Նոյեմբեր 7, 2026
2025 թվականի հոկտեմբերին «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հայտարարեց Թուրքիայից Իրաքի հյուսիս զինյալների դուրսբերման մասին, իսկ ավելի ուշ հայտարարեց ինքնալուծարման մասին: Սակայն մինչև 2026 թվականի մայիս խաղաղ գործընթացը կանգ առավ, քանի որ Անկարան պնդում էր ամբողջական զինաթափում՝ նախքան իրավական պաշտպանություն տրամադրելը:
Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսին,- գրում է «Corsair LLC»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Դ. Դյուրսոն: Որոշ դիտորդների գնահատմամբ՝ PKK-ի զորացրված մարտիկները կմիանան Իրանում գործող քրդական PJAK խմբավորմանը: PJAK-ը հրաժարվել է զինաթափվել, ինչը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։
Ըստ տեղեկությունների՝ Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիան ունի 2500-10 000 թեթև զինյալ, ուստի ուժեղացումը կարող է կարևոր դեր ունենալ։ Այնուամենայնիվ, այս խմբերն ակնհայտորեն ի վիճակի չեն միայնակ տապալել իրանական ռեժիմը՝ մասամբ ներքին տարաձայնությունների պատճառով։
2025 թվականի հոկտեմբերին PKK-ն հայտարարեց, որ չորս տասնամյակ տևած ռազմական գործողություններից հետո, Անկարայի հետ խաղաղ բանակցությունների շրջանակներում, Թուրքիայից իր մարտիկներին դուրս է բերում Իրաքի հյուսիս։
Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայում PKK-ի բոլոր ուժերը կտեղափոխվեն Իրաքի հյուսիս՝ «բախումներից և սադրանքներից խուսափելու համար»։ Ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսին, կուսակցությունը հայտարարել էր ինքնալուծարման մասին, իսկ հուլիսին զենքի այրման արարողություն էր անցկացրել։ 2025 թվականի վերջին PKK-ն նաև հայտարարել էր, որ իր ուժերը դուրս է բերել Իրաքի հյուսիսում գտնվող սահմանամերձ Զապ շրջանից, և այդ ժամանակից ի վեր խաղաղ գործընթացը դանդաղել է։
2026 թվականի մայիսին Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հակամարտությանը վերջ դնելու Անկարայի փորձերը փակուղի են մտել. երկու կողմերն էլ սպասում են գործողությունների մյուս կողմից, իսկ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը բարդացնում է իրավիճակը։ Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ PKK-ն պետք է ամբողջովին զինաթափվի՝ նախքան նախկին զինյալների պաշտպանության կամ ինտեգրման մասին օրենքների ընդունումը։ PKK-ի ղեկավարները հայտարարել են, որ կուսակցությունը «կատարել է աշխատանքի իր մասը՝ գերազանցելով սպասելիքները»։ 2026 թվականի օգոստոսին «Խաղաղության գործընթացի մասին» օրենքը հրապարակվեց «Պաշտոնական տեղեկագրում» և ուժի մեջ մտավ, ինչը կարևոր քայլ էր առաջ։
Որոշ զորացրված զինյալներ կարող են վերադառնալ Թուրքիա՝ որպես քաղաքացիական անձինք, սակայն մյուսները, հնարավոր է, նախընտրեն շարունակել պայքարը և միանալ Իրանի դեմ արշավին։ Եթե քրդական ուժերը հանդես գան Թեհրանի դեմ, դա կհանգեցնի Իրանի, Իրաքի և Թուրքիայի սահմանի ապակայունացմանը։
Շատ ռիսկեր իր վրա կվերցնի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը։ Բաղդադն ու Էրբիլը նախկինում պայմանավորվել էին զսպել PJAK-ը։ Իրանի կողմից ճնշումը կարող է հանգեցնել Իրաքյան Քրդստանի երկու հիմնական քաղաքական կուսակցությունների՝ ՔԴԿ-ի (Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն) և ՔՀՄ-ի (Քուրդիստանի հայրենասիրական միություն) պառակտմանը, որն ավելի մոտ է Թեհրանին, քան իրանամետ իրաքյան աշխարհազորայինները։
