168: Թեհրանի երկակի ուղերձը Երևանին․ ինչո՞ւ է Իրանը միաժամանակ քննադատում և «

Նոյեմբեր 11, 2026

Նոյեմբերի 8-ին Իրանի փոխնախագահ, Իրանի և Հայաստանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Պուրմոհամմադին ժամանել է Երևան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին։

Այցի շրջանակում նոյեմբերի 9-ին նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, իսկ նոյեմբերի 10-ին կայացել է հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկումների օրակարգում եղել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնումը, ենթակառուցվածքների զարգացումը, համատեղ ծրագրերը, էներգետիկան և այլն։

Այս այցը պարզապես հերթական դիվանագիտական շփում չէր․ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ ձևավորվող նոր իրողություններն անմիջականորեն առնչվում են Իրանի ռազմավարական շահերին։ Հենց այս համատեքստում է կարևոր Պուրմոհամմադիի հայտարարությունը, որ Իրանը դեմ է արտահայտվելու ցանկացած նախաձեռնության, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Նա վերահաստատել է Թեհրանի մոտեցումները՝ հղում անելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Փաշինյանի հետ ստորագրված փաստաթղթին։

Միաժամանակ նա ընդգծել է երկու սկզբունք՝ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի պետությունները, իսկ Իրանը պատրաստ է աջակցել այն քայլերին, որոնք նպաստում են այդ խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Պուրմոհամմադին նաև Փաշինյանին անվանել է Իրանի համար «հարգված և վստահելի գործընկեր»։

Կարդացեք նաև

  • Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի գործիքն է. Հայաստանը էլ չի լինի հայկական ազգային պետություն. Ջոն Այբների զգուշացումը
  • Իրանում զգուշացնում են. ԱՄՆ-ի և Իսրայելի հետ նոր պատերազմը կարող է փոխել ողջ Մերձավոր Արևելքի իրավիճակը
  • Իրենց պետք է, որ Հայ եկեղեցին կաթողիկոս չունենա, զրոյացնեն, վերացնեն… Հայաստանի տարածքը 34. 539 ք/կմ էր․ 1923թ. փաստաթղթի բացահայտումը. Միքայել Մալխասյան

Սակայն այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր առաջ Իրանի նախկին արտգործնախարար և Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Էթելաաթ» պարբերականում հրապարակել էր Փաշինյանին ուղղված կոշտ հոդված։

Նա քննադատել էր Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, հատկապես, այսպես կոչված, «Թրամփի ուղու»՝ TRIPP-ի իրականացմանն առնչվող գործընթացը՝ պնդելով, որ այն հակասում է Հայաստանի և Իրանի շահերին։

Վելայաթին նախագիծը դիտարկել էր՝ որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության շարունակություն, և ընդգծել, որ Իրանը չի ընդունի իր կարմիր գծերի խախտումը։ Հոդվածի ամենակոշտ հատվածում նա հիշատակել էր Հայաստանի դեսպանին փոխանցած իր նախազգուշացումը՝ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը, իրենք «կկոտրեն նրանց ոտքերը»։

Այսպիսով, մի կողմից՝ Իրանի փոխնախագահը Երևանում խոսում է վստահելի գործընկերոջ և խաղաղությանն ուղղված համագործակցության մասին, մյուս կողմից՝ Գերագույն առաջնորդի խորհրդականը հրապարակայնորեն սպառնում է կոշտ հակազդեցությամբ՝ քննադատելով հենց Փաշինյանի քաղաքականությունը։

Այնուամենայնիվ, այս երկու ուղերձները պարտադիր չէ, որ նշանակեն Իրանի արտաքին քաղաքականության ներսում առկա հակասություն։ Առաջին հերթին պետք է տարբերակել հայտարարությունների առարկան և հասցեատերերին։

Պուրմոհամմադին խոսում է հայ-իրանական հարաբերությունների, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդհանուր սկզբունքների մասին, մինչդեռ Վելայաթիի քննադատության կենտրոնում TRIPP-ի աշխարհաքաղաքական և անվտանգային բաղադրիչն է։ Իրանը սկզբունքորեն դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների բացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։

