X
    Categories: News

Հայաստանի «զինաթափվող» անվտանգությունը՝ Նախիջևանի հզորացող ռազմական ներուժի դ

Նոյեմբեր 7, 2026

Թուրքիայի նախագահ Էրդողանը 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 6-րդ տարեդարձի առիթով շնորհավորական նամակ է հղել, որում նախ ակնարկել է, որ ադրբեջանական հաղթանակը ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն ու հպարտությունն է:

«Մեր բարեկամական և եղբայրական անսասան կապերը հիմնված են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, դրանք Շուշիի հռչակագրով բարձրացվել են ամենաբարձր մակարդակի։ Լիովին վստահ եմ, որ մենք կշարունակենք սերտ համագործակցությունն ու համերաշխությունը՝ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ՝ միջազգային հարթակում»,- շարունակել է Էրդողանը:

Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Շուշիի հռչակագիրը, հայտնի է:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանի ինքնաթիռը, որով նա մեկնում էր Կորեայի Հանրապետություն, մտել է Ադրբեջանի օդային տարածք, և նախագահական օդանավի օդաչուն կապ է հաստատել դիսպետչերի հետ ու փոխանցել Թուրքիայի ղեկավարի շնորհավորական խոսքն Ալիևին՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 6-րդ տարվա առիթով: Նույնը կրկնվել է Թուրքիա վերադարձի ժամանակ: Ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ եթե արտակարգ հանգամանքներ չլինեն, նոյեմբերի 8-ին կմեկնի Բաքու՝ 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակի համատեքստում:

Կարդացեք նաև

  • ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքի կասեցումը. Ֆորմալ արարողակարգ՝ դե ֆակտո խզման ֆոնին
  • Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Ալեն Սիմոնյան
  • Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը հավերժ չէ, ամեն պահի կարող է փոխվել, ականներ է դնում. ընդդիմությանը պետք է «Կոնսենսուս +1». Հակոբ Բադալյան

Իսկ նույն ժամանակ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորմանը և թույլ տվել մի քանի ձևակերպում, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ:

Ինչի՞ մասին է խոսքը: Գագաթնաժողովին ներկաներից մեկը հարց-առաջարկ է արել, որ նախևառաջ Հայաստանը պետք է ուժեղանա, հզորանա, նոր միայն գնա Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման: Այսինքն՝ եթե «թշնամին տեսավ, որ ուժեղ ենք, նա հավասարը հավասարի հետ կնստի բանակցությունների»:

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը չի համաձայնել այս պարզ ճշմարտության հետ.

«Ես Ձեզ հետ համաձայն չեմ, չեմ կարող համաձայն լինել, որովհետև Ձեր ասած մտածելակերպով մենք շարժվել ենք, ու դա բերել է մի բուռ Հայաստանի։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք թուրքերի, ադրբեջանցիների համար լավ հարևան ենք, իրանք էլ պետք է նստեն ու սպասեն, մինչև մենք մեծանանք, դառնանք Մեծ Հայք, հարձակվենք իրենց վրա ու ուտենք։ Ինչո՞ւ պետք է այդ տրամաբանության մեջ լինենք»,- արձագանքել է Սիմոնյանը:

Հակադարձմանը՝ հարձակվել պետք չէ, պետք է պաշտպանվել, ԱԽ քարտուղարը շատ անկեղծ պատասխանել է.

«Մեր ռազմական փորձագետը մոտավորապես խոսում էր այդ մասին: Նա ասում էր, որ մեր ռազմական վիճակը պետք է այնպիսին լինի, որ երկրները, որոնք ցանկանում են հարձակվել, հաշվարկ անեն՝ իմաստ չունի: Ես չեմ կարծում, որ նման հաշվարկ աշխատելու է: Ես համարում եմ՝ պետք է ունենանք այնպիսի բանակ, որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումն այնքան ցավոտ լինի, որ դրա կարիք չունենա։ Բայց եթե ավելի խորը նայենք, կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ միմյանց դեմ պատերազմելու առիթ ընդհանրապես չլինի։ Ինչի՞ պիտի մենք թուրքերի հետ պատերազմենք»:

Քաղաքացին կրկնել է իր հակադարձումը՝ ասելով. «Ես ասում եմ, որ մենք պետք է պաշտպանվենք»:

«Ինչի՞ ենք պաշտպանվում, թուրքերը որոշել են մեզ վրա հարձակվել, վախենում են՝ չե՞ն հարձակվում: Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի ուժեղանալ, մենք որևիցե բան չենք հասցնի անել: Էդ խաբկանքը, որ մեզ 70 տարի կերակրել են, թե՝ «եկեք ռուսի պոչը բռնենք», հակառակ դեպքում՝ մեզ թուրքը կուտի, իրականության հետ որևէ կապ չունի։ Էդ ո՞նց պիտի ուժեղանանք»,- արձագանքել է Սիմոնյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այն տրամաբանությամբ շարժվել, որ իր դեմ գլուխ է խոնարհում կամ գայլի բերան է գնում:

«Ես գիտեմ՝ գայլն ով է։ Ես չեմ պատրաստվում թույլ տալ նոր ցեղասպանություններ, ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ ՀՀ պետականությունը վերանա»,- շարունակել է Ալեն Սիմոնյանը:

Մի կողմ թողնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղարը մի քանի անգամ իրար հակասող մտքեր է արտահայտում: Բայց հիմնական ասելիքը և տրամաբանությունն ավելի քան պարզ է:

Այստեղ Ալեն Սիմոնյանը կամա թե ակամա անուղղակի խոստովանում է, որ հայկական բանակը չի կարող այնքան ուժեղանալ, որից հարևանները սպառնալիք զգան: Պարզ է չէ՞, որ խոսքը ոչ Մեծ Հայք դառնալու, ոչ Արևմտյան Հայաստանը ետ բերելու մասին է, և, թերևս, ոչ էլ Արցախը, թեպետ Ալիևը կարող է դեռ նման վախեր ունենալ: Բայց խոսքն առաջին հերթին սրա մասին է՝ եթե հայկական բանակը հզոր լիներ, այսօր չէինք ունենա ՀՀ ինքնիշխան օկուպացված տարածքներ. կամ՝ ներխուժումը հետ կմղվեր անմիջապես, կամ՝ հետո Ադրբեջանի զորքը կհեռացվեր, կամ՝ առնվազն 2021 թվականի ներխուժումներից հետո չէինք ունենա 2022 թվականի սեպտեմբերյան մարտերը և ադրբեջանական զորքը չէր լինի հիմա Ջերմուկի գլխին:

Ի դեպ, Ալիևը ստում է՝ ասելով, թե Ջերմուկը չեն ցանկացել վերցնել, փորձել են, բայց որոշակի դիմադրություն է եղել ուշացած և զգալի կորուստներ են տվել, ու բավարարվել են միայն Ջերմուկի գլխին կանգնելով:

Պաշտպանական տրամաբանությունը սա է ենթադրում, որը, իհարկե, ռազմական առումով իր մեջ պարունակում է հարձակողական և հակահարձակողական տարրեր: Եվ հենց սրանից է, որ ուզում է Բաքուն զրկված տեսնել ՀՀ զինված ուժերին, և հենց այս տրամաբանությամբ բանակ է ուզում տեսնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նախ «մարտունակ բանակ» եզրույթը վերանվանեցին «պաշտպանունակ բանակ», վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են, թե պաշտպանվելու անհրաժեշտություն առանձնապես չկա, և Հայաստանին Ադրբեջանից և Թուրքիայից սպառնալիքներ չկան: Եվ սա՝ արագ փոփոխվող և անվտանգային մարտահրավերներով լի ժամանակակից աշխարհում, որի բաղադրիչ է դարձել էներգետիկ և տնտեսական անվտանգությունը:

Ընդ որում, այս ամենը հաշվի առնելով, այսօր նույնիսկ Ադրբեջանը չի կարող վստահ ասել, որ Թուրքիայից ինչ-որ պահի անվտանգային ռիսկեր չեն լինի, դրա համար է հնարավորինս փորձում  ռազմական և ռազմատեխնիկական որոշակի ինքնուրույնություն ձեռք բերել, այդ թվում՝ նախիջևանյան թևին առնչվող կոնկրետ որոշումներ կայացնելով: Վերջին որոշմամբ, Ալիևը Բաքվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մշտական ներկայացուցչությունը պաշտոնապես լուծարել է:

Ինչևէ, չշեղվենք բուն թեմայից և վերադառնանք Ալեն Սիմոնյանի հայտարարություններին: Երբ նա ասում է՝ ինչի՞ պետք է Թուրքիայի հետ պատերազմենք, մոռանում է, որ Հայաստան-Թուրքիա հայտարարված պատերազմ երբևէ չի եղել, բայց Թուրքիան ուղիղ մասնակցություն է ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմին, ինչը որոշիչ դեր է ունեցել Բաքվի հաղթանակում:

Այս մասին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, այդ թվում՝ երեկվա մեր «Թուրքական «սպեցնազը»՝ 44-օրյա պատերազմում և Շուշիում․ ի՞նչ փաստեր կան տեղաշարժերի և այցերի մասին» վերտառությամբ հոդվածում: 

Իսկ ավելի վաղ գրել ենք, որ Ալիևը որոշել է է՛լ ավելի հզորացնել Նախիջևանի ռազմական ներուժը, եթե Հայաստանի սահմանին այս իրողությունը չպետք է ստիպի առնվազն ունենալ լավ պաշտպանվող բանակ, այդ դեպքում հարց է առաջանալու՝ ինչի՞ է համար է այսօր ՀՀ զինված ուժերը:

Իհարկե, հնարավոր է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ամեն դեպքում, բանակին պատրաստում է հնարավոր ռազմական բախումների սցենարին: Հնարավոր է, թեև, ինչպես վերջերս Փաշինյանն էր խոստովանել, հայ զինվորին ներարկել են, որ խաղաղություն է, դիվերսիաներ չկան, դրա համար էլ դիրքում հանգիստ քնում է: Ավելին, հիմա մտավախություն կա, որ սահմանապահ ուժերի օրինակով դիրքապահ զինվորին զինաթափելու որոշում չկայացնեն՝ հանել զրահաբաճկոններն ու սաղավարտները, ավտոմատները լինեն առանց պահունակի: Եվ ոչինչ, որ Ադրբեջանի սահմանապահ ուժերն իրենց զինվածությամբ չեն տարբերվում բանակի զինվածությունից, առավելևս Ադրբեջանի զինվածությունը տարբերվում է հայկական բանակի զինվածությունից:

Ի դեպ, այսօր Ալեն Սիմոնյանը մի նման ձևակերպում էլ է արել, թե ՀՀ սահմանադրությունը թույլ չի տալիս տարածք հանձնել, բայց փաստ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է մոտ 200 քկմ, և դրանով է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կազմում է 29.743 քկմ:

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Ալեն Սիմոնյանն ունի՞ պատասխան՝ ինչի՞ արդյունքում ենք կորցրել մեր տարածքները, ինչի՞ զինված ուժերը չեն կարողացել կատարել իրենց սահմանադրական պարտականությունը, ո՞վ թույլ չի տվել:

Նշենք նաև, որ հուլիսյան մարտերի օրերին Թուրքիայի ղեկավարությունն անձամբ սպառնացել է պատժել Հայաստանին՝ ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների ոչնչացման համար: Արդյո՞ք Հայաստանին պետք էր պատժել, որն արվեց 44-օրյա պատերազմի ժամանակ: Կրկնում եմ՝ Հայաստան-Թուրքիա հայտարարված պատերազմ չի եղել, անգամ՝ Հայաստան-Ադրբեջան:

Ունի՞ Ալեն Սիմոնյանն այս հարցերի պատասխանը, կարո՞ղ է երաշխավորել, որ ռազմական առումով Հայաստանի «վախը բռնելու» առիթներ չեն ստեղծվելու…

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post