Թեհրանն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել PJAK-ի ու PKK-ի դիրքերին՝ դրանք ներկայացնելով որպես սպառնալիք իր սահմանների համար։ Քուրդ զինյալները ներխուժել են Իրանի տարածք 2026 թվականի մարտին, և Իրանի ներսում հարձակումների վերսկսումը (հատկապես քրդական գերակշռող բնակչություն ունեցող նահանգներում, ինչպիսիք են Արևմտյան Ադրբեջանը, Քրդստանը և Քերմանշահը) կբարձրացնի Իրաքի տարածքում Իրանի հարվածների վերսկսման հավանականությունը, խմբավորումների արտաքսման վերաբերյալ Բաղդադին և Էրբիլին ուղղված դիվանագիտական պահանջները և հնարավոր ցամաքային ներխուժումները։ Իրանի իշխանություններն իրենց արևմտյան սահմանին կայունությունն արդեն կապել են այդ «ահաբեկչական» բազաների վերացման հետ։
Եթե PKK-ի նախկին զինյալները լուրջ հարձակումներ սկսեին Իրանի վրա, Թեհրանը շատ ավելի ծանրակշիռ հիմք կունենար նրանց բազաներին հարվածելու համար։ Բացի ավիահարվածներից և հրթիռակոծություններից՝ Իրանը կարող է դիմել գաղտնի գործողությունների և քուրդ առաջնորդների սպանությունների։
Էրբիլը միաժամանակ փորձում է բավարարել Թուրքիայի պահանջները՝ վերացնելով PKK-ի զինված կազմավորումները, պահպանել Բաղդադի և Վաշինգտոնի դիրքը և կապ պահպանել Իրանի հետ՝ թույլ չտալով Իրանի հարձակումները քրդական տարածքի վրա։ Զինյալների անցումը PKK-ից PJAK կստիպի Էրբիլին բարդ ընտրություն կատարել։
Իր հերթին՝ Բաղդադը փորձում է ավելի խիստ վերահսկողություն հաստատել իրանամետ զինված կազմավորումների նկատմամբ։ Եթե նրանց զինաթափումը ձախողվի, Իրաքի աշխարհազորայինները կարող են դեմ լինել զորացրմանը՝ օգտագործելով Իրաքում PKK-ի շարունակական ներկայությունը՝ որպես իրենց զենքը պահպանելու արդարացում։ Դա կարող է բարդացնել Բաղդադի ջանքերը՝ ամրապնդելու ուժի կիրառման մենաշնորհը, և էլ ավելի թուլացնել ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում։
2026 թվականի սեպտեմբերյան համաձայնագրի համաձայն՝ Իրաքը համաձայնել է ընդլայնել պետության լիազորությունները Սինջարում և դուրս բերել օտարերկրյա զինված կազմավորումները, իսկ Թուրքիան կարող է զորքերի դուրսբերումը սկսել Բաշիքայի իր բազայից։ PKK-ի ակտիվացումը կխաթարի այդ պայմանավորվածությունը։ PJAK-ը կարող է նաև հանգեցնել այն բանին, որ Թուրքիան, որի ազդեցությունն Իրաքում աճում է, քանի որ Իրանը թուլանում է, PKK-ի դեմ պայքարը վեր դասի Բաղդադի հանդեպ իր պարտավորություններից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է համաձայնագրով Բաշիքայի բազայի աստիճանական փոխանցմանը։ Նման միտումը կարող է հանգեցնել այն բանին, որ իրաքա-թուրքական հարաբերությունները կրկին կառուցվեն անվտանգության հարցերի շուրջ։
Անկարայի խաղաղ գործընթացը PKK-ի հետ սպառնալիքի տակ է հայտնվելու։ Թուրքիան կարող է հայտարարել, որ կուսակցությունն այդպես էլ ամբողջությամբ չի զինաթափվել, և վերսկսել հարվածներն Իրաքի հյուսիսում։ Թուրքիան պատմականորեն և PKK-ն, և PJAK-ը դիտարկել է որպես սպառնալիք, չնայած այն բանին, որ PJAK-ը կռվում է Իրանի, այլ ոչ թե Թուրքիայի դեմ, բայց Անկարայի շահերը փոխվում են։ Ներկայումս Թուրքիան փորձում է վերջ դնել PKK-ի հետ հակամարտությանը՝ միաժամանակ ընդլայնելով ռազմավարական և տնտեսական կապերը Բաղդադի և Էրբիլի հետ։
