X
    Categories: News

168: Առաջին ամենամեծ տագնապը 2020թ. հոկտեմբերի 1-ին էր՝ Ստեփանակերտում… Թող կ

Նոյեմբեր 10, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Պատահական չէ, որ այս իշխանությանն անվանում են մահաբեր իշխանություն: Ինչպես Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի, այնպես էլ մյուս հետապնդումները միայն կոնկրետ անձերով չեն սահմանափակվում. Հետապնդվում են նաև նրանց հարազատներն ու մտերիմները, ովքեր կարող են դրանց պատրաստ չլինել: Այս իշխանությունը քաղաքական գործընթացներից արդեն դուրս է եկել ու գործընթացները վերածել ողբերգության: Դատարանում Արմեն Գրիգորյանի մահվան դեպքը, հղի կնոջ սպանությունը, պատերազմի հազարավոր զոհերը դրա օրինակներն են: Այս իշխանությունը միայն մահ է սփռում:
  • Սա ահաբեկչություն է սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանական պահանջներին գլուխը կախ ենթարկվող իշխանությունն ահաբեկչություն է իրականացնում սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ: Իշխանությունը փորձում է նաև քաղաքականապես չեզոք անձանց բերել իրենց դաշտ, դրա համար մտնում են ընտանիքներ: Որքան էլ ակտիվ հանրային դեմքերն ասեն՝ իրենց ընտանիքների համար հետապնդվելը սովորական է դարձել, դա այդպես չէ: Փորձում են հարազատների, ընտանիքների միջոցով ազդեցություն ունենալ քաղաքական գործիչների վրա: 
  • Առանձնահատուկ ագրեսիվություն են ցուցաբերում հատկապես կին գործիչների նկատմամբ: Երեք կանանց՝ Տաթևիկ Վիրաբյան, Լիդյա Մանթաշյան և Արեգնազ Մանուկյան, ոչ միայն ազատազրկել էին, այլև պահում էին խիստ սահմանափակումների ներքո: Այս իշխանությունների համար որևէ կարմիր գիծ գոյություն չունի:

