Նոյեմբեր 11, 2026
«Ակնհայտ է և աներկբա, որ ադրբեջանական կողմը գիտակցված շարժվում է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի իրագործումը տորպեդահարելու ուղղությամբ, այն էլ՝ բացահայտորեն»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը՝ խոսելով Ալիևի վերջին հայտարարության մասին, որն արել էր նոյեմբերի 9-ին Շուշիում, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը փոխելու նրա պահանջներից։
Նրա խոսքով՝ հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ վկայում են, որ թեպետ Ալիևը բազմաթիվ պահանջներ է ներկայացնում Հայաստանին, սակայն չի գնում խաղաղության։ Հետևաբար, բավական է վերլուծել Ալիևի հայտարարությունների մի մասը, օրինակ, Շուշիում նոյեմբերի 9-ի ելույթը, որտեղ վերաշարադրել էր լուտանքները հայկական կողմի նկատմամբ, սպառնալիքները հայկական պետականության, հայ ժողովրդի հանդեպ։
«Ալիևի այդ ելույթը լսեք՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքների պահանջների շարան ներկայացրեց, փորձեց ևս մեկ անգամ վիրավորել ու հեգնել հայ ազգին։ Հիմա ինչպիսի՞ մեսիջ է հղում Բաքվի բռնապետը՝ ատելության քարոզ վարելով առաջին դեմքով։ Պարզ է, որ ադրբեջանական կողմը ոչ թե վտանգ է տեսնում մեր Սահմանադրության մեջ, այլ շարունակում է ատելության խոսք գեներացնել հայության հանդեպ։
Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված են կետեր, որոնք սպառնում են ՀՀ գոյությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իսկ Ադրբեջանի Սահմանադրությունը և նրանց պատկերացումներն այն մասին են, որ Տավուշի մարզը, Սևանի ավազանը, Սյունիքը, Արարատի մի մասը, Վայոց ձորն Ադրբեջանինն են, նույնիսկ նրանք Երևանի պատկանելությունն են հարցականի տակ դնում»,- հավելեց Գրիգորի Այվազյանը։
Ըստ նրա, վերջին շոուն, որն Էրդողանի մասնակցությամբ իրականացրեց Ալիևն օկուպացված Շուշիում, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տենդագին նախապատրաստվում է նոր սադրանքների։ Ադրբեջանի պետականության հիմքում դրված է հայատյացության գաղափարը, որն այն քիչ բաներից է, որը միավորում է նացիզմով թունավորված ադրբեջանական հասարակության տարբեր շերտերի։
«Ադրբեջանում ով էլ եղել է իշխանության, գաղափարական հենքը եղել է հայատյացությունը, դրանից չեն կարող հրաժարվել։ Ադրբեջանի իշխանությունը գործում է հանցագործի տրամաբանությամբ, որը չի կարող հանգիստ լինել, քանի դեռ հանցագործության զոհը՝ հայերը, ողջ են։ Ադրբեջանը հանգիստ չի լինելու, քանի դեռ գոյատևում է հայկական պետականությունը, հայ ազգի մեջ նրանք վտանգ են տեսնում՝ գիտակցելով, որ ապրում են հայերից զավթված ու գողացված հողերի վրա»,- շեշտեց փորձագետը։
Մեր զրուցակիցը նկատեց՝ ՀՀ սահմանադրության մասին Ադրբեջանի իշխանությունների խոսույթը, նաև Հաջիևի վերջին հայտարարությունը, որ «հայերը պետք է ներողություն խնդրեն տեղահանված ադրբեջանցիներից», խոսում է նրանց այն մտադրության մասին, որ հայ ազգը պետք է կանգնի ու աշխարհի առաջ ներողություն խնդրի Ադրբեջանից, մոռանալով, որ ադրբեջանցիները պետք է կանգնեն ու հրապարակավ հայությունից ներողություն խնդրեն Բաքվում ու ադրբեջանական այլ քաղաքներում հայերին ցեղասպանելու, արցախահայերին սպանելու ու բռնի տեղահանելու համար։
«Մեկ բան հստակ է՝ որքան հայկական կողմը բավարարի Ադրբեջանի պահանջների ախորժակը, այնքան այդ ախորժակը մեծանալու է։ Խնդիրն այն չէ, թե մենք Արցախ բառը կօգտագործե՞նք, թե՞ չենք օգտագործի, նրանց լեգիտիմ պատճառ պետք չէ Հայաստանի դեմ ագրեսիայի դիմելու համար։ Դրա համար մենք պետք է աչալուրջ լինենք, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին հետևենք ոչ թե դիտորդի, այլ ակտիվ խաղացողի կարգավիճակով։ Այդ ճանապարհով մենք կկարողանանք պահպանել այն, ինչ ունենք, և վերականգնել այն, ինչը ժամանակավոր կորցրել ենք։ Ես դրանում չեմ կասկածում, Ադրբեջանն էլ այս ամենը գիտակցում է, փորձում ժամանակ շահել, որպեսզի կարողանա ոչնչացնել հայությանը։ Ադրբեջանի համար հայերի դեմ մղվող պատերազմը ոչ սկսվել է Արցախով, ոչ էլ Արցախով կավարտվի։ Նրանց համար պատերազմը շարունակվում է մինչև վերջին հայի գոյությունը։ Այնպես որ, մենք պետք է առերեսվենք այդ իրականության հետ ու պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Antranik Varosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bf%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%a3%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%b4/