Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հ

Նոյեմբեր 7, 2026

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է Երևանը ձգտում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ այս պահին, ինչո՞ւ չի հզորանում և միայն դրանից հետո հարևաններին բարեկամություն ու համագործակցություն առաջարկում։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը, սակայն հարևանների հետ հարաբերությունները չպետք է կառուցի բացառապես պատերազմի սպասումով։ Նոր պատերազմներ թույլ չտալու և պետականությունը պահպանելու համար անհրաժեշտ է ձգտել խաղաղության Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

«Ես ձեզ հետ համաձայն չեմ, այդ մտածելակերպով մենք շարժվել ենք, ու դա բերել է մի բուռ Հայաստան։ Ո՞վ է ասել, թե մենք պետք է լավ հարևան լինենք թուրքերի կամ ադրբեջանցիների համար, իսկ նրանք պետք է նստեն ու սպասեն, մինչև մենք մեծանանք, դառնանք Մեծ Հայք, հարձակվենք իրենց վրա ու ուտենք իրենց։ Առհասարակ, ինչո՞ւ պետք է մտածենք այդ տրամաբանությամբ։

Ես կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումն այնքան ցավոտ լինի, որ հակառակորդն անգամ դրան գնալու կարիք չունենա։ Բայց եթե ավելի խորը նայենք, կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ միմյանց դեմ պատերազմելու առիթ ընդհանրապես չլինի։ Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի ուժեղանալ, մենք ընդհանրապես ոչինչ չենք հասցնի անել»,- ի պատասխան համաժողովի մասնակիցներից մեկի հարցի՝ հայտնել է Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

  • Հայաստանի «զինաթափվող» անվտանգությունը՝ Նախիջևանի հզորացող ռազմական ներուժի դիմաց․ ո՞ւր են տանում ԱԽ քարտուղարի հաշվարկները
  • Ինչպե՞ս են պատրաստվում ծախսել քաղաքացու գրպանի փողը. իրենց՝ ամեն ինչ, ժողովրդին՝ ոչինչ
  • Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը հավերժ չէ, ամեն պահի կարող է փոխվել, ականներ է դնում. ընդդիմությանը պետք է «Կոնսենսուս +1». Հակոբ Բադալյան

Ըստ նրա՝ խաբկանքը, թե հային 70 տարի խաբել են, թե՝ «եկեք ռուսի պոչը բռնենք», որովհետև հակառակ դեպքում թուրքը կուտի, իրականության հետ որևէ կապ չունի։ Ռուսաստանի բանակն էր, որ աշխարհում երկրորդն էր, Ուկրաինայի երաշխավորն էր։

«Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպես պետք է ուժեղանանք մենք, դուք ինչ եք արել այդ հզորանալու համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի բնակչությունը չի ավելացել, մինչդեռ Ադրբեջանի բնակչությունը հասել է մոտ 10 միլիոնի։ Սրա համար առնվազն ես չեմ մեղավոր, որովհետև հիմա ես փորձում եմ դա ուղղել, այդ ուղղությամբ աշխատում եմ։ Մեղավոր է մեր տրամաբանությունը։ Ես գիտեմ, որ մեզ համար շատ ծանր օր է ապրիլի 24-ը. բոլորս գնում ու գլուխ ենք խոնարհում Ցեղասպանության ժամանակ զոհվածների հիշատակի առաջ։

Մենք այստեղ քաղաքական դիսկուրս ունենք, չէ՞․ բոլորս քաղաքականությունից հասկանում ենք, բոլորս գիտենք՝ կորոնավիրուսի ժամանակ ինչ պետք է անենք և այլն։ Եկեք առաջարկեմ՝ մի վարժություն միասին անենք։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ԽՍՀՄ ղեկավարությունը 1960-ականներին թույլ տվեց, որ մենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կառուցեինք։ Ես ունեմ դրա պատասխանը, որովհետև դրա նպատակն այն է եղել, որ մենք մշտապես նայենք, ամեն օր գնանք ու հիշենք, որ եթե չլինի ռուս եղբայրը, ապա կգան և նոր ցեղասպանություն կանեն։

Ես չեմ պատրաստվում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այն տրամաբանությամբ շարժվել, որ ես իր դեմ գլուխ եմ խոնարհում կամ գայլի բերան եմ գնում, ես գիտեմ՝ գայլն ով է։ Ես չեմ պատրաստվում թույլ տալ նոր ցեղասպանություններ, ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ ՀՀ պետականությունը վերանա»,- հավելել է Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի օրինակը՝ նշելով, որ այդ երկու երկրները բազմադարյա դիմակայությունից հետո կարողացել են դաշնակիցներ դառնալ։ Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես պետք է ձգտի հաջորդ սերունդներին թողնել խաղաղ ապագա, այլ ոչ թե անվերջ պատերազմների ժառանգություն։

«Ես ուզում եմ, որ մենք մեր երեխաներին որպես ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե հզորանալու և հետո գնալու ու սպանելու կոչեր։ Պետք է հրաժարվել այն պատկերացումից, թե այլ երկրներ մշտապես մտածում են Հայաստանի և նրա խնդիրների մասին։ Պետությունը պետք է իրատեսորեն գնահատի իր տեղն աշխարհում և հարևանների հետ հարաբերությունները կառուցի՝ ելնելով սեփական երկարաժամկետ շահերից։

Ձեզ թվում է, թե ամբողջ աշխարհը նստած մտածում է հայկական աչքերի, «Ջերմուկի», ծիրանի ու մեր դուդուկի մասի՞ն։ Պետք է սթափվել։ Ինչո՞ւ ենք մեզ համոզում, թե միջին վիճակագրական ֆրանսիացին, ավստրալացին կամ ավստրիացին թողել է իր բոլոր խնդիրներն ու մտածում է հայերի մասին»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Karakhanian Suren. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/08/%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82%d5%a6%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b9/

Leave a Reply