենք կարող տիրապետել: Փոխարենը՝ հրապարակային պայմանավորվածությունների խախտումների և փոխադարձ «մեղադրանքների» մասին մի քանի դրվագ կարող ենք մտաբերել:

Օրինակ, պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանի ղեկավարը կրակի դադարեցման պահանջ էր ներկայացրել Փաշինյանին, որտեղ «գաղտնազերծում» էր արել:

Կարդացեք նաև

  • Քաղաքական «խցանումներ»՝ Երևանի խցանումների քննարկումների համատեքստում
  • Ալե՛ն, ո՞ւմ ես էշի տեղ դրել… Արմեն Գրիգորյանի տերերը Նիկոլի տերերն էլ են. պետք եղավ, Նիկոլին կհանեն՝ իրեն կդնեն. Գագիկ Համբարյան
  • Մահ կամ իշխանություն

«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»,- եզրափակել էր Ալիևը, ըստ էության, հաստատելով Փաշինյանի հետ Արցախի հարցի շուրջ վերելակային պայմանավորվածության մասին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին էր Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում հանդիպում ունեցել:

Սրանից առաջ՝ 2020թ. սեպտեմբերի 26-ին, երբ մեկ օր հետո պիտի սկսվեր 44-օրյա պատերազմը, Փաշինյանը  Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել, որտեղ պնդել էր, թե այդ Իլհամ Ալիևն է իրեն դիմել խնդրանքով (այդ ժամանակ շրջանառվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից Բաքու էմիսարներ ուղարկելու թեման):

«Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով: Եթե հիշում եք՝ այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր, և գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում: Այնպես ստացվեց, որ (մի շարք հանգամանքների բերումով՝ դրանից առաջ էլ) ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին և փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ և որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Եվ Իլհամ Ալիևի շահագրգռությունը, որ էնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում»:

Բնական է, որ այստեղ կողմերից յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի: Իսկ Նիկոլ Փաշինյանի պատերազմից ժամեր առաջ տված հարցազրույցն այդպես էլ ամբողջական չհրապարակվեց: Մենք գրել ենք, որ նա այն չի տրամադրել անգամ 44-օրյայի քննիչ հանձնաժողովին, թեև խոստացել էր:

Մյուս կողմից, 2020 թ. հուլիսյան մարտերի արդյունքները և հայկական բանակի կողմից ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների ոչնչացումն Ադրբեջանի ներքին իրավիճակը խառնել էր, սակայն Փաշինյանն իրեն հետ չպահեց դրա համատեքստում ցուցադրական քայլերից: Ի՞նչ հաշվարկով՝ հայտնի չէ, թեև իշխանական շրջանակներից ակնարկել են, թե իբր այն վտանգել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները: Այս հարցերի պատասխանը գուցե կա քննիչ հանձնաժողովի զեկույցում:

Իսկ արդեն ավելի ուշ Երևանն ու Բաքուն միմյանց սկսեցին մեղադրել 2020 թ. նոյեմբերի 9-10-ի հայտարարության կետերը չկատարելու մեջ: Որքան էլ սա եռակողմ փաստաթուղթ է՝ Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան, բայց հիմնական կետերը, ըստ էության, երկկողմ հարաբերությունների շրջանակում են:

Հետո 2025 թ. օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը, ինչից շատ չանցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Փաշինյանը հայտարարել է, որ վաշինգտոնյան փաստաթղթերում հստակ բովանդակություն և խոսույթ է համաձայնեցվել, և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը հասկանալի չէ:

«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի Հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում` այս ամբիոնից, օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել»,- մանրամասնել է նա:

Այս շարքը կարելի է շարունակել, և դեռ հարց է՝ արդյո՞ք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումից հետո նման դրվագների ականատեսը չենք լինի: Կարծում ենք՝ սրանում կողմերից և ոչ մեկը վստահ չէ:

Ի դեպ, Արեգ Քոչինյանն ասում է, որ խաղաղության համաձայնագիրն անհրաժեշտ է նաև Ադրբեջանին, բայց ավելի շատ՝ Հայաստանին (թեև թվարկել է այն, ինչ Ադրբեջանն է ստանում լոգիստիկ և կապի առումով):