Reuters գործակալությունը մարտին հայտնել էր, որ Թուրքիան արդեն ուշադիր հետևում է PJAK-ի գործունեությանը՝ Իրանի դեմ իր գործողությունների հետ կապված մտավախությունների պատճառով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ուղղակիորեն հայտարարել է, որ PJAK-ի գործունեությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը։ Այսպիսով՝ Անկարան կարող է հայտնվել անսովոր իրավիճակում՝ համագործակցելով Իրանի հետ PKK-ի նախկին զինյալների դեմ, չնայած Թեհրանի հետ նրա հարաբերությունները («համագործակցության մրցակցություն») շարունակում են բարդ մնալ։ Նրանք մրցակցում են Իրաքում, Սիրիայում ու Կովկասում և աջակցում են հակամարտող կողմերին այնպիսի հակամարտություններում, ինչպիսիք են Լիբիայում և Եմենում, բայց նրանց միավորում է քրդական զինված կազմավորումների ուժեղացումը թույլ չտալը։ PKK-ի հետ խաղաղ գործընթացը կարող է հանգեցնել Թուրքիայի և Իրանի ավելի սերտ համագործակցության ապստամբների դեմ պայքարում, եթե նախկին զինյալները տեղափոխվեն իրանական տարածք։ Նման արդյունքը տագնապ կհաղորդի Իսրայելին և Վաշինգտոնին կմղի «ինչ-որ բան ձեռնարկելու»։
Իրանը կբախվի ավելի կազմակերպված քրդական ապստամբական շարժման։ PJAK-ը պատմականորեն զգալիորեն ավելի փոքր և թույլ է եղել, քան PKK-ն, բայց PKK-ից փորձառու հրամանատարների, մարտիկների և օժանդակ անձնակազմի ներհոսքը կարող է բարձրացնել PJAK-ի արդյունավետությունը և հնարավորություն տալ նրան մուտք գործել Հյուսիսային Իրաքի PKK-ի թունելներ, թաքստոցներ և մատակարարման ցանցեր, ինչպես նաև, հնարավոր է, ավելի մեծ հնարավորություններ ստեղծել մարտիկներին իրանա-իրաքյան սահմանով տեղափոխելու համար, ինչը կփոխի ոչ միայն PJAK-ի դիրքերը։
Եթե Իրանը միաժամանակ բախվի քաղաքային զանգվածային անկարգությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պառակտման, տնտեսական ճգնաժամի, Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից ռազմական ճնշման վերսկսման, հարավ-արևելքում բելուջների ապստամբության և հյուսիս-արևմուտքում քրդերի ապստամբության, ապա PJAK-ին միացած PKK-ի փորձառու կադրերը կարող են զգալի դեր խաղալ։ Ի պատասխան՝ Իրանը կարող է խստացնել միջոցառումները տեղի քրդերի նկատմամբ և ընդդիմությանը ներկայացնել որպես դրսից աջակցվող անջատողական շարժում։
Սեպտեմբերին Իրանում քուրդ զինյալների ակտիվությունն աճել է. թեման շարունակում է ACLED մոնիթորինգային կայքը։ Սեպտեմբերի 8-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիրանշեհր քաղաքում «Բասիջի» հետ կապված սուննի հոգևորականի սպանությունը հերթականն է դարձել Իրանի քրդական շրջաններում ենթադրյալ տեղեկատուների և տեղի ուժայինների դեմ նպատակային հարձակումների շարքում։ Մայիսից ի վեր 10 նման միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ. նախորդ տասնամյակում գրանցվել էր ընդամենը 15 նման դեպք։
Կարևոր է նաև, թե ով է հայտարարում այդ սպանությունների մասին։ «Քրդստանի հայրենասեր երիտասարդները» և «Քրդստանի նահատակների վրեժխնդրության ջոկատները» դարձել են PJAK-ի և «Քրդստանի ազատագրման հանրապետական շարժման» հետ կապված մեդիահամակարգի նշանավոր դեմքեր, չնայած նրանց ճշգրիտ կապը PJAK-ի հետ մնում է անհասկանալի։