Թեհրանի համար խնդիրն այն պայմաններն են, որոնցով այդ հաղորդակցությունները պետք է գործեն, և հատկապես՝ դրանց նկատմամբ վերահսկողության հարցը։ Իրանի համար ընդունելի է այնպիսի ապաշրջափակում, որը հիմնված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա, բայց անընդունելի կարող է լինել ցանկացած մեխանիզմ, որը կհանգեցնի արտատարածքային վերահսկողության, կսահմանափակի Իրանի անմիջական կապը Հայաստանի հետ, կամ տարածաշրջանում ամրապնդի արտատարածաշրջանային ուժերի ռազմաքաղաքական ներկայությունը։

Այստեղ կարևոր է նաև հասկանալ, թե ով է Վելայաթին իրանական քաղաքական համակարգում։ Նա շարքային նախկին պաշտոնյա չէ․ երկար տարիներ զբաղեցրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնը, իսկ հետագայում դարձել է Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական։

Նրա խոսքը, հետևաբար, ունի զգալի քաղաքական կշիռ, հատկապես, երբ նա հղում է կատարում Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից նախկինում հնչեցված դիրքորոշումներին։ Սակայն նրա հոդվածը նույնը չէ, ինչ Իրանի նախագահի, կառավարության կամ արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունը։ Պուրմոհամմադին, հակառակը, գործող փոխնախագահ է և Հայաստան է ժամանել միջկառավարական հանձնաժողովի համանախագահի կարգավիճակով։

Նրա հայտարարությունները ներկայացնում են Իրանի պաշտոնական գործադիր իշխանության դիվանագիտական դիրքավորումը։ Բայց սա չի նշանակում, թե Վելայաթիի խոսքերը կարելի է դիտարկել որպես անձնական կարծիք։

Իրանի քաղաքական համակարգում, որտեղ ռազմավարական հարցերում կարևոր դեր ունի Գերագույն առաջնորդի ինստիտուտը, նրա խորհրդականների հրապարակային նախազգուշացումը կարող է արտահայտել այն սահմանները, որոնք Թեհրանը ցանկանում է հստակեցնել գործընկերների համար։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Պուրմոհամմադին ներկայացնում է համագործակցության հնարավորությունների և պաշտոնական հարաբերությունների ուղերձը, իսկ Վելայաթին՝ այդ համագործակցության աշխարհաքաղաքական սահմանափակումներն ու Իրանի կարմիր գծերը։

Ուստի հարցին, թե այս ամենից ո՞րն է Իրանի իրական դիրքորոշումը, պատասխանը պետք է փնտրել ոչ թե մեկ պաշտոնյայի բարեկամական խոսքերում կամ մյուսի կոշտ ձևակերպումներում, այլ Թեհրանի գործնական քայլերում և հետևողականորեն կրկնվող սկզբունքներում։

Իրանը ցանկանում է պահպանել Հայաստանի հետ հարաբերությունները, զարգացնել տնտեսական ու ենթակառուցվածքային կապերը և աջակցել տարածաշրջանային խաղաղությանը, բայց միաժամանակ չի պատրաստվում անտարբեր մնալ այնպիսի նախագծերի նկատմամբ, որոնք կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Փաշինյանին վստահելի գործընկեր անվանելը չի նշանակում, որ Թեհրանը վստահում է նրա արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններին, իսկ Վելայաթիի սպառնալիքները չեն նշանակում, որ Իրանը պատրաստվում է խզել հարաբերությունները Հայաստանի հետ։

Հետևաբար՝ Երևանի համար ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե Իրանի պաշտոնյաներից ով է ավելի բարեկամական կամ ավելի կոշտ արտահայտվում, այլ այն, թե արդյո՞ք Հայաստանը կարողանալու է իր տարածքով անցնող բոլոր հաղորդակցային նախագծերն իրականացնել սեփական ինքնիշխանության և իրավազորության լիարժեք պահպանմամբ՝ միաժամանակ հաշվի առնելով իր անմիջական հարևանի անվտանգության հիմնարար մտահոգությունները։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/168-%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5%d6%80%d5%b1%d5%a8-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply