Վեց տարի առաջ այս օրվա առավոտը մեզ համար սկսվեց գույժով։ Արթնացանք մի իրականության մեջ, որտեղ այլևս չկար այն Արցախը, որի համար սերունդներ էին պայքարել, և որի ազատության ու անվտանգության համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն էին զոհաբերել։
2020 թվականի նոյեմբերի 10-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական հանգրվաններից մեկն էր։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ օրը ոչ միայն պատերազմի ավարտն էր, այլև շատ ավելի երկարատև ու կործանարար գործընթացի սկիզբը։
Այդ օրը ստորագրված եռակողմ հայտարարությունն իր քաղաքական հետևանքներով կապիտուլյացիայի ակտ էր։ Սակայն ամենասարսափելին այն է, որ դրան հաջորդած վեց տարիների ընթացքում պարտությունը ոչ թե հաղթահարելու, այլ այն քաղաքականապես ամրագրելու և նոր զիջումների հիմք դարձնելու ճանապարհն ընտրվեց։
Սկզբում հանձնվեցին Արցախի հարակից տարածքները։ Հետո եկան Գորիս–Կապան ճանապարհի, Շուռնուխի, Սև լճի և Իշխանասարի իրադարձությունները։ Հայաստանի ինքնիշխան տարածքներում ադրբեջանական զինված ներկայությունը դարձավ չհաղթահարված իրողություն։
Հետո իջեցվեց Արցախի կարգավիճակի նշաձողը, իսկ այնուհետև Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Դրան հաջորդեցին 2023 թվականի ողբերգական իրադարձությունները՝ Արցախի հայաթափումը, ավելի քան հարյուր հազար մեր հայրենակիցների բռնի տեղահանումը և հայկական հազարամյա ներկայության խզումը սեփական հայրենիքում։
Բայց գործընթացը դրանով չավարտվեց։
Սկսվեց սահմանազատում՝ առանց հանրային բավարար վստահության և անվտանգության համոզիչ երաշխիքների։ Տավուշում տարածքային զիջումները ներկայացվեցին որպես խաղաղության ձեռքբերում, մինչդեռ Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը մնաց չլուծված։
Արցախահայության հավաքական իրավունքների, ինքնորոշման և անվտանգ վերադարձի հարցերը աստիճանաբար դուրս մղվեցին պետական քաղաքականության առաջնահերթություններից։ Քաղաքական օրակարգում հայտնվեցին միջազգային դատական գործընթացներից հրաժարվելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Սյունիքով Ադրբեջանի համար անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համաձայնությունները։
Եվ այս ամենին զուգահեռ սկսվեց մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր գործընթաց։
Վերանայման թիրախ դարձան մեր պատմական հիշողությունը, ազգային խորհրդանիշները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը, Սփյուռքի հետ հարաբերությունների գաղափարական հիմքերը։ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական պայքարը հասարակության ներսում բացեց հակադրության ևս մեկ ճակատ։
Այս ամենը պատահական ու միմյանցից անկախ դրվագների ամբողջություն չէ։ Դրանք ձևավորում են քաղաքական մի տրամաբանություն, որի շրջանակներում արտաքին պարտադրանքներին հարմարվելու համար աստիճանաբար վերաձևակերպվում են պետության ազգային նպատակները, պատմական հիշողությունն ու ինքնության հենասյուները։
Եվ հիմա այս նույն իշխանությունը ցանկանում է վերաձևակերպել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերը։
Բայց ի՞նչ քաղաքական ու բարոյական իրավունքով կարող է մի իշխանություն, որի կառավարման տարիներին տեղի են ունեցել այսպիսի ազգային աղետներ, նախաձեռնել պետության հիմնարար հասարակական պայմանագրի վերաշարադրումը։
Սահմանադրությունը սովորական օրենք չէ։ Այն ժողովրդի ինքնիշխան կամքի, հավաքական արժեքների և պետականության ապագայի վերաբերյալ հանրային համաձայնության արտահայտությունն է։ Իսկ նման համաձայնություն չի կարող ձևավորվել ազգային ինքնության, պատմական հիշողության և պետության ապագայի շուրջ հասարակական այսպիսի խոր պառակտվածության պայմաններում։
Առավել ևս, երբ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը համընկնում է Ադրբեջանի ղեկավարության հրապարակային պահանջներին, իսկ դրանք իրականացնելու պատրաստակամություն է հայտնում մի իշխանություն, որի նկատմամբ հանրության զգալի հատվածի վստահությունը խաթարված է։
Սահմանադրությունը չի կարող դառնալ պարտության հետևանքների օրինականացման կամ արտաքին պարտադրանքների սահմանադրական ամրագրման գործիք։
Մենք չենք մերժում սահմանադրական բարեփոխումների գաղափարը։ Մենք մերժում ենք դրանց իրականացումն այս իշխանության կողմից և հանրային այսպիսի խոր անվստահության ու պառակտվածության պայմաններում։
Նոյեմբերի 10-ը միայն ազգային ողբերգության հիշատակի օր չէ։ Այն նաև պետական ու ազգային պատասխանատվության օր է։ Եվ վեց տարի շարունակվող գահավիժումից հետո մեր դիրքորոշումը պետք է լինի միանշանակ։
Այս իշխանության օրոք և հասարակական այսպիսի խոր պառակտվածության պայմաններում՝ ո՛չ սահմանադրական որևէ բարեփոխման, ո՛չ սահմանադրական հանրաքվեի։
Որովհետև Սահմանադրությունը պետք է ամրագրի ժողովրդի միասնական կամքը, ոչ թե խորացնի նրա պառակտումը։ Այն պետք է ծառայի ինքնիշխան պետականության ամրապնդմանը, ոչ թե պարտության քաղաքական հետևանքների հավերժացմանը։
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Arpi Talalian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/10/%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6/