Ինչո՞վ, եթե խնդիրը ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ապա այդ գործընթացը, կարելի է ասել, մեկնարկել է, երբ դեռ չի ստորագրվել համաձայնագիրը, ինչի հետ կապված խորհրդարանական ընդդիմությունը մտավախություններ էր վերջերս հայտնել, թեև խաղաղության համաձայնագիրը չի կարող կայուն երաշխիք լինել, այն միշտ կարելի է խախտել:

Այս համատեքստում Հայկական խորհրդի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ին տված հարցազրույցում նկատում է, որ միջազգային հարաբերությունները վստահության մասին չեն: Իրականում միջազգային և քաղաքական գործարքներում վստահությունը կարևոր է, թեև այն չի կարող փոխարինել իրավական ու ինստիտուցիոնալ երաշխիքներին, և շատ կարևոր է հատկապես շահերի համընկնումը: Բայց, կրկնում ենք, միջազգային հարաբերություններում վստահելի գործընկեր լինելը շատ է կարևորվում: Օրինակ, 2023 թ. մայիսին այն ժամանակ անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր տարածած հայտարարության մեջ նման մի «գաղտնազերծում» էր արել:

«Նոյեմբերի 9-ին ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, և քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ:

Դրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ և իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր»:

Այսինքն, ռուսական կողմն առաջինը հայկական կողմի վրա է կասկածել, որ մենք ենք խոցել ինքնաթիռն ինչ-որ հետին մտքով:

Վերադառնանք ԱԽ քարտուղարի խոսնակ աշխատած Արեգ Քոչինչյանի հարցազրույցին:

«Հայ–ադրբեջանական սահմանը տարածաշրջանի ամենաերկար սահմանն է՝ մոտավորապես 1014 կիլոմետր (ադրբեջանական աղբյուրներում նշվում է 1007 կմ:- Մ.Պ.)։ Հիմա ֆիքսենք, որ սա ոչ թե սահման է, այլ ռազմաճակատ։ Ինչ ահռելի քանակությամբ ռեսուրսներ են ծախսում պետությունները էդ ռազմաճակատը ռազմաճակատ պահելու տեսանկյունից: Եվ ինչ քանակությամբ ռեսուրսներ և կարողություն է ազատվելու այն պահից սկսած, երբ այն դառնա սահման և ոչ թե՝ ռազմաճակատ»:

Այս նույն միտքն Արեգ Քոչինյանը հնչեցրել է նաև Երևանի և Բաքվի մամուլի ակումբների կողմից կազմակերպված հերթական քննարկման ժամանակ, հավանական համարելով, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են փոխադարձաբար միմյանց համար անվտանգության և խաղաղության երաշխավոր լինել, քանի որ, ըստ նրա, խաղաղություն չի եղել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառով, թեև վտանգ է համարվել ժամանակին ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը հայ-ադրբեջանական համարելը:

Իրականում Քոչինյանն այստեղ վերարտադրում է, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի մտքերը, որ սահմանին սահմանապահի ներկայությունն է հուշում խաղաղության մասին, և զինվորի ներկայությունը՝ ոչ խաղաղության:«Քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե՝ դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով»,- դեռ 2022 թվականին էր նման հայտարարություն արել Նիկոլ Փաշինյանը, հետո արդեն նա հաճախակի սկսեց ասել, որ որտեղ սահմանապահը կանգնած է, այդտեղ անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա: Սրան, իհարկե, վերապահումով կարելի է մոտենալ: Բայց Փաշինյանն այսպես է կարծում, ուրեմն՝ հայ սահմանապահի վրայից պիտի հանել զրահաբաճկոններն ու սաղավարտները, նրանց ավտոմատներն էլ պիտի լինեն առանց պահունակի, ինչը մի օր սպառնալու է զինված ուժերի զինծառայողին:

Այն, որ հնարավոր չէ երկիրը հավերժ պահել խրամատներում, հատկապես, երբ ժամանակակից պատերազմներն այլ մարտահրավերներ են առաջադրում, հասկանալի է։ Բայց այստեղ մի կարևոր մասնագիտական հանգամանք պետք է հաշվի առնել։ Խրամատն ու առաջնագիծը դեռ ռազմաճակատ չեն․ վերջինս ավելի լայն հասկացություն է՝ ռազմավարական և օպերատիվ-ռազմավարական մասշտաբի։