Կարդացեք նաև

  • Ինչո՞ւ եք կալանավորել Արսեն Գևորգյանին. Սրբուհի Գալյանն ինքն իրեն է ապահովագրում. Ժաննա Ալեքսանյան
  • Ոչ հայելային օրակարգ․ Թուրքիա այցից առաջ Փաշինյանը կրկին հրաժարվում է Հայկական հարցից, իսկ Էրդողանն այցելում է «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր
  • «Ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս ադրբեջանցիները Հադրութից եկան ու հասան Շուշի». Շուշիի քաղաքապետ
  • Արսեն Գևորգյանի, նրա հարազատների, շտաբի նկատմամբ ինչ ասես՝ չարեցին: Դա չի կարող ազդեցություն չունենալ մարդկանց վրա: Էն մարդիկ, ովքեր քաղաքական հետապնդումներից հետո հիմա դրսում են, չի նշանակում, որ առողջ են: Հիմա Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը թեև արդարացված չեն, բայց դրսում են, սակայն դա չի նշանակում, որ ամեն բան կարգին է նրանց մոտ, շատ էլ, թե այդ մարդիկ ձայն չեն հանում:
  • Գագիկ Ծառուկյանը, 2-րդ նախագահը, Սամվել Կարապետյանը նստած են, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, արդեն հաշվել հնարավոր չէ՝ որերորդ քրեական գործն է հարուցվում, շատերը տնային կալանքում են, բայց կալանավորված են, չէ՞, սահմանափակված է նրանց ազատությունը ամիսներով, տարիներով: Ամբողջությամբ ապրում ենք կալանավորված Հայաստանի պայմաններում, և դա ոչ միայն կոնկրետ մարդկանց վրա է ազդեցություն թողնում, այլև հասարակության: Իշխող ռեժիմի համար թշնամանքը դարձել է կառավարելու գործիք, մարդիկ ագրեսիվ են դարձել, անընդհատ կռիվներ են հրահրվում, հանցագործություններ են կատարվում: Եվ սա հատուկ, նպատակային ձևով է արվում. Հասարակության մեջ անընդհատ բաժանարար գծեր են քաշվում, թշնամանքը մտցրել են կենցաղ, որ մարդիկ արժեքների մասին չմտածեն, դրանց շուրջ չմիավորվեն, որովհետև հակառակ դեպքում այս իշխանությունը մի ամիս էլ չի մնա:
  • Արցախի կորուստը ողբերգություն է հասարակության այն հատվածի համար, ովքեր գիտակցում են՝ ինչ է տեղի ունեցել, որովհետև ՔՊ-ի համար Արցախը թոկ էր: Նրանց համար Նոյեմբերի 9-ը ոչ թե ողբերգություն է, այլ հաղթանակ:
  • Ինձ համար առաջին ամենամեծ տագնապը 2020թ. հոկտեմբերի 1-ին էր՝ Ստեփանակերտում, երբ ես քաղաքում տեսա մարդկանց, ովքեր պետք է ոչ թե Ստեփանակերտում լինեին, այլ ճակատում: Խառնաշփոթը, ոչ կառավարելի իրավիճակն այդ օրերից էր հստակ: Հաջորդ վտանգավոր ազդանշանը հոկտեմբերի 7-8-9-ին էր, երբ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր ուղղություններից արդեն մտել էին Հադրութ, բայց այս իշխանությունը քարոզչություն էր տանում, որ Հադրութը մերն է: Մարդկանց այլ իրականություն էր ներկայացվում:
  • Իշխանության գործողությունները զորքերին բարոյալքության էին տանում: Ռազմաճակատում ամեն ինչ անում էին՝ զորքին բարոյազրկելու համար՝ սկսած համալրումից: Շատ տեղերում ճեղքումները հենց դրա արդյունքն էին: Ջաբրայիլում ինչի՞ տեղի ունեցավ ճեղքում… Որովհետև համալրում չեղավ, թիկունքը բացվեց, թե չէ առաջին շաբաթվա ընթացքում իրենց ուժերով թշնամուն բավականին մեծ կորուստներ էին պատճառել: Ու համալրման բացակայությունը թույլ տվեց, որ ադրբեջանցիները գան ու հասնեն Շուշի: Իշխանությունն արդեն գիտեր, որ Շուշին տալու են: Շուշիի մարտերը մենք պարտվել ենք ոչ թե նոյեմբերի 5-6-7-8-ին, այլ դրա խնդիրն ունեցել ենք հոկտեմբերի 2-րդ կեսին, երբ ադրբեջանական զորքին հնարավորություն է տրվել տարբեր ուղղություններով գալ-հասնել Կարմիր շուկայի այդ կետին, Թաղավարդի հատված, և անտառներով, Ասկերանի ենթաշրջանով, Քարին տակով ու այլ ուղղություններով դուրս գալ դեպի Շուշի գնացող մատույցներ: Այսինքն՝ այնտեղ կա 20 օրվա տարբերություն. Շուշիի անկումը սկսվել էր 20 օր առաջ: Ադրբեջանցիների մուտքն այդտեղ պետք է փակվեր: Վերջին արարը վերջնականն էր, բայց մինչ այդ է Շուշիի հարցը լուծված եղել: Ադրբեջանցիները Շուշիի հարցը լուծել էին 20-25 օր առաջ:

  • Նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթից հետո արյունահեղությունը չի կանգնել: Դրանից հետո մենք շուրջ 1000 զոհ էլ ունեցել ենք: Ի դեպ, այդ ժամանակ էլ էր Նիկոլ Փաշինյանը խոսում խաղաղության դարաշրջանի մասին:
  • Չպետք է մոռանալ, որ մեր Հայրենիքի արցախյան հատվածում ապրող մարդիկ 2023թ. ցեղասպանության են ենթարկվել: Արցախցիների հասցեին վայրահաչողները մի շաբաթ կարո՞ղ էին ապրել արցախցիների կյանքով, երբ ծնողները հաց չէին ուտում, որ երեխաներին տան: Եթե մարդը չի զոհվել, նշանակում է՝ նա ցեղասպանության չի՞ ենթարկվել: Մարդն իր հայրենիքից է զրկվել: Արցախցիները Հայաստան էին գալիս 20-25 կգ նիհարած: Ու էսօր Փաշինյանն ասում է՝ մեզ ասում են դավաճան, ես էլ ասում եմ՝ փախած:
  • Այն մարդը, ով կարդացել է վերջին 2 օրվա Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, այնտեղ Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է տեսել, թե՞ թշնամություն, ատելություն, սպառնալիք: Ադրբեջանը կոնկրետ իրավական կառույցների հետ աշխատում է, փորձում են Հայաստանը ներկայացնել՝ որպես հանցագործ երկիր: Վաղը Նիկոլ Փաշինյանն ու նրա արբանյակները չեն լինելու, բայց այս քեյսերը մշտապես կախված են լինելու Հայաստանի գլխին:
  • Փաշինյանն իր վաղվա զիջումների հիմնավորումն այսօր է անում: Վաղը որ էլի մի բան հանձնի, ասեն՝ ինչի՞ ես հանձնել, ասի՝ դե բա սահմանազատված չէ, ո՞նց իմանայինք՝ մերն է: Իրեն թվում է՝ իրենք շուստրիություն են անում: Չեն էլ ամաչում, քարտեզը դոշներին կպցրած՝ գնում են երկրից երկիր, խայտառակ են անում մեզ, բոլորը ծիծաղում են վրաները: Ինքը երևի անձնական որոնումների խնդիր ունի՝ իր հայրենիքը Թուրքիա՞ն է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը… Թող գնա, կողմնորոշվի, բայց մեր ժողովրդին թող չներքաշեն դրա մեջ: Անգամ մի քանի սերունդ արտասահմանում ծնված հայերի համար է Հայաստանը հայրենիք:
  • Քանի որ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո բավականին հավակնոտ է դարձել, սրանց անգամ դեմքը փրկելու հնարավորություն չի տալիս: Ըստ երևույթին Սահմանադրություն փոխելու պայմանավորվածություններն ավելի շուտ են եղել, հիմա դեդլայնը մոտեցել է, էլ ժամանակ չեն տալիս մանևրելու:
  • Համաձայն եմ, որ շեյմինգի ընդհանրական գործընթաց չի իրականացվում: Բնականաբար, տարբեր պաշտոնյաներ՝ յուրաքանչյուրն իր մասով, ներգրավված է այդ իշխանության հանցավոր սխեմաների մեջ և հետագայում իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի: Այո՛, այս թեման մշտապես պետք է լիներ հավաքական ընդդիմության ուշադրության կենտրոնում, որ ցանկացած պաշտոնյա իմանար՝ իր ցանկացած գործողություն հետագայում իրավական հետևանքներ է ունենալու: Իրենք գիտեն՝ ինչի մեջ են մտել:

  • Ընդդիմության միավորման գործընթացին արդեն 16 ուժ միացել է, որքան էլ իշխանությունը փորձեց չեզոքացնել Սամվել Կարապետյանի գործոնը: Նիկոլ Փաշինյանի հանցավոր շղթան կոտրելու համար համախմբում է պետք, որովհետև դա 1-2 ուժի կարողությունների դաշտում չէ: Այս առումով ես կարևոր եմ համարում գործընթացը: Մենք հերթով բերում ենք առաջնահերթություններ, փորձում մեր մոտեցումները համադրել ու առաջ գնալ: Պրոցեսը մեկնարկել է, այո՛, բայց ոչ պակաս կարևոր է՝ գործընթացն ավարտին հասցնել: Սա չպետք է սահմանափակվի միայն ալիևյան սահմանադրության չեզոքացմամբ:
  • Մարդիկ ինքնուրույն քաղաքական պրոցեսներ չեն կարող նախաձեռնել: Դա ընդդիմությունը պետք է անի: Երբ դու մարդկանց ճանապարհը ցույց ես տալիս, նրանք դառնում են ոչ անտարբեր: Եթե չկա ուղղորդող ուժ ու ծրագիր, ոչ ոք չի ակտիվանալու: Պետք չէ մարդկանց թերագնահատել: Մեկ բան է՝ մարդկանց տրամադրել, փողոց հանել, մեկ այլ բան՝ իմանալ, թե ոնց ես դու դա առաջնորդելու, ինչ ճանապարհով ես տանելու, որ մարդկանց նոր հիասթափությունների չբերես:
  • Եթե այս իշխանությունն իրեն օրենքի դաշտից դուրս է դնում, ի՞նչ տարբերություն՝ խորհրդարանական ընտրությո՞ւն է կեղծում, թե՞ նախագահական: Այսինքն՝ Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը հարյուրներով ընդդիմադիր է կալանավորում: Եթե բոլորս մի թիրախի ուղղությամբ չենք աշխատում, չենք կարող ակնկալել, որ գործընթացը հաջողություն կունենա: Կրկնում եմ՝ առաջնահերթությունները դրված են, և բոլորը պետք է մոբիլիզացվեն այդ թիրախները խոցելու ճանապարհով: Պայքարի հիմնական առանցքը կա, իշխանությունն էլ ամեն ինչ անելու է՝ մեզ շեղելու համար. մեր խնդիրն է՝ որևէ կերպ չմտնել իր օրակարգի մեջ: Այո՛, լինելու են բռնաճնշումներ, բայց շատ բան կախված է նրանից, թե հավաքական ընդդիմությունը՝ որպես ընդհանուր խնդիր լուծող միավոր, ինչ ուղղությամբ է շարժվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Kajoyan Gevork:
Related Post