Տեղական ուժերի մասին «Քրդստանի նահատակների վրեժխնդրության ջոկատների» հայտարարությունների հետ մեկտեղ՝ դրանց ի հայտ գալը կարող է վկայել այն մասին, որ Իրանի ներսում PJAK-ի հետ կապված ցանցերն ավելի ակտիվ են դառնում։ «Խորի Խիվայի» («Քրդստանի հայրենասեր երիտասարդությունը») ինքնությունն ու պատկանելությունը մնում են անհասկանալի, սակայն նրանց որոշ հայտարարություններ արձագանքում են «Քրդստանի նահատակների վրեժխնդրության ջոկատների» կամ «Քրդստանի ազատ կյանքի կուսակցության» ուղեծրի այլ մասնակիցների հայտարարություններին։
Քրդական ընդդիմության մրցակցային միջավայրում այս համընկնող հավակնությունները կարող են արտացոլել ավելի մեծ պայքար՝ ցույց տալու համար, թե ով է պահպանում օպերատիվ վերահսկողությունն Իրանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այս թիրախները ցույց են տալիս զուգահեռ պայքար տեղական հետախուզության վերահսկողության համար։ Մի քանի զոհերի մեղադրանք է առաջադրվել գրոհայիններին հայտնաբերելու կամ անվտանգության ուժերին տեղեկություններ փոխանցելու համար։ Օգոստոսին Հոսեյն Թաեբին հանձնարարվել էր ընդլայնել «Բասիջ» «ժողովրդական հետախուզական ցանցը», այդ թվում՝ թաղամասերի և մզկիթների մակարդակով մոնիտորինգի միջոցով։
Թեհրանն այժմ վերահսկում է «Բասիջ» ազգային հետախուզական ցանցը։ Այս ցանցերի թուլացումը կարող է ընդհատակյա քրդական խմբավորումներին գործողությունների ավելի մեծ հնարավորություն տալ, իսկ տեղական հետախուզության նկատմամբ վերահսկողությունը դառնում է ավելի կարևոր գործոն՝ Իրանի քրդական շրջաններում ապստամբների ազդեցության և պետության կողմից զսպման միջև հավասարակշռությունը պահպանելու համար։
Դ. Դյուրսոյի գնահատմամբ՝ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի Իրանի դեմ քրդական խմբավորումների օգտագործման և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների խզման միջև։ Թեհրանի նկատմամբ վաղեմի դժգոհությունները և Իսրայելի կողմից ճնշումները, հավանաբար, կստիպեն Վաշինգտոնին անտեսել Անկարայի մտահոգությունները։
Reuters գործակալությունը 2026 թվականի մարտին հայտնել էր, որ Իրաքի հյուսիսում խրամատված քրդական խմբավորումներն ԱՄՆ-ի հետ քննարկել են Իրանի դեմ ռազմական գործողությունները, այդ թվում՝ ԱՄՆ-Իսրայել դիմակայության ընթացքում Իրանի արևմուտքում իրանական անվտանգության ուժերի վրա հարձակումները։ Քրդերը լավ են հիշում, որ 1991 թվականի փետրվարին նախագահ Ջ. Բուշ ավագը կոչ արեց Իրաքի ժողովրդին՝ «գործն իրենց ձեռքը վերցնել և բռնապետ Սադամ Հուսեյնին ստիպել հրաժարական տալ», սակայն չպաշտպանեց դրան հաջորդած ապստամբությունը, որն ավարտվեց զանգվածային սպանություններով և Իրանում ու Թուրքիայում ավելի քան 1 միլիոն փախստականների (մեծ մասը՝ քրդերի) հայտնվելով։
PJAK-ի նախորդ գրոհները ժամանակի առումով համընկնում էին արևմտյան նահանգներում Իրանի բռնաճնշումների, ինչպես նաև փախստականների և զինյալների հոսքերի հետ։ Դա հղի է տարածաշրջանային լարվածության մեծացմամբ, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա Իրաքյան Քրդստանի և իրանա-իրաքյան սահմանի քաղաքացիական բնակչության վրա։
Ալեքսանդր Գրիգորև
vpoanalytics.com
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—