Նույնքան տարբեր հասկացություններ են պետական սահմանն ու խրամատը կամ առաջնագիծը։

Բայց սա չի նշանակում, որ պետությունների միջև սահմանը չի կարող վերածվել ռազմաճակատի։ Աշխարհում նման օրինակներ կան։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի հետ սահմանակից պետությունները պաշտպանական արգելապատնեշներ են կառուցել, ընդ որում՝ խոցելի և ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներում։

Հիմա կասեք՝ այդ պետությունները պատմականորեն «քնեցված» տարածքային վեճեր են ունեցել կամ ունեն։ Այո՛։ Իսկ արդյո՞ք Ադրբեջանի սահմանադրության մեջ չկան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Կան։ Այս պարագայում հարմար պահի պետական սահմանն ինքնին զսպելո՞ւ է Ադրբեջանին՝ այն ռազմաճակատի վերածելուց։ Ո՛չ։ Այդ պահանջը վերաբերում է ՀՀ տարածքի 60 տոկոսին, և ընդգրկում է գրեթե բոլոր մարզերը: Նիկոլ Փաշինյանն է սա խոստովանել:

Իսկ երբ ասում ենք, թե ռեսուրսներ ենք խնայելու, բայց ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ամրացված շրջաններ և պաշտպանական կառույցներ է ստեղծում և զարգացնում, որը ծառայում է որպես խորը էշելոնացված պաշտպանության երկրորդ կամ երրորդ գիծ՝ ապահովելով առաջնագծի կայունությունն ու թիկունքի պաշտպանությունը։ Այսինքն, ՀՀ սահմանազատված կամ դրան ենթակա վայրերում կառուցվել են սրանք, կառուցվում են և պիտի կառուցվեն: Այլ հարց է, որ բացի այդ, մարտական դիրքերի հետ կապված հարցերը պիտի լուծվեն սահմանազատման և սահմանագծման արդյունքում, Նիկոլ Փաշինյանը մի առիթով չի բացառել, որ բանակից կարող է վերցնել ամրացված շրջանները, որոնցով այդքան հպարտանում է Սուրեն Պապիկյանը:

Իսկ բանակը, ինչպես ասում են, պիտի զբաղվի մարտական պատրաստությամբ, ոչ թե սահման պահի, բայց արդյո՞ք մենք շարժվում ենք այն ճշմարտությամբ՝ «խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին»:

Դեռ մի կողմ եմ դնում Ադրբեջանի սահմանապահ ծառայության, նրանց Արագ արձագանքման ուժերի զինվածության մակարդակը, որի վրա այդքան ուշադրություն է դարձնում Ալիևը և մշտապես հստակ խնդիրներ առաջադրում՝ «պետական սահմանների հուսալի պաշտպանության ու պահպանության, մեր երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները հետևողական բնույթ են կրելու»: Ընդ որում, Բաքվի սահմանապահ ծառայության ուժերը 44-օրյա պատերազմում մարտական գործողությունների մասնակցության լուրջ փորձ ունեն: Այսինքն, երբ մի բան սահմանում ենք ՀՀ ուժային կառույցների առաջ, վստա՞հ ենք, որ նույնն արվում է նաև Բաքվում:

Ի դեպ, նույն Արեգ Քոչինյանը, որ հայկական դիրքերը համարում է ռազմաճակատ, մի առիթով խոստովանել է, որ Տավուշի հատվածում ՀՀ-ի զիջած դիրքերը թե՛ քանակությամբ, թե՛ որակով ավելի էական են, քան Ադրբեջանինը:

Այս ամենի համատեքստում հարց է առաջանում՝ արդյո՞ք խաղաղության մասին խոսելիս հաշվի են առնվում ոչ միայն քաղաքական պայմանավորվածություններն ու տնտեսական շահերը, այլև անվտանգության իրական երաշխիքները։ Չէ՞ որ սահմանը ռազմաճակատ չհամարելու քաղաքական ցանկությունը դեռ չի նշանակում, որ այն այլևս չի կարող վերածվել ռազմաճակատի։ Իսկ պաշտպանական կարողությունների պահպանումն ու զարգացումը խաղաղությանը հակադրվող մոտեցում չեն, այլ պետության անվտանգության անհրաժեշտ պայման։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Babken Chilingarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/13/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%a4%d5%a5%d6%80-%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%be%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%84%d5%ab%d5%b6-%d6%84/

Leave a Reply