Գործադիրը փոփոխություն է առաջարկում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» և կից օրենքներում ու Քաղաքացիական օրենսգրքում: Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է նոյեմբերի 10-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լևոն Մովսիսյանը:
Զեկուցողը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է ամրապնդել ստեղծագործությունների հեղինակների և մյուս իրավատերերի իրավունքների պաշտպանությունն ու ստեղծել նրանց փոխվարձատրության հավաքագրման, բաշխման առավել թափանցիկ համակարգ: Ըստ փոխնախարարի՝ փաթեթի առանցքային ուղղությունը գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման կարգավորումն է: Ստույգ և գործուն պահանջներով նախատեսվում է պետական վերահսկողություն ու հնգամյա հավատարմագրում անձնակազմի, տեխնիկական կարողությունների, գրանցամատյանների և գումարների բաշխման մեխանիզմների նկատմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում հաշվետվողականությանը:
Լևոն Մովսիսյանը տեղեկացրել է, որ կառավարման կազմակերպությունները պարտավոր են հրապարակել կիրառվող դրույքաչափերը, պայմանագրերի օրինակելի ձևերը, տարեկան հաշվետվություններն ու անկախ աուդիտի եզրակացությունը: Հավաքագրված գումարների բաշխումը պետք է հիմնվի ստեղծագործությունների փաստացի օգտագործման վերաբերյալ արժանահավատ տվյալների վրա: Իրավատերերը պետք է տեղեկություն ստանան իրենց ստեղծագործության օգտագործումից գոյացած եկամուտների, կատարված պահումների և իրենց հասանելիք գումարների մասին:
Նախագծով օգտագործողների համար սահմանվում են վարձատրության չափանիշներ. նվազագույն դրույքաչափերը սահմանելու է Կառավարությունը: Լևոն Մովսիսյանը նշել է, որ նախատեսվում են նաև պայմանագրի կնքման և վեճերի լուծման ընթացակարգեր, հանրային շահից բխող բացառություններ: Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է իրավակարգավորումները համապատասխանեցնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
«Նախագծի գործնական արդյունքը պետք է լինի այն, որ հեղինակն իր աշխատանքի օգտագործման դիմաց ստանա իրեն հասանելիք վարձատրությունը, իսկ օգտագործողը գործի կանխատեսելի պայմաններում»,- նշել է զեկուցողը:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի անդամները հնչեցրել են հարցեր, ներկայացրել առաջարկներ:
Քննարկման արդյունքում հեղինակի առաջարկով օրենսդրական փաթեթի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Markos Nalchajian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a4%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%a1%d5%a9%d5%a5%d5%a9%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%ab-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82/